Մատչելիության հղումներ

«Արդար արդյունք էր, սա այն իրավիճակն է, որտեղ գտնվում է Հայաստանի ընտրանին». Ջոն վան’տ Սխիպ


Լուսանկար՝ Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպումից, 20-ը մարտի, 2025թ.
Լուսանկար՝ Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպումից, 20-ը մարտի, 2025թ.

«Արդար արդյունք էր, սա այն իրավիճակն է, որտեղ հիմա գտնվում է Հայաստանի ընտրանին», - սրանք Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպի առաջին հրապարակային խոսքերն են երեկ Երևանում Վրաստանին խոշոր՝ 3-0 հաշվով պարտվելուց հետո:

«Երբ կարևոր դրվագներում կոպիտ սխալներ ես թույլ տալիս, Վրաստանն իր ունեցած որակներով կարող է քեզ պատժել, այսպես դժվար է լավ արդյունքի հասնել, սա մի բան է, որը պետք է բարելավենք», - նշել է Ջոն վան’տ Սխիպը:

Սա հոլանդացի մասնագետի առաջին հանդիպումն էր հավաքականի ղեկին. խաղից հետո լրագրողների հետ զրույցում գլխավոր մարզիչը հայ երկրպագուներին մի բան հորդորեց՝ համբերություն ունենալ. - «Սա թիմ է, որը դեռ պետք է աճի, սովորի: Այսօր նրանք շատ հասուն ու լավ թիմի հետ խաղացին: Հայաստանը դեռ այդ մակարդակը չունի, շատ աշխատանք կա անելու: Երկրպագուները պետք է հավատան, ֆուտբոլիստները նույնպես»:

Վիճակագրությունն ամբողջությամբ Վրաստանի ընտրանու օգտին է, գնդակն ավելի շատ նրանց մոտ էր, ավելի դիպուկ էին, փոխանցումներն էլ ավելի ճշգրիտ:

Հայաստանի հավաքականի ձախողումներից դժգոհ երկրպագուները արդեն տևական ժամանակ է ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականն են պահանջում: Երկրպագուները նաև խաղի ժամանակ մի քանի այդ պահանջը հնչեցրին:

Ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այս կոչերը դժվար թե լսած չլիներ, որովհետև հանդիպմանը հենց մարզադաշտում էր հետևում. հրաժարականի պահանջին, սակայն, հանդիպումից հետո ֆեդերացիան չի անդրադարձել:

Հայաստանում ՈՒԵՖԱ-ի թղթակից Մհեր Խուդավերդյանի համոզմամբ՝ պարտության պատճառներից էր մարզադաշտում վրացի երկրպագուների մեծ թիվը: Նրանք ոչ միայն հյուրերին տրամադրված հատվածներում էին, այլև բոլոր տրիբունաներում, երբեմն նրանց ձայնն ավելի բարձր էր, քան հայ երկրպագուների վանկարկումները:

Վրաստանի ընտրանու երկրպագուների համար երեկ կայացած հանդիպման տոմսերը շատ ավելի վաղ էին հանվել վաճառքի, նրանք ավելի շատ ժամանակ են ունեցել պատրաստվելու, պլանավորելու համար, ընդգծում է Խուդավերյանը: Ըստ նրա ու վրդովված բազմաթիվ ֆուտբոլասերների՝ ֆեդերացիան թերացել է նաև հայաստանցի երկրպագուների համար վաճառքը ու մարզադաշտ մուտքը կազմակերպելիս, քանզի մյուս տրիբունաներում հյուր երկրի մեծաթիվ երկրպագուներ չպետք է լինեին:

«Նրանք այդ տոմսերն ինչ-որ ձևով ձեռք են բերել: Նրանք այդ տոմսերը ձեռք են բերել կամ իրենց ծանոթ-բարեկամ հայերի շնորհիվ, ամեն 2-րդ կամ 3-րդ վրացին ունի հայ ծանոթ, ում կարող է խնդրել իր համար տոմս ձեռք բերել: Գիտեք նաև, որ բավական թանկ արժեքներով սև շուկայում տոմսեր են վաճառվել վրաց երկրպագուներին», - ասաց Խուդավերդյանը:

Հայաստանում ՈՒԵՖԱ-ի թղթակից Մհեր Խուդավերյանի կարծիքով՝ հսկիչները պետք է ստուգեին, որ միայն իրենց անունից գնված տոմս ունեցողները մարզադաշտ մտնեին. - «Դա չի ստուգվել ու հազարավոր վրացի երկրպագուներ եղել են մարզադաշտում»:

Պատասխան հանդիպումը կկայանա այս կիրակի Թբիլիսիում, երկու խաղերի արդյունքում հաղթողը Ազգերի լիգայի հաջորդ մրցաշրջանը կարգով ավելի բարձր B դիվիզիոնում կսկսի, պարտվողը կխաղա C լիգայում:

XS
SM
MD
LG