Թուրքիայում Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ գործն իրականում բավականին վաղուց էր հավաքվում՝ առնվազն մեկ տարուց ավելի, «հատկապես երբ որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմությունը հաղթանակ տարավ և ըստ էության սկսեց խոսել արտահերթ ընտրությունների մասին, և որպես լիդեր կամաց-կամաց ներկայացվեց Իմամօղլուն»։ Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց թուրքագետ Նելլի Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հիմա որոշեցին կալանավորել Ստամբուլի քաղաքապետին։
Իմամօղլուի ձերբակալությունից օրեր առաջ, ասաց Մինասյանը, ընդդիմադիր Հանրապետա-ժողովրդական կուսակցության համագումար էր տեղի ունեցել՝ ճշգրտելու, թե ում թեկնածությունն են ներկայացնելու նախագահական ընտրություններին․ - «Երկու հիմնական թեկնածուի մասին էր խոսքը՝ Իմամօղլուի և Անկարայի քաղաքապետ Յավաշի, և ի վերջո իրենք կանգնեցին Իմամօղլուի վրա»։
Այդ ընտրությունը, թուրքագետի կարծիքով, առաջին հերթին կապված է Իմամօղլուի անձի հետ. - «Խարիզմատիկ գործիչ է և լրիվ համապատասխանում է Էրդողանի հակառակորդը լինելուն՝ իր խարիզմայով, իր ունեցած ժողովրդականությամբ, մասսաների հետ խոսելով։ Եվ պատահական չէր, որ վերջին շրջանում արված բոլոր հարցումները ցույց են տալիս, որ նա 50+ (տոկոս) ավել ձայն ունի և ռեալ հակառակորդ է Էրդողանի համար»։
«Շատ մասնագետներ փորձում են նաև արտաքին քաղաքական կողմը տեսնել, որոշները, այդ թվում նաև՝ թուրք վերլուծաբաններից, հաճախ կապում են դա նաև Միացյալ Նահանգների գործոնի հետ։ Իհարկե, Միացյալ Նահանգները ինստիտուցիոնալ ազդեցություն ունի, և նախորդ տասնամյակներին եղել է, որ միջամտություններ եղել են, բայց այս անգամ, նաև շատ հետաքրքիր էր, որ Էրդողանի և Թրամփի հեռախոսազանգից փաստորեն մեկ կամ երկու օր հետո տեղի ունեցան գործընթացները, այնպես որ չեմ բացառի, եթե անգամ այս առումով որոշակի համաձայնություն լինի», - ասաց Մինասյանը։
Հարցին՝ կանվանե՞ր Իմամօղլուին լիբերալ, արևմտամետ գործիչ, թուրքագետն արձագանքեց․ - «Իմամօղլուն, այո, արևմտամետ գործիչ է, Իմամօղլուն բավականին սերտ կապեր ունի արևմտյան դեսպանների հետ, մեկ անգամ չէ, որ արդեն էրդողանական մամուլը նկարներ է հրապարակել նրա և դեսպանների հանդիպումներից, և իրենք միշտ էլ իրենց, նաև նախագահական և ՏԻՄ ընտրությունների ծրագրերում, ամբողջ ուղղվածությունը դեպի Արևմուտք էր»։
«Եթե ակնարկում եք, որ Վաշինգտոնից գուցե կանաչ լույս կար նրան կալանավորելու համար, չե՞ն հաշվարկել, որ գուցե իշխանափոխության, ցնցումների կարող է հանգեցնել այս պատմությունը», - այս հարցին էլ Մինասյանը պաասխանեց․ - «Իհարկե, ընդդիմությունը վաղուց պատրաստվել էր, ըստ էության, բոլոր սցենարներին և ընդդիմությունը շատ գրագետ առայժմ առաջ է գնում; Իսկ այս համատեքստում իշխանությունների պատասխանը մեկ հարթության մեջ է՝ բռնություններ, ուժի միջոցով փորձել ցրել, թույլ չտալ հետագա զարգացումներ»։
«Թուրքիայում իսկապես խորը իրադարձություններ են տեղի ունենում, չհաշված, որ թուրքական մամուլը բավականին հենց իշխանությունները սահմանափակել են, անգամ X-ի օգտատերերի հաշիվները, այլն։ Հետաքրքիր է նաև խոշոր լրատվամիջոցների՝ աշխարհի մակարդակով նկատի ունեմ արձագանքները, որոնք, իմ կարծիքով, համահունչ չեն այն իրադարձություններին, որոնք որ տեղի են ունենում Թուրքիայում։ Եվ այստեղ ինչ-որ առումով երևի թե պետք է դիտարկել, որ իշխանությունը ինչ-որ հանգստություն ունի առայժմ, որ ձեռքերն, այո, ազատ են, և փաստացի իրենք հենց առաջին օրվանից ուժ են կիրառում։ Առայժմ որևէ լուրջ դատապարտող հայտարարություն որևէ միջազգային կառույցներից, այսպես ասեմ, չկա», - ասաց թուրքագետը։
Իսկ թե ինչու, Նելլի Մինասյանն ընդգծեց․ - «Խնդիրը Իմամօղլուի մեջ չէ, այս իրավիճակում Էրդողանը շարունակում է մնալ բոլոր կողմերի համար ձեռնտու գործիչ։ Եվ տեսեք՝ եթե Թուրքիայում լինեն անկարգություններ, լինի քաոտիկ վիճակ, բայց լինի Էրդողան, էլի ինքը ձեռնտու կլինի թե՛ արևմտյան և թե՛ տարբեր պետությունների համար»։
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի և նրա թիմակիցների մարտի 19-ի ձերբակալություններից հետո Թուրքիայում բողոքի ցույցեր են մեկնարկել։ Իշխանությունններն Էքրեմ Իմամօղլուին մեղադրում են կոռուպցիոյի ու ահաբեկիչների հետ համագործակցելու համար։ Մարտի 23-ին թուրքական դատարանը կալանավորեց Իմամօղլուին, Ներքին գործերի նախարարությունն էլ ժամանակավորապես պաշտոնից հեռացրեց նրան:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․