Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից։ Այդ մասին այսօր Թբիլիսիում ասուլիսի ժամանակ հայտնեց հավաքականի մարզիչ Ջոն վան՛տ Սխիպը։
Մարզչի փոխանցմամբ, Ռանոսը հարցրել է իրեն՝ արդյոք խաղալու է հիմնական կազմում, եթե ոչ, ապա չի ցանկանում այլևս թիմում հանդես գալ։
«Իմ կարիերայում ես նման բան երբևէ չեմ տեսել, որ որևէ մի խաղացող մոտենա ինձ ու այդպիսի առաջարկ անի, որ եթե չլինի հիմնական կազմում, ապա կլքի թիմը։ Ես որոշում եմ կայացրել, որ նա այլևս հավաքականում հանդես չի գա, քանի որ չի կարող լինել այնպիսի ֆուտբոլիստ, որն իրեն վեր դասի թիմային շահերից», - հայտարարեց Ջոն վան՛տ Սխիպը
Վաղը Թբիլիսիում տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյօֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպումը: Առաջին հանդիպումը երկու օր առաջ Երևանում ավարտվեց հյուրերի խոշոր՝ 3։0 հաշվով հաղթանակով։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանն ասուլիսի ժամանակ վստահեցրեց՝ վաղվա հանդիպմանը փորձելու են առավելագույնն անել՝ արդյունքի հասնելու համար։
Թբիլիսիի «Բորիս Պաիչաձե Դինամո Արենա» մարզադաշտը կարող է ընդունել մոտ 55 հազար երկրպագուի։ Խաղի տոմսերը ժամերի ընթացքում վաճառվել են։ Հայ երկրպագուներին հատկացվել է երկու սեկտոր։