«Կարգալույծ էղած կաթողիկոսը ինձ չի կարա կարգալույծ անի», - Հովհաննավանքի նախկին քահանա Տեր Արամն էր բղավում վանքի բակում ճիշտ նույն նախադասությունը, որ երեկ խորհրդարանական ամբիոնից Նիկոլ Փաշինյանն էր հնչեցնում:
«Կաթողիկոսը չի կարա կին ու էրեխեք ունենա, նկարները ունեմ, ապրելու տեղը ունեմ, դե կտենաս». - մթնոլորտն այստեղ շիկացած էր կեսօրից հետո, պսակադրության արարողություն պիտի լիներ, ո՞վ է ծեսն անելու՝ Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի կողմից կարգալույծ հռչակված Տեր Արա՞մը ՝ Ստեփան Ասատրյանը, թե՞ գործող քահանան՝ Տեր Սարգիսը:
«Ժողովուրդ, հեսա զույգը կգա, իրենք կորոշեն», - ասաց Տեր Սարգիսը:
Հարսանքավորները եկան, և կար տպավորություն, որ առանձնապես կողմնորոշված չեն, հետո Տեր Սարգսից «Ազատություն»-ը տեղեկացավ՝ պսակի վկայական տալ կարգալույծ քահանան չի կարող. - «Ես եմ պատրաստվում պսակադրությունը կատարելու, իրենք էդպես ուզեցին, ընդունեցին»:
«Հեսա զանգերը կհնչեցնի, դուք կգաք», - ասաց քահանան հարսանքավորներին:
Շարունակությունը բոլորովին էլ գեղեցիկ չէր. կարգալույծ Տեր Արամը նույնպես Հովհաննավանքում էր՝ շրջապատված համակիրներով, նրանք ի սկզբանե էին ագրեսիվ տրամադրված և է՛լ ավելի զայրացան, երբ տարածք եկան Արագածոտնի թեմի մի քանի հոգևորականներ:
«Էս եկեղեցին բոլորինս ա, մեր գյուղի եկեղեցին ա, մենք իրավունք ունենք պաշտպանենք ... Բոլորինն ա, իհարկե, բայց մեր քահանան Տեր Արամն ա լինելու», - հայտարարեց մի կին:
«Ապրես, էս Աստծո դուռ ա, կռիվ անել պետք չի, մենք չենք եկել կռիվ անելու», - Տեր Մանուկը հանդարտեցրեց, ապա մյուս հոգևորականների հետ նախկին քահանային ներկայացրեցին դիվանապետի ծանուցումը, ըստ որի՝ նա պիտի հեռանա. - «Դուք պետք է ժամը 15:00-ին հանձնեիք ... »:
«Ո՞վ ա ասում», - հարցրեց Տեր Արամը:
«Ծանուցագրի մեջ ներկայացված է», - արձագանքեցին Արագածոտնի թեմի հոգևորականները:
«Չեմ ընդունում էդ ծանուցագիրը, չեմ ընդունում ... չենք հանձնում», - հակադարձեց Տեր Արամը:
Տեր Արամը՝ աշխարհիկ անունով Ստեփան Ասատրյանը, արդեն հայտարարել էր, որ վանքը լքել չի պատրաստվում, այլ պատրաստվում է կիրակի մեծ պատարագի, չի ընդունում Կարգապահականի որոշումը, սատարում է Փաշինյանի հակակաթողիկոսական արշավը: Թեմի հոգևորականներից
Հայր Շնորհք աբեղա Պալոյանը բացատրում էր՝ ծեսեր անելու իրավունք չունի. - «Որպես քահանա չեք կարող լինել այնտեղ, որտեղ պատշաճ է քահանաներին լինելու, այսինքն՝ խորանի վրա, ատյանում, դասերում և ավանդատներում: Մնացածը Ձեր գործն է»:
«Հայր Շնորհք, ո՞վ ա Ձեզ ասել, որ ինձ փոխանցեք», - հարցրեց Տեր Արամը;
«Ի՞նչ ա նշանակում՝ ո՞վ է ասել, եղբայր», - ասաց աբեղան:
«Ես հարց եմ տալիս Ձեզ, ո՞ւմ ասածն ենք փոխանցում, Դիվանատա՞ն: Ես ասում եմ՝ չեմ ընդունում սա, ով տվել ա, տարել հետ տվեք իրեն», - ասաց Տեր Արամը:
«Խնդրում եմ, հարգեք և մի ասեք», - նշեց Հայր Շնորհքը:
«Ես էդ կառույցը չեմ հարգում, ով որ էս թուղթը ուղարկել ա», - հայտարարեց Տեր Արամը:
«Մենք վերջացրեցինք մեր խոսակցությունը», - ասաց աբեղան: «Դե որ վերջացրեցիք, գնացեք էստեղից», - ասաց Տեր Արամը:
Նրան միացան շուրջ երկու տասնյակ աջակիցներ՝ «դավա՛յ, գնացե՛ք ստեղից» խոսքերով թեմի հոգևորականներին հրահանգեցին հեռանալ:
Ստեփան Ասատրյանի՝ նախկին քահանայի աջակիցները հայհոյանքներով, սպառնալիքներով հասան լրագրողներին. թե՝ «խանգարում եք պսակադրությանը»:
Այդ արարողությունը վանքի ներսում էր, ոչ մի լրագրող ծեսին չէր հետևում, փոխարենը՝ այդ ագրեսիվ հարձակման ձայներն էին արարողության մասնակիցներին հասել:
Մի քանի օր է՝ Հովհաննավանքի տարածքում ոստիկանական հսկողություն է, այսօր, երբ ոստիկանների պաշտպանության կարիքն ունեինք, միջամտություն չկար, և ընդհանրապես, նույնիսկ ակտիվ սեռական հայհոյանքներ հնչեցնող տղամարդուն կամ մեր նկարահանումը քաշքշոցներով արգելող երիտասարդներին իրավապահները չլռեցրին ու չխանգարեցին:
«Շատ ենք խնդրում՝ դուրս եկեք, մենք հետո կտեղեկացնենք ձեզ որոշակի տվյալներ: Այո, որոշակի քննարկում ունենք ընտանեկան, ուզում ենք, որ հանրությունից ծածուկ լինի: Ներողություն ենք խնդրում, ամենայն հարգանքով ձեր նկատմամբ». - պսակադրության ավարտից հետո կարգալույծ քահանան իր խմբի հետ ներս մտավ «ընտանեկան քննարկման», - այդպես ասացին:
«Սրանք բոլորը աղոթող մարդիկ են: Մենք ձեզ դրսում կմոտենանք, հա՞, խնդրում են ձեզ», - ասաց Տեր Արամը: