Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ։
Կառավարության լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ Մակրոնը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացումը և վերահաստատել Ֆրանսիայի աջակցությունը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման և կայունության ապահովման։
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ ընդգծելով, որ 2024 թվականը խիստ դինամիկ է եղել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների առումով. երկու երկրների ղեկավարների և գերատեսչությունների միջև տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, պահպանվում են կանոնավոր շփումներ, և այսօր Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունները հասել են նոր մակարդակի։
Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման մի շարք հարցեր, այդ թվում՝ տնտեսության, ենթակառուցվածքների, ճանապարհաշինության, էներգետիկայի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, սահմանազատման ուղղությամբ ընթացող զարգացումներին, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Քննարկվել են նաև տարածաշրջանային նշանակության մի շարք այլ հարցեր։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման հեռանկարների, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի շարունակական առաջմղման վերաբերյալ, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով է Փարիզում, որտեղ մասնակցելու է Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին: