Մատչելիության հղումներ

Արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, բախումներ ոստիկանության հետ․ իրավիճակը Թուրքիայում չի հանդարտվում


Արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, բախումներ ոստիկանության հետ․ երրորդ օրն է՝ իրավիճակը Թուրքիայում չի հանդարտվում՝ նախագահ էրդողանի հիմնական մրցակից, Ստամբուլի քաղաքապետ էքրիմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո։ Իշխանություններն արգելել են հանրահավաքները, փակել գլխավոր հրապարակներն ու երկրով մեկ հավելյալ ոստիկանական ուժեր տեղակայել, սակայն հազարավոր մարդիկ շարունակում են դուրս գալ փողոցներ։

Երկրի երրորդ ամենամեծ քաղաքում՝ արևմտյան Իզմիրում ջրցան մեքենաներն են թիրախավորել ցուցարարներին, մայրաքաղաք Անկարայում բախում է եղել ոստիկանների հետ, որոնք արցունքաբեր գազ ու հատուկ միջոցներ են կիրառել: Ըստ Ներքին գործերի նախարարի, 53 մարդ կալանավորվել է, 16 ոստիկան՝ վնասվածքներ ստացել։ Իշխանությունները հինգ օրով արգելել են ցույցերն ու հանրահավաքները:

Չնայած իրավապահների ճնշումներին՝ ցուցարարները երեկ Իզմիրում միահամուռ պատ են կազմել ջրի չդադարող շիթերի դեմ՝ հրաժարվելով հեռանալ։

«Մենք ժողովրդավար ճանապարհով, առանց բռնությունների գրավել ենք փողոցները, որպեսզի պայքարենք մեր իրավունքների համար», - ասել է Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը:

Երկրի ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ Ժողովրդահանրապետականի անդամ Իմամօղլուն ձերբակալվեց անցած չորեքշաբթի կոռուպցիայի ու ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեղադրանքներով, որոնք ընդդիմությունը շինծու է որակում։ Ընդ որում, ձերբակալությունը տեղի ունեցավ կիրակի նախատեսված նախնական ընտրություններից՝ փրյմըրիզից օրեր առաջ, որտեղ ակնկալվում է, որ նա պետք է առաջադրվեր որպես նախագահի թեկնածու՝ 2028-ին կայանալիք ընտրություններում։

«Այս պայքարն այլևս միայն Իմամօղլուի համար չէ, այլ՝ ժողովրդավարության ու Թուրքիայի ապագայի»

«Այս պայքարն այլևս միայն Իմամօղլուի համար չէ, այլ՝ ժողովրդավարության ու Թուրքիայի ապագայի, - ասում է Ժողովրդահանրապետականի առաջնորդ Օզգուր Օզելը՝ հավելելով, - մենք կհաղթենք առաջիկա նախագահական ընտրություններում՝ առաջադրելով Իմամօղլուին, բայց եթե նրա թեկնածությունն արգելափակվի, մենք այդ քվեարկությունը կվերածենք համընդհանուր աջակցության հանրաքվեի։ Թուրքիայի ժողովուրդը թույլ չի տա, որ իր ընտրության իրավունքը ոտնահարվի»։

Օզելը հորդորել է շարունակել խաղաղ ցույցերն ու անհնազանդության գործողությունները։ Իշխանությունից հիշեցրել են՝ դրանք արտոնված չեն՝ սպառնալով օրինազանցների դեմ կոնկրետ քայլեր ձեռնարկել։

Ակտիվիստները պահել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի պատկերով պաստառ, Ստամբուլ, 20-ը մարտի, 2025թ.
Ակտիվիստները պահել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի պատկերով պաստառ, Ստամբուլ, 20-ը մարտի, 2025թ.

«Բողոքի հավաքն ու երթը հիմնարար իրավունքներ են: Բայց իրավական հետաքննության դեմ փողոց դուրս գալը անօրինական է և անընդունելի», - այսօր վաղ առավոտյան X-ում ասել է Թուրքիայի Արդարադատության նախարար Յիլմազ Թունջը:

«Առաջադրված մեղադրանքներին արձագանքելու տեղը դատարաններն են, ոչ թե փողոցը։ Փաստերն անհնար է փոխել սադրիչ հայտարարություններով կամ՝ դատական համակարգին սպառնալով», - նշել է Թունջը։

Ընդդիմությունն այլ փաստեր է վկայաբերում, հիշեցնում՝ անցած ապրիլի տեղական ընտրություններում Իմամօղլուի Ժողովրդահանրապետականը ամենամեծ հաղթանակն արձանագրեց վերջին 45 տարում՝ իր ձեռքը վերցնելով Անկարան, Ստամբուլն ու այլ խոշոր քաղաքներ։

