Մատչելիության հղումներ

Հեղեղված փողոցներ Երևանում՝ հորդառատ անձրևից հետո. ո՞վ է թերանում


Գետեր ու լճեր Երևանում. երեկ երեկոյան կարճատև հորդառատ անձրևից հետո մայրաքաղաքը դարձյալ հեղեղվել էր:

Արգավանդի խճուղին օգտատերերը նույնիսկ ծովի հետ էին համեմատում: Ջրի տակն անցած փողոցներից մեկում էլ քաղաքացիներն իրենց ձեռքով էին մաքրում խցանված դիտահորերը:

Այս տարի Երևանն արդեն մի քանի անգամ հեղեղվել է։ Գույքային վնասներ պատճառած գարնանային ուժգին տեղումներից հետո պատասխանատուները մի քանի ամիս ժամանակ ունեին մայրաքաղաքը այդպիսի նոր տեղումներին նախապատրաստելու համար, բայց րոպեներ տևած անձրևից հետո երեկ կրկին նույն տեսարանն էր։

Ո՞վ լավ չի աշխատում, ո՞վ է թերանում, որ փողոցները ջրի տակ են անցնում. քաղաքային իշխանությունները պատասխանատվություն չեն ստանձնում ու սլաքները «Վեոլիա ջուր» ընկերության կողմն են ուղղում ու պնդում, թե նրանց պարտավորությունն է:

«Քաղաքապետարան են ուղղվում բազմաթիվ անհարկի ոչ կոմպետենտ հարցադրումներ, ես կուզեի տեղեկացնել պայմանագրի դրույթը՝ մակերևութային ջրերի հեռացման ծառայությունները Երևան քաղաքում ապահովել է վարձակալը», - հայտնեցին քաղաքապետարանից:

«Վեոլիա»-ից էլ հակադարձում են՝ չեն թերացել։ 2016-ին կնքված պայմանագրով մինչ 2031 թվականը մակերևութային ջրերի հեռացման ամբողջ համակարգը «Վեոլիա»-ին է հանձնված։ Դրանց հեռացումը մասամբ կոյուղով, մասամբ էլ քաղաքային ջրատարներով պետք է իրականացվի։ «Վեոլիա»-ն ընդհանուր 350 կիլոմետր երկարությամբ խողովակաշարեր ու անձրևընդունիչ հորեր է վարձակալել։ Ընկերությունը հայտարարում է, որ պարբերաբար մաքրում է հեռացման համակարգն ու անում իր գործը։

Պայմանագրով «Վեոլիա»-ն, ըստ էության, արդեն իսկ եղած համակարգի շահագործումն է ստանձնել, տարեց տարի ընդլայնող քաղաքի տարբեր հատվածներում, սակայն, հեղեղատարներ ու նման համակարգեր ընդհանրապես չկան։ «Վեոլիա»-ին մեղադրող քաղաքային իշխանություններն այս մասին հաճախ են մոռանում և փաստացի ոչ ոք պարտավորություն չի ստանձնում այն հատվածների համար, որտեղ հեռացման համակարգեր չկան։

Քաղաքային իշխանություններին ուղիղ հարցրինք՝ ո՞վ է պատասխանատու այդ հատվածների համար, պատասխանը կարճ էր՝ «Վեոլիա»-ի տիրույթում է։

Քաղաքապետարանը, սակայն, պարբերաբար նոր համակարգեր է կառուցում՝ շեշտելով, որ դա իրենց պարտավորությունը չէ։

Այդուհանդերձ, քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս մայիսին ընդունեց՝ քաղաքացիների դժգոհությունը տեղին է. «Ոչ մեկին հետաքրքիր չի 10 տարի առաջ ինչ պայմանագիր է եղել, էդ պայմանագիրը եկեք փոխենք»:

Քաղաքապետը հայտարարեց՝ պետք է լուծել խնդիրը ու այս տարվա ընթացքում վերանայել «Վեոլիա»-ի հետ կառավարության կնքած պայմանագիրը. - «Էլ տեղ չկա, վերջնական լուծումներ՝ կա՛մ պայմանագրով, կա՛մ այլընտրանքով»:

Այս խոսքերից հետո քաղաքային իշխանությունները պայմանագիրը փոխելու վերաբերյալ այլևս ոչինչ չեն չասել, մինչ պաշտոնյաները լռում են՝ տեղումնաբեր ամպերն, ըստ եղանակի տեսության, ցրվելու նշաններ դեռ ցույց չեն տալիս։

XS
SM
MD
LG