Մատչելիության հղումներ

Կոշտան ու Փաշինյանը ԵՄ-ՀՀ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր են քննարկել


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ: Կառավարությունից հայտնում են, որ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր են քննարկել:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ-ի հետ բազմակողմ կապերի ընդլայնումն ու զարգացումը՝ տարբեր ոլորտներում կարողությունները զարգացնելու նպատակով:

Եվրոպական խորհրդի նախագահը հայտնել է ԵՄ հանձնառությունը՝ ամրապնդելու ընդհանուր արժեքների վրա հիմնված գործընկերությունը և խորացնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում:

Խորհրդարանը փետրվարի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագիծը, որը Ազգային ժողով էր հասել «Եվրաքվե» նախաձեռնության միջոցով: Նախագիծն ընդունվել էր իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ձայներով:

Անցյալ ամիս Կառավարության նիստին Փաշինյանը նշել էր, որ «օրենքի ընդունումից հետո Հայաստանի և Եվրամիության միջև պետք է քննարկում լինի ճանապարհային քարտեզի մշակման շուրջ, որը կներառի թե՛ ԵՄ-ի, թե՛ Հայաստանի տեսլականը»: Վարչապետն ավելացրել էր, որ «մինչև ճանապարհային քարտեզի ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկը Հայաստանի գոնե այս պահին որևէ գործողություն չունի անելու»։

Այսօրվա հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ու Անտոնիու Կոշտան խոսել են նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորությունների մասին, ինչպես նաև անդրադարձել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Անտոնիու Կոշտան ողջունել է Երևանի՝ խաղաղությանը միտված քայլերն ու նախաձեռնությունները:

XS
SM
MD
LG