«Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը շատ վատ նշան է», - այսօր հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։
Նրա խոսքով՝ Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունը չի կարող ազդեցություն չթողնել Թուրքիայի և ԵՄ հարաբերությունների վրա։
«Նման առաջատար ընդդիմադիր գործչի ձերբակալությունը ծանր բեռ է թե՛ թուրքական ժողովրդավարության, թե՛ Եվրոպայի և Թուրքիայի հարաբերությունների համար», - նշել է պաշտոնավարումն ավարտող Շոլցը։
Թուրքական ընդդիմության ամենամեծ ժողովրդականություն վայելող գործիչը ձերբակալվել է մարտի 19-ին վաղ առավոտյան՝ փողերի լվացման, անօրինական եկամուտ ստանալու և ֆինանսական միջոցների ստվերային հոսքին առնչություն ունենալու կասկածանքով։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս գործով ձերբակալվածների ընդհանուր թիվը հասնում է հարյուրի։