Մատչելիության հղումներ

Առանց վկայականի մնացած՝ Երևանի Միկոյան 64-ի բնակիչները փակել էին Եղվարդի խճուղին


6 շենքից բաղկացած Դավթաշենի նորակառույց համալիրի բնակիչերն այսօր վաղ առավոտյան 1 ժամ փակ պահեցին Եղվարդի խճուղին: Ավելի քան 1000 բնակարան ունեցող համալիրը քաղաքապետարանից ավարտական ակտը ստանալուց հետո սնանկացել է: Բնակիչները կասկածներ ունեն, որ դա կեղծ սնանկություն է, և որ կառուցապատող N&S Construction-ը հովանավորներ ունի բարձր օղակներում:

Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները դեռ 2022-ին պետք է ստանային սեփականության իրենց վկայականները: Բայց կառուցապատողը սնանկացել է, իրենք էլ կանգնել են փաստի առաջ:
Բնակիցները պահանջում էին հանդիպում Երևանի քաղաքապետի հետ, բայց Տիգրան Ավինյանը չեկավ: Ակցիայից ժամեր անց քաղաքապետի մամուլի խոսնակը Ֆեյսբուքում գրեց՝ քաղաքապետը գործուղման է, բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին: Հայկ Կոստանյանն ընդգծել է՝ Միկոյան 64-ի խնդիրն առնչվում է պետական, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների լիազորություններին։

Բնակիչներն անցած շաբաթ էլ կառավարության առջև էին, ասում էին՝ անցած սեպտեմբերին ծավալուն նամակ են փոխանցել գործադիրին ու իրավապահ մարմիններին, մինչև հիմա պատասխան չեն ստացել: Ռոման Ալավերդյանը հիշեցրեց՝ դեռ անցած շաբաթ էին հայտարարել այսօրվա ակցիայի մասին. «Նախազգուշացրել էինք: Ինչ-որ մի աշխատող, հասարակ աշխատող մեզ չընդունեց, արհամարհեց ուղղակի»:


Միկոյան 64-ում բնակարան ունի նաև իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանը: Ասաց՝ ինքն էլ սեփականության վկայական չունի, հարևանների հեը փողոց փակելուն չի միանա, բայց ընդգծեց՝ խնդրի մասին տեղյակ է պահել պետական բոլոր կառույցներին, կապ է ապահովել բնակիչների հետ, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ղեկավարությամբ հանձնաժողով է ստեղծվել և այլն:

Բնակիչներից Ռոման Ալավերդյանը, որ ամբողջությամբ մարել է իր բնակարանի գումարն ու այսօր ոչ վկայական ունի, ոչ էլ հույս, որ երբևէ իր տունն իրենը կլինի, հարցնում է՝ 4 ամիս առաջ ստեղծված հանձնաժողովում մի՞թե որևէ մեկի մտքով չի անցել իրենց լսել կամ այդ խմբում ընդգրկել:


Կառավարությունից որևէ մեկը բնակիչների հետ հանդիպման չգնաց: 1 ժամ Եղվարդի խճուղին փակ պահելուց հետո նրանք խոստացան, որ բողոքի ակցիաները շարունակելու են, մինչև չստանան իրենց հարցերի պատասխանները, օրինակ՝ քաղաքապետարանն ինչո՞ւ է շուրջ 10 անգամ հաստատել շենքն ավարտին հասցնելու համար պայմանագրային ժամկետը երկարացնելու դիմումը, ինչո՞ւ է թույլ տվել, որ համալիրից 4000 քառակուսի մետր կառուցապատողն առանձնացնի ու վաճառի՝ տեղում նոր շենք կառուցելու նպատակով:

Անցած շաբաթ կառավարության առջև հավաքված բնակիչները պնդում էին, թե իրենց հիպոթեքային վարկ տրամադրած «Ամիո» բանկից իրենց ասել են՝ եթե ուզում եք ձեր տները գրավից հանվի ու սեփականության վկայական ստանաք, ապա վճարեք կառուցապատողի պարտքը: Ընդ որում՝ բնակիչներն ասում են՝ 1 քառակուսի մետրի համար բանկը հավելյալ 206 հազար դրամ է պահանջել:

Այսօր, սակայն, ասացին՝ հետո «Ամիոյից» հստակեցրել են, թե այդ պահանջն իրենց ուղղված չէ, այլ կառուցապատողին: Բանկից, ի դեպ, չեն պատասխանել անցած շաբաթ ուղարկված «Ազատության» գրավոր հարցմանը: Իսկ կառուցապատող N&S Construction-ի ու նրա հետ փոխկապակցված KR Construction-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջերում հրապարակված մի քանի հեռախոսահամարներով ընդհանրապես կապ հաստատել չի հաջողվում:

Կառուցապատող ընկերությունը նախկինում ևս անպատասխան է թողել «Ազատության» հարցերը: Բնակիչներից Հայկ Սմբատյանը պնդում է՝ սնանկացած կառուցապատողները խաղից շահած են դուրս գալիս, տուժում են հասարակ քաղաքացիները:

Բնակիչները տեղեկություններ ունեն, որ սնանկացած կառուցապատողի հետ փոխկապակցված այլ ընկերություններ Երևանում նոր շենքեր են կառուցում: N&S Construction-ի ամենախոշոր բաժնետերը, ըստ պետական ռեգիստրի, Աիդա Հովհաննիսյանն է, նրան է պատկանում ընկերության 62.5 տոկոսը: Իսկ KR Construction-ը պատկանում է Կարեն Կարախանյանին, որը, ըստ «Հետք»-ի հետաքննության, Աիդա Հովհաննիսյանի ամուսնու եղբայրն է:

XS
SM
MD
LG