Մատչելիության հղումներ

Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուն ձերբակալվել է


Թուրքիա - Ի պաշտպանություն Էքրեմ Իմամօղլուի բողոքի ցույցը Ստամբուլում, 19-ը մարտի, 2025թ․
Թուրքիա - Ի պաշտպանություն Էքրեմ Իմամօղլուի բողոքի ցույցը Ստամբուլում, 19-ը մարտի, 2025թ․

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ճաղերի հետևում է։ Թուրքական ընդդիմության ամենամեծ ժողովրդականություն վայելող գործչին ձերբակալեցին այսօր վաղ առավոտյան՝ փողերի լվացման, անօրինական եկամուտ ստանալու և ֆինանսական միջոցների ստվերային հոսքին առնչություն ունենալու կասկածանքով։

Թուրքական դատախազությունը պնդում է, որ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը գործարարներից կաշառքներ էր ստացել, որոնք հետագայում փոխանցվել էին Իմամօղլուի վերահսկողության տակ գտնվող ընկերություններին՝ մասնավորաբար շինարարական ֆիրմաներին։

Իմամօղլուի տանն իրականացված խուզարկությանը զուգահեռ, ոստիկանները մուտք էին գործել նաև Ստամբուլի քաղաքապետարան։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս գործով ձերբակալվածների ընդհանուր թիվն այս պահին հասնում է հարյուրի։

Ստամբուլի քաղաքապետի կինը՝ Դիլեկ Իմամօղլուն, սակայն, վստահ է՝ իր ամուսնու հետապնդումը զուտ քաղաքական է, ներկայացվող մեղադրանքներն էլ որևէ հիմք չունեն։

«Պնդումները, թե իմ ամուսինը առնչություններ ունի քրեական կամ նույնիսկ ահաբեկչական կազմակերպությունների հետ, ուղղակի ծիծաղելի են։ Դա ուղղակի անհնարին է։ Արդեն 20 օր է ինչ սոցիալական ցանցերում իմ մի խումբ մարդիկ ամուսնուս մասին սուտ տեղեկություններ են տարածում։ Ես, սակայն, վստահ եմ՝ իրականությունն ի վերջո բացահայտվելու է», - ասել է Իմամօղլուի կինը։

Իմամօղլուի շուրջ վերջին զարգացումները, այդուհանդերձ, այնքան էլ անսպասելի չէին։ Վերջին օրերին իշխանամետ մամուլն ու սոցցանցերի էրդողանական հատվածը հակաքարոզչական արշավ էին նախաձեռնել Ստամբուլի քաղաքապետի դեմ։ Ներկայացվող մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ նրա՝ 1990 թվականին Ստամբուլի համալսարանից ստացած դիպլոմը կեղծ է։ Երեկ երեկոյան Ստամբուլի համալսարանը չեղարկեց Իմամօղլուի դիպլոմը՝ հայտարարելով, թե այն խախտումներով է տրվել։

Ստամբուլի քաղաքապետի թիմակիցները՝ Թուրքիայի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ Ժողովրդա-հանրապետականի անդամները համոզված են՝ տեղի ունեցողը հեղաշրջում է, որի նպատակը 2028 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր ամենաուժեղ թեկնածուին շարքից հանելն է։

«Սա ոչ թե Իմամօղլուի համալսարանական դիպլոմի, այլ Թուրքիայի Սահմանադրության չեղարկումն է։ Որևէ մեկն այլևս որևէ երաշխիք չունի։ Դիպլոմ, փաստաթուղթ, բանկի հաշվեհամար՝ որևէ բան այլևս երաշխիք չէ։ Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, հեղաշրջման փորձ է։ Եթե նախկինում Թուրքիայում դասական հեղաշրջումներ էին տեղի ունենում, ապա այսօրվանը կանխարգելիչ հեղաշրջում էր, որի ընթացքում թիրախավորվեց երկրի ապագա նախագահը», - այսօր նշում էր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզյուր Օզելը։

Ընդդիմադիր գործչի այս հայտարարությունը չափազանցություն չէ։ Փետրվարի վերջին անցկացված հարցումները վկայում են, որ եթե ընտրությունները հիմա կազմակերպվեին, ապա առաջին փուլում առավելագույն թվով քվեներ կստանային գործող նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանն ու Էքրեմ Իմամօղլուն։ Երկրորդ փուլում, սակայն, Էրդողանը հաղթելու որևէ շանս չէր ունենա՝ նրա օգտին պատրաստ է քվեարկել թուրք ընտրողների 42, իսկ Ստամբուլի քաղաքապետի օգտին՝ գրեթե 58 տոկոսը։

Իմամօղլուի ձերբակալությունից անմիջապես հետո նրա կողմնակիցները սկսեցին հավաքվել Ստամբուլի քաղաքապետարանի մոտ՝ վանկարկելով․ - «Օրը կգա, և «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը պատասխան կտա»։

Թուրքական իշխանություններն առայժմ փորձում են կանխել ընդդիմության աջակիցների բողոքի ակցիաների տարածումը։ Նախագահ Էրդողանի կողմից նշանակված Ստամբուլի նահանգապետը հրահանգել է մինչև մարտի 23-ը քաղաքում և դրան հարող բոլոր շրջաններում արգելել ցույցերն ու հանրահավաքները, ինչպես նաև փակել քաղաքի կենտրոնում գտնվող մետրոյի կայարաններից մի քանիսը՝ ցուցարարների հոսքը կանխելու նպատակով։


XS
SM
MD
LG