Մատչելիության հղումներ

1։6 հաշվով պարտություն Թբիլիսում․ հայ երկրպագուները տեղի ունեցածը մղձավանջ են որակում


Դրվագ Վրաստան-Հայաստան հանդիպումից, Թբիլիսի, 23-ը մարտի, 2025թ․
Դրվագ Վրաստան-Հայաստան հանդիպումից, Թբիլիսի, 23-ը մարտի, 2025թ․

1։6 հաշվով պարտություն Թբիլիսում, դիմակայության երկու խաղերի արդյունքում 9։1՝ Վրաստանի օգտին. մղձավանջ՝ զայրացած հայ երկրպագուները հատկապես այս բառով են բնութագրում երեկ Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում տեղի ունեցածը։

«Ցանկանում եմ ներողություն խնդրել հայ երկրպագուներից, հայ ժողովրդից, որովհետև սա, իհարկե, անընդունելի է», - հանդիպումից հետո հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական հոլանդացի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպը։

Խաղի 35-րդ րոպեի դրությամբ Հայաստանի թիմն արդեն պարտվում էր 0։5 հաշվով: Ավելի քան 30-ամյա պատմության ընթացքում ընտրանին պաշտոնական հանդիպումներում երբեք առաջին խաղակեսում միանգամից 5 գնդակ բաց չէր թողել: Հավաքականը Թբիլիսիում հակառեկորդ գրանցեց։

Ներողություն խնդրելով կատարվածի համար՝ Ջոն վան՛տ Սխիպն ընդգծեց․ - «Շատ ոչ պրոֆեսիոնալ էինք, գնդակ էինք կորցնում այն հատվածներում, որտեղ չի կարելի կորցնել: Բոլորը շոկի մեջ էին, չէին կարողանում արձագանքել»։

Արդեն մի քանի ամիս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը պահանջող երկրպագուներին թբիլիսյան ձախողումը տարիներ առաջ իտալական Պալերմոյում տեղի ունեցածն էր հիշեցրել: 2019-ին Հայաստանի հավաքականը 1։9 հաշվով պարտվեց Իտալիայի ընտրանուն: Երկար ու ձիգ 6 տարիներով բաժանված իրադարձությունները շատ նմանություններ ունեն. հեռանալու պահանջ 2019-ին էլ կար: Այն ժամանակ ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց։

«Վիճակը, որը ստեղծվեց, այն աննախադեպ հաշվով պարտությունը, որ մենք կրեցինք Իտալիայի հավաքականից, դրա համար պետք է որևէ մեկը այդ պատասխանատվությունը վերցներ իր վրա», - հայտարարել էր Վանեցյանը։

Ֆեդերացիան արդեն ավելի քան 5 տարի ղեկավարող Արմեն Մելիքբեկյանը, սակայն, գերխոշոր հաշվով պարտությունից հետո միայն ներողամտություն հայցեց, հրաժարականի ոչ մի խոսք. - «Ներողություն ենք խնդրում հանրությունից այս արդյունքներ համար»։

«Մելիքբեկյա՛ն, հեռացի՛ր», - մարզադաշտում վանկարկում էին հայ ֆուտբոլասերները։

Մելիքբեկյանը, որը հավաքականի վերջին հանդիպումներում իր հրաժարականի պահանջը անգամ մարզադաշտերում՝ հենց խաղի ընթացքում է լսում, երեկ հայտարարեց՝ պատրաստ են հաղթահարել դժվարություններն ու հաջորդ հանդիպումներին այլ վիճակում ներկայանալ։ Թե ինչպես են միանգամից փոխելու թիմի խաղի որակն ու լուծելու խնդիրները, այսինքն՝ անելու մի բան, ինչը տևական ժամանակ չի ստացվում, Ֆեդերացիայի նախագահը չմանրամասնեց:

Մելիքբեկյանը երեկ Թբիլիսիում էր հետևումը հանդիպմանը, կանգնած էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկունքում: 2021-ին, երբ վարչապետը Կառավարությունում հյուրընկալել էր նրան, Ֆեդերացիայի նախագահը շատ բարձր նպատակների մասին էր հայտարարել.- «Պատրաստվում ենք մինչև 2025 թվականը , այսինքն 22-ին կամ 24-ին այդ նվազագույն խնդիրը կատարել՝ դուրս գալ աշխարհի կամ եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, և դա արտացոլված է նաև մեր ռազմավարության մեջ»։

Հավաքականը ոչ Եվրոպայի և ոչ էլ աշխարհի առաջնություն չհասավ, երկրպագուների դժգոհությունն էլ ամեն ձախողված հանդիպումից հետո միայն ահագնանում է. ընտրանին իր վերջին 30 խաղերից հաղթել է միայն 6-ում, 19 անգամ պարտվել է, 5 հանդիպում էլ ոչ-ոքի է ավարտվել։

Թբիլիսյան իրադարձությունները զուտ ֆուտբոլային հարցերով չեզրափակվեցին: Հանդիպումից հետո Վրաստանի ընտրանու երկրպագուներ մտան խաղադաշտ ու հայ ֆուտբոլասերների ուղղությամբ տարբեր կողմերից իրեր նետեցին։

Դիմակայության առաջին ՝ երևանյան հանդիպմանը վրացի բազմաթիվ երկրպագուներ էին ներկա, սակայն նման միջադեպեր չգրանցվեցին:

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին հայտարարություն է տարածել՝ երեկվա հանդիպումից հետո վրացի երկրպագուների պահվածքը որակելով «անընդունելի»։

«Նման գործողությունները ոչ միայն անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում հյուրերի նկատմամբ, այլև թույլ չեն տալիս մեր թիմին հաղթանակ տոնել իր հավատարիմ երկրպագուների հետ։ Սա վնասում է վրացական ֆուտբոլին և ստվեր է գցում մեր երկրի միջազգային հեղինակության վրա», - ընդգծել է Կոբիաշվիլին՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով Հայաստանի հավաքականին և հայ երկրպագուներին «ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Երևանում ընկերական մթնոլորտ ստեղծելու համար»։




XS
SM
MD
LG