«Չորս հոգով մեկ 18 տարեկան երեխայի գետնին փռել և ծնկով սենց խեղդել...»: Մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում:
Արդեն մի քանի ամիս Ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը պահանջող երկրպագուները շաբաթ օրը «Փյունիկ»-«Արարատ Արմենիա» հանդիպման 6-րդ րոպեին հերթական ակցիան սկսեցին՝ ճայթուկներ վառեցին ու մտան խաղադաշտ:
Խաղը ժամանակավորապես հետաձգվեց, ֆուտբոլիստներին ուղարկեցին հանդերձարան: Պաշտոնական հեռարձակումը շարունակվեց չեզոք կադրով՝ կամ հաշվի ցուցատախտակն էր կադրում, կամ էլ լուսարձակը, լռում էր նաև մեկնաբանը, չէր երևում, թե այդ պահին ինչ է կատարվում մարզադաշտում:
Քիչ անց սոցցանցերը հեղեղվեցին տեղից արված տեսանյութերով, որոնցում կարմիր բերետավորները ուժ են գործադրում ակցիայի մասնակիցների նկատմամբ, նրանց գետնին են պառկեցնում, հետո վզից սեղմում, նստում նրանց վրա, մի բան, ինչն, օրինակ, կարելի է տեսնել մարտաֆիլմերում, երբ վտանգավոր հանցագործների են չեզոքացնում:
Ավելի ուշ տեղեկություն տարածվեց՝ ակցիայի մասնակից 9 երկրպագուներ ձերբակալված են: Քննչական կոմիտեն հայտնել է՝ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության հատկանիշներով: Առայժմ պարզ չէ՝ նրանց մեղադրանք կներկայացվի՞, թե՞ ոչ:
Հայաստանյան ֆան ակումբները նման ակցիաներ են իրականացնում անցած հոկտեմբերից: Ընտրանու ձախողված ելույթներից հետո, որի վերջին ակորդը Երևանում Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունն էր, դժգոհ երկրպագուները նախ փողոց դուրս եկան, ապա բողոքը հասավ մարզադաշտեր, բայց նման ուժային գործողություն նախորդ ցույցերի ընթացքում չէր եղել:
«Այս ամենը շարժման մեջքը, չակերտավոր ասած՝ մեջքը կոտրելու համար էր, փորձել վախեցնել: Երեկ տեղի ունեցավ երկու խաղ, և որևէ գործողություն տեղի չունեցավ երկրպագուների կողմից: Ի՞նչ եք կարծում՝ ինչի՞ համար տեղի չունեցա. որովհետև 9 հոգի ձերբակալված են, և վստահաբար նրանց նկատմամբ ավելի խիստ միջոցներ կկիրառվեին, եթե շարժումը երեկ ինչ-որ բան աներ», - «Ազատության» հետ զրույցում նշեց Հայաստանում ՈՒԵՖԱ-ի թղթակից Մհեր Խուդավերդյանը:
Խուդավերդյանը կատարվածն իր աչքերով է տեսել, պատմում է՝ ակցիայի մեկնարկին ցուցարարների և ոստիկանների միջև խաղաղ բանակցություններ են եղել, ակցիայի մասնակիցներն ասել են՝ պատրաստ են անմիջապես լքել մարզադաշտը, եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունից պատրաստ լինեն ընդունել իրենց, համաձայնության չեն հասել:
«Հերթական անգամ մերժումից հետո ոստիկանական լրացուցիչ ուժեր եկան և միանգամից սկսվեց «գրոհը» երկրպագուների նկատմամբ, որոնք ցույց չեն տվել բացարձակապես ոչ մի դիմադրություն», - պատմեց Հայաստանում Ուեֆա-ի թղթակիցը:
Տեղի ունեցածից մեկ օր առաջ երկրպագուները նմանատիպ ակցիա էին իրականացրել նաև «Գանձասար»-«Արարատ» հանդիպման ընթացքում: Ֆուտբոլի ֆեդերացիան այդ օրը հայտարարություն էր տարածել, թե այս անգամ զերծ է մնում համապատասխան միջոցառումներ ձեռնարկելուց, սակայն «նմանատիպ վարքագծի կրկնվելու դեպքում ՀՖՖ-ն, իրավապահ մարմինների հետ համատեղ, ստիպված կլինի ձեռնարկել օրենքով սահմանված կարգով բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հանդիպումների բնականոն ընթացքն ապահովելու համար»:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը շարունակում է լուռ մնալ իր հրաժարականի պահանջի մասին: