Փողոց փակելուց երկու օր անց Միկոյան 64-ի բնակիչներին ընդունել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Դեռ նախորդ տարվա սեպտեմբերից էին բնակիչները հանդիպում պահանջում թե՛ Երևանի քաղաքապետի և թե՛ Կառավարության անդամների ու իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ: Այդ ժամանակ կառուցապատողը դեռ չէր սնանկացել: Երեկվա հանդիպմանը մասնակցել են նաև կառուցապատողն ու նրա ներկայացուցիչները:
Կառուցապատողը N&S Construction-ն է, որը Միկոյան 64 հասցեում 6 մասնաշենք է կառուցել, քաղաքապետարանից ավարտական ակտ ստացել ու սնանկացել: Այժմ բնակարան գնած ավելի քան 1000 սեփականատերեր կանգնել են փաստի առաջ՝ չեն կարողանում իրենց վկայականները ստանալ:
Բնակիչներից Հայկ Սմբատյանը պատմեց՝ երեկ ուղիղ հարցրել են՝ ինչո՞ւ են թույլ տվել, որ կառուցապատողն արդեն հաստատված նախագծից շեղվի ու 4000 քմ-ի համար առանձին հասցե ստանա՝ չթաքցնելով, որ տեղում պատրաստվում է նոր շենք կառուցել, այսինքն՝ 7-րդը, որը քաղաքապետարանի հաստատած նախնական հատակագծում չի եղել: Բնակիչները հիշեցրել են, որ օրենքն արգելում է այդպիսի շեղումների դեպքում շենքին վերջնական՝ շահագործման ակտ տրամադրել, ինչի հետևանքով իրենք էլ չեն ստանա իրենց սեփականության վկայականները:
«Հստակ պատասխան որպես էդպիսին չի հնչել, ուղղակի տրամաբանությունը հետևյալն է, որ անկախ նրանից, որ էդ հասցեն տրվել է, թե չի տրվել, միևնույն է դա էդ նախագծի շրջանակներում նախատեսված է կանաչապատման համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սմբատյանը:
Ավինյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում անդրադառնալով այս խնդրին գրել է. - «Վստահեցրել եմ, որ բացառվում է Անաստաս Միկոյան 64 հասցեից առանձնացված շուրջ 4 հազար քառակուսի մետր մակերեսով հողամասի սահմաններում կառուցապատման հնարավորությունը և հատուկ ընդգծել անհնարինության օրենսդրական պատճառները, այդ թվում՝ Երևան քաղաքի 2024 թվականին հաստատված գլխավոր հատակագծով առկա սահմանափակումները: Օրենսդրությամբ ընձեռված լիազորությունների շրջանակում պատրաստ ենք օժանդակել ինչպես Անաստաս Միկոյան 64, այնպես էլ առանձնացված 64/7 հասցեում ամրագրված հողամասի տարածքում համապատասխան աշխատանքային նախագծերով նախատեսված բարեկարգման աշխատանքների իրականացման ու շահագործման թույլտվության տրամադրման հարցում»:
Հայկ Սմբատյանն ասում է՝ հանդիպմանը ներկա կառուցապատողին ու ներկայացուցիչներին Ավինյանի ներկայությամբ հարցրել են՝ «պատրաստակամություն ունե՞ք այդ տարածքը վերադարձնել նույն՝ Միկոյան 64 հասցեին»: Բնակիչն ընդգծում է՝ դա մեծ բարդություն չէ, որովհետև իրենք իրենց են վաճառել:
«Գնորդ KR ընկերության 100 տոկոս բաժնետերը հանդիսանում է Աիդա Հովհաննիսյանը, որը նաև հանդիսանում է N&S Construction ընկերության 62.5 տոկոս բաժնեմասի սեփականատերը», - ասաց Սմբատյանը:
