Բոլոր օրինական ճանապարհներն օգտագործվելու են առաջիկա կիրակի՝ հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում հոգևոր-աղոթական կյանքը վերականգնելու և եկեղեցում ծառայող օրինավոր քահանայի կողմից Սուրբ Պատարագ մատուցելու համար, «Ազատությանը» հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Հովհաննավանքի կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամը նախօրեին հրաժարվեց դուրս գալ Հովհաննավանքից՝ ասելով. «Կարգալույծ էղած կաթողիկոսը ինձ չի կարա կարգալույծ անի»:
Տեր Արամը՝ աշխարհիկ անունով Ստեփան Ասատրյանը, հայտարարել էր, որ պատրաստվում է կիրակի մեծ պատարագի, չի ընդունում Կարգապահականի որոշումը, սատարում է Փաշինյանի հակակաթողիկոսական արշավը:
ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհուրդն ավելի ուշ հանդես է եկել հայտարարությամբ՝ հորդորելով իրավապահ մարմիններին կանխել ապօրինությունները և ապահովել Հովհաննավանքում սպասավորող քահանաների բնականոն ծառայությունը և սրբավայրի հոգևոր-աղոթական մթնոլորտը։
Հոկտեմբերի 21-ին է Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբը կարգալույծ արել նրան։
Կարգալույծ հռչակված քահանան սեպտեմբերին հրապարակային քննադատել էր եկեղեցական բարքերը, դրանք անվանել զազրելի, խոսել հոգևոր վերնախավի ճնշումների ու Սուրբ Գրքի եկեղեցական կանոնների խախտումների մասին։