«Հիմա իշխանությունն ուզում է ետ բերել կորցրածը՝ բռնությամբ ու կեղծ մեղադրանքներով», - պնդում են ընդդիմախոսները, ընդգծելով՝ Էրդողանը, որ իր քաղաքական կարիերան Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից է սկսել, շատ լավ գիտի՝ ինչ կարևորություն և ուժ ունի Թուրքիայի ամենամեծ այդ քաղաքը։

«Նրանք ուզում են իրենց ձեռքը վերցնել այն համայնքները, որտեղ չկարողացան հաղթել ընտրություններով։ Սկսեցին հարավ-արևելքից, որտեղ Էրդողանն իր վստահորդներին էր համայնքապետ նշանակում, նույնն էլ այստեղ են ուզում անել։ Ոչ մի տարբերություն», - ասել է ընդդիմադիր Յուսուֆ Դեմիրչին:

Էրդողանը հերքում է ընդդիմության մեղադրանքները

Էրդողանը հերքում է ընդդիմության մեղադրանքները, դրանք համեմատում թատերական ներկայացման հետ ու պնդում՝ ժողովուրդը դրանցով հետաքրքրված չէ. - «Լսեք՝ ինչ եմ ասում բաց ու հստակ՝ ժողովրդահանրապետականի հրավիրած հանրահավաքները փակուղի են տանում, նա փողոց է կանչում մարդկանց՝ գողությունը, ապօրինությունը, կեղծիքը պաշտպանելու, դա անպատասխանատու քայլ է»,-ասել է նա:

«Այս՝ լեփ-լեզուն հրապարակը հակառակն է վկայում», - երեկ հարթակից արձագանքեց ընդդիմադիր կուսակցության առաջնորդը։

«Դիմում եմ նրանց, որ ասում են, թե անպատասխանատու է մարդկանց փողոց կանչել․ Մենք չէ, որ լցրել ենք այս հրապարակները, ձեր ապօրինությունն ու անարդարությունն է մարդկանց փողոց դուրս բերել։ Ես կոչ եմ անում հազարավորների, հարյուր հազարավորների ու միլիոնավորների խաղաղ հավաքների, արտահայտեք ձեր կամքը ժողովրդաբար ճանապարհով, պաշտպանեք ձեր սահմանադրական իրավունքները», - ասել է Օզգուր Օզելը:

Իմամօղլուի ձերբակալությունից ժամեր անց Ստամբուլի համալսարանը չեղարկել էր նրա դիպլոմը, պնդելով, թե այն խախտումներով է տրվել։ «Սա ևս մեկ փաստ է, որը վկայում է իշխանության իրական նպատակների մասին», - պնդում են ընդդիմախոսները․ առանց բարձրագույն կրթության դիպլոմի Իմամօղլուն նախագահի թեկնածու չի կարող առաջադրվել:

Էրդողանը մի քանի անգամ չէ նշել, թե մտադիր է շարունակել ավելի քան 20 տարի շարունակվող իշխանությունը, միայն թե դրա համար նա կա՛մ պետք է գնա արտահերթ ընտրությունների, կա՛մ փոխի Սահմանադրությունը՝ չեղարկելով երրորդ անգամ նախագահ առաջադրվելու արգելանքը։ Բազմաթիվ վերլուծաբաններ պնդում են, թե Իմամոօղլուի ձերբակալությունն ու չեզոքացումն այդ մեծ օպերացիայի մեկնարկն է ազդարարում։

Մինչ այդ՝ այսօր առավոտյան Ստամբուլի բորսան ժամանակավորապես կասեցրել է վաճառքները՝ խուճապից խուսափելու նպատակով, քանի որ բորսայի հիմնական ցուցանիշը ընկել էր 7 տոկոսով։ Նախօրեին էլ, ըստ «Ռոյթերզ»-ի, Թուրքիայի կենտրոնական բանկն էր ստիպված ռեկորդային շատ՝ մոտ 10 միլիարդ դոլար վաճառել, որպեսզի փրկի թուրքական լիրան սրընթաց արժեզրկումից։ Տեղական արժույթն առանց այդ էլ վերջին հինգ տարում ավելի քան 80 տոկոսով արժեզրկվել է դոլարի նկատմամբ։

Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձում է Նովրուզի կրակը վառել
Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձում է Նովրուզի կրակը վառել

Քաղաքական ու տնտեսական այս վայրիվերումների ֆոնին նախագահ Էրդողանն այսօր Ստամբուլում փորձել է Նովրուզի կրակը վառել։ Մի քանի անհաջող փորձերից հետո օգնականներն են կրակի վրա յուղ լցրել։ Քաղաքական կյանքում,մինչդեռ, ըստ փորձագետներից շատերի, օգնականների կարիքը գուցե և չլինի․ առաջիկա շաբաթ-կիրակի ակնկալվում են ընդդիմության առավել հուժկու ցույցեր։



XS
SM
MD
LG