Հանցագործություն հենց օրենքի պաշտպանների՝ ոստիկանների ու քննչական մարմնի անմիջական օգնությամբ. երեկվա միջադեպին Մայր Աթոռի փաստաբան Արա Զոհրաբյանի գնահատականն է: Նա հանցագործության մասին հաղորդում կուղարկի իրավապահներին՝ վարչապետի ու բարձրաստիճան ոստիկանների դեմ: Պնդում է՝ հենց նրանց թողտվությամբ են խոչընդոտել իրենց տեղաշարժը, Մայր Աթոռին արգելել մտնել իր իսկ տարածք ու իրեն պատկանող եկեղեցում ծես իրականացնել:
«Սա հանցագործություն է, ոստիկանությունը դրսևորեց իրավախախտ անգործություն, ոստիկանությունը չապահովեց մեր ազատ տեղաշարժվելու իրավունքը: Ես որպես քաղաքացի իրավունք ունեմ Հայաստանի տարածքով տեղաշարժվել, և որևէ մեկը իրավունք չունի իմ ճանապարհը փակելու», - ասաց Զոհրաբյանը:
Երեկ, երբ վարչապետ Փաշինյանը մասնակցում էր կարգալույծ քահանայի մատուցած ու Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին, Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից Հովհաննավանք ուղարկված Տեր Շնորհք աբեղա Պալոյանը սարկավագների ու փաստաբան Արա Զոհրաբյանի ուղեկցությամբ անգամ չկարողացավ մոտենալ եկեղեցու մատույցներին:
«Երբ արդեն մայրուղուց թեքվում ենք դեպի Հովհաննավանք, արդեն մեքենան կանգնեցրին, ոստիկանները չթույլատրեցին մտնենք: Նույն պահին Տեր Տարոն անունով քահանան, որին էլ կանգնեցրին, ասաց՝ «Տեր Արամն ինձ թույլ է տվել», իրեն թույլ տվեցին, մտավ: Մենք ստիպված ոտքով փորձեցինք գնալ», - ներկայացրեց փաստաբանը:
Մայր Աթոռը մինչդեռ նախօրեին էր դիմել իրավապահներին, որ ապահովեն քահանաների մուտքը Հովհաննավանք:
Այսօր «Ազատության» հետ զրույցում փաստաբան Զոհրաբյանը պատմեց, որ իրեն մի կողմ տարած Ներքին գործերի նախարարի տեղակալն է հորդորել լքել տարածքը: Նույնը պահանջում էին օհանավանցի ներկայացած մարդիկ: Ոստիկանությունն էլ բախումներից խուսափելու միակ տարբերակ է ընտրել իրենց հեռանալը, ոչ թե՝ իրենց ճամփան կտրած մարդկանց սաստելն ու իրենց իրավունքներն ապահովելը, նկատում է Մայր Աթոռի փաստաբանը:
«Ոստիկաններն իրենց գործառույթներն իրականացնում են, երբ իշխանավորին է վերաբերում, երբ հասարակ քաղաքացուն է վերաբերում, մենք դա չունենք, առավել ևս, որ այդ հասարակ քաղաքացին ունի հակառակ դիրքորոշում իրենց սիրելի վարչապետի մասով», - ընդգծեց փաստաբանը:
Հանցագործության մասին հաղորդման մեջ նաև անդրադարձ կա Քննչականի վարքագծին, որ Արագածոտնի թեմի 21 քահանաներին երեկ՝ այսինքն՝ կիրակի նույն ժամին կանչել էր հարցաքննության: Նրանք, սակայն, հրաժարվել էին գնալ՝ հայտարարելով, որ չեն կարող ողջ թեմը թողնել առանց պատարագի: Քննչականից պնդեցին, որ նորմալ է կիրակի օրով հարցաքննության կանչելը, հավելեցին, սակայն, որ դեռ պարզ չէ՝ երբ էլի կկանչեն քահանաներին:
«Ոստիկանությունն իր գործառույթները չի կատարում: Թող ոստիկանապետը գնա մտածի, որովհետև սա իր համար լուրջ խնդիր է», - ասաց Զոհրաբյանը:
«Իրականում եկեղեցու գործերին որևէ մեկը չի միջամտում». Սրբուհի Գալյան
Չնայած փաստաբանը հույս չունի, որ գլխավոր դատախազն ընթացք կտա իր դիմումին ու իրերը կկոչի իրենց անուններով, արդարադատության նախարարն արդեն շտապել է գնահատական տալ, թե երեկվանը ոչ թե միջամտություն էր, այլ՝ քաղաքացիների որոշումը. «Իրականում եկեղեցու գործերին որևէ մեկը չի միջամտում, և երկրորդ կողմը մեդալի այն է, որ եկեղեցին ունենալով մեծ դեր մեր քաղաքացիների կյանքում՝ իրականում տալիս է հնարավորություն քաղաքացիներին ոչ թե միջամտելու, այլ որոշելու, թե ինչպես վարվեն կոնկրետ իրավիճակում»:
Սրբուհի Գալյանի խոսքով, վարչապետի մասնակցությունը պատարագին սահմանադրական կարգի տապալում չէ, եկեղեցին դրա մեջ չի մտնում:
«Եկեղեցին սահմանադրական կարգ հասկացության մեջ ընդհանրապես չի մտնում, երկրորդ, վարչապետի կամ որևէ այլ պաշտոնատար անձի լիազորությունների շրջանակներից դուրս է պատարագի գնալը, դա ուղղակի ցանկություն է, որը կարող է ունենալ յուրաքանչյուրն, այդ թվում՝ վարչապետը», - նշեց նա:
Գալյանն անդրադարձավ նաև երեկ քաղաքացու բերանը փակելուն, պնդեց, թե չի տեսել համացանցում կայծակնային տարածված կադրերը, բայց եթե կա բռնարարք, իրավապահները պետք է միջոցներ ձեռնարկեն:
Երեկ եկեղեցուց դուրս էին հանել մի քաղաքացու, որը համարձակվել էր այլ տեսակետ հնչեցնել: Նրան բերանը շատ արագ փակեցին, երբ հայտարարեց՝ Ստեփան Ասատրյանը՝ նույն ինքը կարգալույծ հռչակված Տեր Արամը, «իրավունք չունի պատարագ մատուցելու»:
«Ազատությունը» հարցեր է ուղղել Ներքին գործերի նախարարությանը, թե ինչո՞ւ երեկ ոստիկանությունը չի ապահովել օրինական քահանաների ու փաստաբան Արա Զոհրաբյանի մուտքը Հովհաննավանք, ինչո՞ւ չի պահպանել նրանց իրավունքները: Պատասխան դեռ չունենք: Միայն փոխանցեցին, որ կարգալույծ եղած քահանայի անվտանգության համար իրենք ոստիկաններ չեն տրամադրել:
Օրենքով ոստիկանությունը ապահովում է կոնկրետ քաղաքացու անվտանգությունը, եթե քրեական գործի շրջանակում կա վտանգ: Մամուլն էր պատարագն անցկացնող նախկին քահանայի շուրջը այսպես կոչված թիկնապահներ նկատել: