Մատչելիության հղումներ

Մամիկոնյանց 42/1-ի բնակիչները չեն կարողանում ապրել արդեն կահավորած բնակարաններում


Մամիկոնյանց 42/1-ի բնակիչները Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց, 17-ը հունվարի, 2025թ.
Մամիկոնյանց 42/1-ի բնակիչները Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց, 17-ը հունվարի, 2025թ.

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 42/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի բնակիչները ցույց են տալիս իրենց կահավորված տները, որտեղ ապրել չեն կարողանում: Պնդում են՝ արդեն մի քանի տարի է խաբում է կառուցապատողը, ու չի տրվում ավարտական ակտը:

«Կոնկրետ ես ձեռք եմ բերել 2022 թվականի հունիսին այն պայմանով, որ տվյալ տարվա նոյեմբեր ամսին պետք է հանձնեին, բայց պայմանագրով 2023 թվականի փետրվարն էր: Արդեն 2025 թվականի փետրվարն ենք, և ըստ պայմանագրի երկու տարի շեղում ունենք: Եթե մինչև այդ ասում էին, որ «Վեոլիա ջուր»-ն է, ոնց հասկանում ենք՝ «Վեոլիա ջրի» հետ էլ էլ խնդիր չունենք», - «Ազատությանն» ասաց բնակիչներից Գեղամ Մինասյանը:

Շենքի 95-98 տոկոսը պատրաստ է, վստահեցնում են բնակիչները, ավելին՝ 12 տարի է շենքը կանգնած է, սակայն բնակիչները մինչ օրս հստակ պատասխան չունեն՝ ինչու են զրկված իրենց բնակարաններում ապրելու հնարավորությունից: Առավոտյան քաղաքապետարանի դիմաց էին՝ քաղաքային իշխանությունից պատասխան ստանալու ակնկալիքով:

«Երեք տարի է ժողով ենք անում, ձգձգել էլ կա, ձգձգել էլ կա, արդեն խաբում են, ես չեմ ամաչում այդ բառից՝ մեզ խաբում են: Դրա համար մենք բանուգործներս թողած, կոպիտ ասած, գործից եկել ենք, ուզում ենք խնդրենք քաղաքապետարանից՝ սա խնդրանք է ընդամենը, խնդրում ենք, որ գան մեզ պարզաբանեն՝ ինչումն է խնդիրը», - ասաց Դավիթ Պեպանյանը:

«Ինչու քաղաքապետարան՝ որովհետև քաղաքապետարանն է շինթույլտվությունը տվել, և վաղն այդ շենքն այս քաղաքի բալանսի է նստելու, մենք գույքահարկ ենք վճարելու այս քաղաքին, և այլն, և այլն; Այսինքն՝ եթե շինթույլտվություն տվել են, նաև շինավարտի մասին է պետք մտածել», - հավելեց Գեղամ Մինասյանը:

Բնակարան գնելիս վստահեցրել են՝ շինավարտը կլինի 2022 թվականի նոյեմբերին, քանի որ ավարտին մոտ են գնել, գները բարձր են եղել: Կառուցապողը «Մամիկ» ընկերությունն է, շենքի սեփականատերն Արմեն Հակոբյանն է՝ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդին: Սակայն բնակիչները դժգոհություն ունեն նաև «Բարս» անշաժ գույքի վաճառքով զբաղվող ընկերությունից, որի միջոցով գնել են բնակարանները:

«Բոլորս բնակարան ենք ձեռք բերել անծանոթ կառուցապատողից՝ հիմնվելով «Բարս» անշարժ գույքի գործակալության խոսքերի, երաշխիքների, անվան, հեղինակության վրա: Փաստացի բոլորս այստեղ հանդիսանում ենք նաև «Բարս» անշարժ գույքի գործակալության տուժածները՝ հանձինս տնօրենի, չեմ զլանա ասել, քանի որ նույն հարցը բոլորիս կողմից հնչել է, քանի որ շենքի պատմությունը բոլորս գիտենք, որ մի ժամանակ այդտեղ կառուցապատում է ընթացել, հետո կանգնել է, և այլն, բայց ձեռք ենք բերել բնակարանը 22 թվականին, և ասում էր, որ պետք է փետրվար-մարտ ամիսներին շենքը հանձնվի: Հասել ենք 25 թիվ արդեն հունվար ամիս՝ երեք տարի», - ընդգծեց Լաուրա Դանիելյանը:

«Նոր տարուց առաջ նորից մոտեցել եմ, ասել են՝ «մի տաս օրվա մեջ կլուծվի, Նոր տարուց հետո մոտեցեք՝ ամսի 7-ին, 8-ին, այդ խնդիրը լուծված կլինի», - ասաց Գայանե Խարմանդարյանը:

«Ազատություն»-ը փորձեց կապ հաստատել կառուցապատող ընկերության տնօրեն Արմեն Հակոբյանի և վաճառքն իրականացրած «Բարս» ընկերության տնօրեն Մարինա Չատինյանի հետ, զանգերին պատասխանող չեղավ, նամակ գրեցինք, որը մինչ այս պահն անպատասխան է: «Բարս» ընկերության սոցիալական ցանցերում «Պատրաստի շենքից բնակարան» գրառումները քիչ չեն, մինչ օրս էլ ընկերության կայքէջում Մամիկոնյան 42/1 շենքում բնակարանի վաճառքն առկա է:

Իսկ քաղաքապետարանում բնակիչներին ընդունեց աշխատակազմի քարտուղարության ղեկավար Լիլիթ Յավրյանը:

«Քանի որ իրենք դիմել են շինարարության թույլտվության համար, բայց էլեկտրոնայինով է, մի քանի անգամ, ասացին, չի ստացվում իրենց մոտ: Ամեն դեպքում, մենք հիմա թղթերը պատրաստեցինք, անձամբ ինքը՝ Լիլիթ Յավրյանը, ասաց՝ «կընդունեմ, կփոխանցեմ ում պետք է, ընթացքը կտա», - հայտնեց Դավիթ Պեպանյանը:

Կառուցապատողը դիմել է շինարարության երկարացման համար, ասել են՝ կարգը փոխվել է, օնլայն պիտի դիմել, սակայն մինչև օրս Երևան քաղաքապետարանը դիմումը չի ստացել: Թնջուկը բացված չէ, իսկ մինչ այդ տուժում են բնակիչները:

«Բնակվում եմ իմ ծնողի տանը՝ իմ տատիկի-պապիկի տանը, որտեղ այնպիսի վիճակ է, որ ժամանակ է գալու, որ ես պետք է դուրս գամ: Այդ պատճառով էլ տուն ենք գնել, որ մենք մեր տունը գնանք՝ ես և ընտանիքս, երկու դուստր ունեմ: Եվ արդեն երկու տարի է հետաձգվում է: Եթե մի քանի ամիս էլ անցնի, և ես չկարողանամ այդ տանը բնակվել, ստիպված պետք է դուրս գամ ու վարձով ապրեմ; Արդեն առանձին վարկը շատ ծանր է, վրան էլ եթե պիտի ավելանա վարձք, կարող է նույնիսկ բանկի հետ հարցի մեջ ընկնեմ, չկարողանամ այլլևս բանկս վճարեմ», - ասաց Սյուզան Գյույումջյանը:

Այս խնդիրն 98 բնակարանի բնակիչ է բախվում, շենքը 18 հարկանի է:

XS
SM
MD
LG