Բնակչի փոխանցմամբ՝ կառուցապատողն ու իր ներկայացուցիչներն ասել են՝ բնակիչները բնակարանները գնելիս պայմանագիր են ստորագրել, որով էլ արդեն համաձայնություն են տվել այդ տարածքում կառուցապատում իրականացնելու համար: Բնակիչների փաստաբանն էլ հակադարձել է, որ այդ տողը վերաբերում է կառուցվող 6 շենքերին և հետագայում Էլցանցին ու «Վեոլիա»-ին տրամադրվող հոսանքի ենթակայանին ու ջրի պոմպակայանին:
«Բնականաբար, դա վերաբերում է էդ պրոյեկտի շրջանակներում մնացած շենքերի կառուցապատումներին», - ասաց Հայկ Սմբատյանը:
Ավինյանը խոստացել է աջակցել, որ իրենց հնարավորությունների սահմանում խնդիրներին լուծումներ գտնվեն: Բնակիչները սպասում են նաև Կառավարության ու իրավապահ մարմինների արձագանքին: Ասում են՝ գլխավոր այդ խնդրից բացի այլ հարցեր էլ կան, օրինակ՝ կասկածներ ունեն, որ սնանկացման գործընթացը կեղծ է, և որ այդպիսով կառուցապատողը չի վճարի կուտակած միլիարդների պարտքերն ու այսպես ասած՝ ջրից չոր դուրս կգա, իսկ իրենք կմնան առանց սեփականության վկայականի:
«Կառուցապատող, բանկ, նոտար, քաղաքապետարան՝ ընդհանուր էդ շղթայի մեջ բնակիչները հայտնվել են էս վիճակում», - ընդգծեց Սմբատյանը:
Այլ հարցեր էլ ունեն. եթե օրենքն արգելում է կադաստրին սեփականության վկայական տրամադրել պետությանը պարտքեր կուտակած կառուցապատողից բնակարան գնածներին, ապա ինչպե՞ս են մի քանի սեփականատերեր դա ստացել: Կամ ինչպե՞ս է բանկը որոշ բնակիչների հաշիվներին սառեցված գումարն ամբողջությամբ տրամադրել կառուցապատողին, եթե օրենքը դա նույնպես արգելում է: Հայկ Սմբատյանն ասաց՝ ԱՄԻՕ բանկից իրենց այս հարցին հստակ չեն պատասխանել: Նրանց նույնպես նամակ կուղարկեն, որ բանավորից անցնեն գրավոր պատասխանների. - «Էդ պատասխանը լինելուց հետո մեր մոտ ավելի հստակ պատկեր կլինի, թե ինչի մասին է ընդհանրապես խոսքը, և ինչպես է գրավի իրավունքը դադարելու»:
Բնակիչներն ասում են՝ կրկին փողոց դուրս կգան ու ճանապարհներ կփակեն, եթե փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ստեղծված հանձնաժողովում իրենց չընդունեն, ու եթե իրավապահ մարմինները չարձագանքեն իրենց հարցերին. - «Մեր պահանջները միայն քաղաքապետարանին չեն ուղղված, մեր պահանջները մի քանի պատկան մարմիններին են վերաբերում, այդ թվում՝ իրավապահ մարմիններին; Առայսօր Կառավարությունից ու իրավապահ մարմիններից դեռևս արձագանք չկա»»:
«Ազատություն»-ը գրավոր հարցեր է ուղարկել ԱՄԻՕ բանկ, պատասխան դեռ չի ստացել: Չի հաջողվում կապ հաստատել նաև ավելի վաղ «Ազատության» զանգերն անպատասխան թողած՝ կառուցապատող N&S Construction-ի ու նրա հետ փոխկապակցված KR ընկերության հետ: Ըստ պետական ռեգիստրի՝ N&S Construction-ի ամենախոշոր բաժնետերն Աիդա Հովհաննիսյանն է, նրան է պատկանում ընկերության 62.5 տոկոսը: Իսկ KR Construction-ը պատկանում է Կարեն Կարախանյանին, որը, ըստ «Հետք»-ի հետաքննության, Աիդա Հովհաննիսյանի ամուսնու եղբայրն է: Բնակիչները տեղեկություններ ունեն, որ սնանկացած կառուցապատողի հետ փոխկապակցված այլ ընկերություններ Երևանում նոր շենքեր են կառուցում, օրինակ՝ Ֆիրդուսի թաղամասում: