Մատչելիության հղումներ

Ի վերջո, ո՞ւմ է պատկանում Երևանի կոյուղու ցանցը. ըստ Ավինյանի՝ փակագծերը բացելու ժամանակն է


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան, արխիվ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան, արխիվ

«Էկեք հասկանանք՝ լավ ո՞վ են էդ մարդիկ, ասենք՝ «պատասխանատու օղակ, սա քո գործն ա, գնա՛, արա՛». - Տիգրան Ավինյանը հունից դուրս եկավ, երբ իր խորհրդական Կամո Արեյանը հայտարարեց՝ Երևանի կոյուղագծերն այնքան քայքայված են, որ մեկ շաբաթվա ընթացքում վթարի 400 դեպք է արձանագրվում:

Ըստ քաղաքապետի՝ վերջին երկու տարվա ընթացքում քաղաքային բյուջեից 14-15կմ կոյուղագծեր են վերականգնել, բայց քանի որ դա քաղաքապետարանի գույքը չէ, առաջիկայում կնվիրաբերեն Կառավարությանը:

Ի վերջո, ո՞ւմ է պատկանում Երևանի կոյուղու ցանցը. քաղաքապետարանի՞ն, Ջրային կոմիտեի՞ն, թե՞ «Վեոլիա ջրին». - «16 թվականից այս հարցը թափառում է», - ասաց Արեյանը:

Կոյուղագծերի վթարների վերաբերյալ մամուլի հրապարակումները Կամո Արեյանն ու Տիգրան Ավինյանը համարում են հաճախ ուղղորդված: Ասում են՝ միայն քաղաքապետարանի անունն է հնչում, այնինչ ժամանակն է, որ փակագծեր բացվեն:

Քաղաքապետն այստեղ էլ հունից դուրս եկավ և անհայտ այդ հասցեատիրոջն «էշ» անվանեց. - «Անընդհատ, լավ, մեկ, էրկու, մեկ, էրկու, իրեք, չորս, հինգ, վեց, քաղաքապետարանը էս, քաղաքապետարանը էն, վերջը ասելու ենք՝ մենք չենք, ժողովուրդ ջան, էս մարդն ա, էս չինովնիկն ա, նստած ա, իրան տենց էշի տեղ ա դրել, ասում ա՝ դե քանի քաղաքապետարանին մեղադրում են, լավ ա, էլի: Մարաղը մտած, սենց, ինքը չի էրևում: Է հետո՞ լավ»:

Երևանի քաղաքապետարանը 6-կետանոց նամակ է ուղարկել Ջրային կոմիտե ու Կառավարություն և առաջարկել, որ գույքային բաժանման այդ ցանկը հստակեցվի: Քաղաքապետն ու իր խորհրդականը վրդովվում են՝ կոյուղիների հետ կապված վթարների հետքերով քաղաքապետարանն է գնում, որովհետև մարդիկ այլ հասցեատեր չեն գտնում: «Վեոլիա ջուր»-ն էլ հաճախ աջակցում է խնդրի լուծմանը, հաճախ՝ ոչ, հիմնավորելով, որ գույքն իրենց բալանսում չէ:

Արեյանը թարմացրել է 2024-ի տվյալներն ու պարզել. - «Այս պահին 27կմ կոյուղագիծ, 28կմ հեղեղատար, 5.1կմ ջրագիծ, որոնք հանձնված չեն պաշտոնապես «Վեոլիա ջուր» ընկերության սպասարկմանը: Բայց, արդարության դեմ չգնալով, պարոն քաղաքապետ, շատ հազվագյուտ դեպքերում է, որ «Վեոլիա ջուր»-ը հրաժարվի սպասարկելուց»:

Բազմաբնակարան շենքերի կառուցապատողները հաճախ ջրի պոմպակայանները չեն հանձնում «Վեոլիա ջրին», իսկ երբ խնդիրներ են առաջանում, կրկին սլաքներն ուղղվում են ընկերությանը:

Կամո Արեյանը շարունակեց. - «Կառուցապատողի մեղքով գույքը չի հանձնվել՝ պոմպը, «Վեոլիա ջրին», պետությանը, և դարձել է գլխացավանքի առարկա, բնակիչների վեճի առարկա «Վեոլիա ջրի» հետ: Այստեղ քաղաքապետարանը որևէ պատասխանատվություն, որևէ մեղք չունի»:

