Թուրքիայի նախագահի գլխավոր մրցակցի՝ Էքրեմ Իմամօղլուի բանտում հայտնվելը դարձավ այդ երկրում վերջին տասնամյակի ամենամեծ բողոքի ցույցերի պատճառը։
Վեցերորդ օրն է իրադրությունը չի հանդարտվում։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործում, ջրի շիթեր ուղղում հազարավոր ցուցարարների ուղղությամբ, պղպեղի սփրեյներ տարածում աջ ու ձախ։
Բողոքավորներից 1 133 հոգու ոստիկանությունը ձերբակալել է, տասը լրագրողների են այսօր առավոտյան տներից տարել, Թուրքիայի լրագրողների միությունը հայտարարել է՝ նրանք լուսաբանում էին բողոքի ցույցերը։ Երկրի ներքին գործերի նախարարը հայտնել է՝ 123 ոստիկան է տուժել բախումների ժամանակ։
Հանգստյան օրերին մթնոլորտն է՛լ ավելի շիկացավ՝ կիրակի օրը կալանավորվեց դեռ մարտի 19-ին կոռուպցիոն ու ահաբեկչական կապերի մեղադրանքներով ձերբակալված Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը։
Նրան նաև պաշտոնից հեռացրին։ Իսկ նրա կուսակցությունը՝ ամենախոշոր ընդդիմադիր ուժը՝ Ժողովրդա-հանրապետականը, նույն օրը նախնական հարցումների միջոցով հենց Իմամօղլուին առաջադրեց որպես նախագահի թեկնածուի։ Որ հենց նա էր թեկնածուն, գաղտնիք չէր, նրա համախոհները վստահ են՝ մեղադրանքները կեղծ են՝ ազդեցիկ գործչին նախագահ Էրդողանը ուզում է չեզոքացնել։ Բարիս Սելիլը քաղաքապետարանում է աշխատում, վստահ է՝ Իմամօղլուի կալանքը թափ է հաղորդելու ընդդիմադիր պայքարին։ Ստամբուլում կուսակցական փրայմըրիզի ժամանակ մեծ հերթեր էին՝ կալանավորված գործչին ձայն տալու համար։
«Իհարկե նրան հատուկ են կալանավորել ։ Ընտրությունների ժամկետը մոտենում է՝ դիտմամբ արեցին։ Իշխանությունը վախեցած է, չգիտեին ինչ անել։ Իսկ այս քայլով նրանք իրենց իսկ ոտքին կրակեցին․ դեռ չեն գիտակցում», - ասում է Սելիլը։
Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետականի առաջնորդ Օզգուր Օզելը երեկ երեկոյան ասել է՝ ավելի քան 15 միլիոն մարդ է քվեարկել Ստամբուլում․ - «Ստամբուլի քաղաքապետին Սիլիվրի բանտ ուղարկելը այն պահին, երբ Թուրքիան պատրաստվում էր նախնական ընտրության փուլում նրա օգտին քվեարկել, Թուրքիայի նախագահը սրանով ձեռնոց է նետում ոչ միայն Իմամօղլուին, այլև միլիոնավոր մարդկանց․ սա հեղաշրջման փորձ է»։
Ընդդիմադիր առաջնորդը Էրդողանից պահանջում է 2028-ին չսպասել, արտահերթ ընտրություններ անցկացնել և մրցապայքարի մեջ մտել Իմամօղլուի հետ։ Թուրքիայի առաջնորդը նահանջի նշաններ ցույց չի տալիս, Ռամադանի ընթրիքից հետո ելույթ է ունեցել, շեշտել՝ քաոս թույլ չեն տալու։
«Մենք անշուշտ թույլ չենք տա, որ Ժողովրդա-հանրապետականն ու նրա կամակատարները սադրանքներով խաթարեն հասարակական կարգը, չենք հանդուրժի վիրահատական միջամտություններ Թուրքիայում, չենք հանդուրժի, որ 85 միլիոն մարդկանց միջև տարաձայնությունների պատեր լինեն», - հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։
Կալանավորված ընդդիմադիրը բանտից ողջունել է իր աջակիցներին։ «Տասնյակ միլիոնավոր մարդիկ, որ տառապում են իշխանական ճնշումներից, ապօրինություններից, քվեարկեցին ու Էրդողանին ասացին՝ բավական է», - գրել է Իմամօղլուն X-ի էջում։
Թուրքիայի ընդդիմադիրները կասկած չունեն՝ Իմամօղլուն նախագահական ճանապարհին է.
«Նրա աջակցությունն ավելի է մեծանալու, բանտախցում նստելու փոխարեն, նա գնում է նախագահական ճանապարհով, ինչու է աջակցությունը մեծանալո՞ւ ․․․ որովհետև այդ մարդը հանցագործ չէ։ Գիտեք՝ նախկինում Էրդողանն էլ է բանտ նստել, երեք ամսով։ Իմամօղլուն այդ ճամփին է»։
«Իմամօղլուն վերցրել է Ստամբուլը, իսկ ով Ստամբուլը գրավում է, գրավում է Թուրքիան։ Միշտ է այդպես եղել։ Այս մեղադրանքների նպատակը Իմամօղլուին թուլացնելն է, հաղթելը նրան»։
«Չեմ հավատում, որ Թուրքիայում արդարություն կա, չկա այդպիսի բան, չեմ հավատում, նույնիսկ երկրից գնալու մասին եմ մտածում։ Այստեղ չեմ ուզում ապրել։ Հրաշալի երկիր ունենք, բայց մարդիկ կործանում են այն»։
Թուրքիայի իշխանությունը պնդում է՝ քաղաքականության մասին խոսք չկա, Իմամօղլուին կդատեն, իրենց ձևակերպմամբ, անկախ արդար դատարանում։ Իշխանական լրատվամիջոցներն այսօր նաև տեսանյութեր են տարածել ,թե ցուցարարներն աղտոտում են տարածքը, վնասներ կան նույնիսկ։ Ստամբուլի Սարաչխանեի շրջանի ղեկավարն է շրջել հավաքի անցկացման վայրում՝ հարակից մզկիթում ու գերեզմանոցում, պնդում են, թե շիրմաքարեր են վնասել, միզել մզկիթում ու էլի բաներ։