Իսկ ո՞վ մեղք ունի, ինչո՞ւ է քաղաքապետարանն ավարտական ակտ ու հետո շահագործման թույլտվություն տալիս այդ շենքերին, եթե, օրինակ, ջրի պոմպակայանը հատկացված չէ «Վեոլիա ջրին»: Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը պնդում է՝ «չենք տալիս»: Ասաց՝ այս պահին Երևանում շուրջ 350 բնակելի շենք է կառուցվում: Արդեն կառուցվածներից 40-ը ստացել են ավարտական ակտ, բայց շահագործման թույլտվությունը կստանան, եթե մատակարար ընկերություններն իրենց դրական եզրակացությունները տան, օրինակ՝ բնակիչները հոսանքից ու գազից օգտվելու համար ՀԵՑ-ի ու «Գազպրոմ Արմենիա»-ի բաժանորդ դառնան, իսկ ջրի մասով էլ, ասաց Խոջայանը, «էդ պոմպակայանները երբ որ հանձնվում ա «Վեոլիա ջրին», երբ որ «Վեոլիա ջուր»-ը տալիս ա համապատասխան դրական եզրակացություն, էդ շենքը նոր ստանում ա շահագործման թույլտվություն»:

Կամո Արեյանի նշած խնդիրն առաջանում է այն դեպքում, երբ շենքերը դեռ շահագործման ու հաճախ նաև ավարտական ակտ չունենալու դեպքում միևնույն է շահագործվում են, այսինքն՝ մարդիկ սկսում են ապրել, որովհետև կառուցապատողները տարիներով ձգձգում են շենքը հանձնելու ժամկետները, իսկ մարդիկ դժվարանում են և՛ հիփոթեք վճարել, և՛ վարձով ապրել, ու բնակվում են շենքում, որն արդեն լույս և ջուր ունի:

Այդպիսի 40 շենքերից շուրջ 20-ը, «Ազատության» տեղեկություններով, այս պահին շահագործվում են: Իսկ կոյուղու ու ջրի պոմպակայանի խնդիր առաջանում է այն դեպքում, երբ շենքը շահագործվում է: Քաղաքապետարանից պնդում են՝ այսպիսի կառուցապատողներին իրենք տուգանում են. - «Նախատեսված է վարչական իրավախախտում առաջին անգամ 500-ապատիկից մինչև 700-ապատիկի չափով, եթե էդ նույն արարքը տուգանքը նշանակվելու օրվանից հետո շարունակվում է՝ միլիոնից միլիոնուկես»:

Կառուցապատող - բնակիչ վեճերում մասնագիտացած փաստաբան Սիմոն Ֆարմանյանն ասում է՝ կառուցապատողներ կան, որ օր առաջ են այդ գույքերը հանձնում մատակարար ընկերություններին՝ հետագա սպասարկման խնդիրներից ազատվելու համար: Բայց կան նաև այնպիսիք, որոնք, օրինակ, ջրի պոմպակայանը կառուցելիս շեղվում են նախնական նախագծից, «Վեոլիա»-ն էլ այդ շեղումներով պոմպակայանը չի ընդունում. սա հաճախ կառուցապատողներին ձեռնտու տարբերակ է, ըստ փաստաբանի, որովհետև դա որպես լծակ է կիրառվում բնակիչների վրա:

«Պայմաններ են էնտեղ դրված լինում, որ «մեր շենքում պետք է բնակվեն միայն իքս, իգրեկ մարդիկ, կամ, չգիտեմ, ձևափոխություններ պիտի չանեն, էս չանեն, էն չանեն», և միակ լծակը էստեղ, ըստ էության, կառուցապատողի ձեռքում կայանում է էն, երբ որ ինչ-որ ենթակառուցվածք իր ձեռքում է լինում, և ասում է՝ «եթե դու էս մեր ներքին կանոններին չենթարկվես, ուրեմն ես էլ քեզ էս ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություն չեմ տա», - նշեց Ֆարմանյանը:

Չնայած քաղաքապետարանի պնդումներին, որ տուգանում են, շահագործման ակտ չեն տրամադրում, այդուհանդերձ, այսպիսի շենքեր Երևանում կան, ու մարդիկ այդտեղ ապրում են: Մինչ այս բնակիչները վթարների դեպքում շարունակում են դիմել քաղաքապետարան, որ կոյուղագծերի առաջացած խնդիրները լուծեն, քաղաքապետարանն էլ, իր հերթին, Կառավարությանն է դիմել, որ հասկանան՝ ով ինչ գործառույթ ունի: «Վեոլիա ջրից» ու Ջրային կոմիտեից էլ «Ազատությանն» ասացին՝ բոլոր հարցերին գրավոր կպատասխանեն:


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG