Մատչելիության հղումներ

Հակակոռուպցիոն դատարանը շարունակում է քննել Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման հարցը


Հակակոռուպցիոն դատարանը շարունակում է քննությունը, որի արդյունքում կորոշի՝ թողնել արդեն 4 ամիս անազատության մեջ գտնվող միլիարդատեր Սամվել Կարապետյանին կալանքի տակ, թե՝ ազատ արձակել:

Քննչականն արդեն երկրորդ անգամ է միջնորդություն ներկայացնում դատարան, պահանջում է ևս երկու ամսով երկարացնել կալանքը:

Երեկ սկսված ու 11 ժամ ձգված փակ նիստից հետո Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանն ասաց՝ 52 հոգանոց խմբից բաղկացած քննիչների միջնորդությունն աղերս չունի իրավաբանության հետ: Այսօր արդեն փաստաբանների հերթն է ներկայացնելու իրենց հակափաստարկները:

«125 րոպե՝ այդքան ընթերցել են պարզապես միջնորդությունը, 52 քննիչներից բաղկացած քննչական խումբը այս շուրջ 60 օրվա ընթացքում դեռ որոշ գործողություններ չեն հասցրել անել, դուք կարող եք հարցնել՝ իսկ ի՞նչ գործողությունների մասին է խոսքը, բացարձակ պատկերացում չունեմ, որովհետև դրանք կրկին Սամվել Կարապետյանին չեն վերաբերում», - ասաց Վարդևանյանը:

Ամռանը Ռուսաստանից Հայաստան եկած Կարապետյանն իրավապահների թիրախում հայտնվեց, երբ քննադատեց վարչապետի գլխավորությամբ եկեղեցու դեմ սկսված արշավը:

Գործարարի հայտարարությունից ժամեր անց նրան մեղադրեցին իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: Հետո ևս երկու հոդված ավելացրին՝ հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը, ինչպես նաև փողերի լվացումը:

Կարապետյանի շահերը ներկայացնող ամերիկացի փաստաբան Ռոբերտ Ամստերդամն էլ էր երեկ դատարանում: Նիստից ժամեր առաջ նա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ քաղաքական եղանակներով գրոհելու են Հայաստանի ու իշխանության վրա, որ օրինակ, Եվրամիությունում իմանան, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան, և որ ի վերջո նրանք ազատ արձակվեն:

«Մենք նպատակ ունենք պայքարել այս գործի դեմ քաղաքականապես ամեն օր, ամեն օր, մինչև չազատվի այս մարդը, մենք գրոհելու ենք Հայաստանին, Փաշինյանին, մինչև չազատվի այդ մարդը: Քանի դեռ պարոն Փաշինյանը քաղաքական բանտարկյալների է պահում, մենք ամեն օր այդ մասին խոսելու ենք, որովհետև սրանից ավելի հրատապ բան չկա, բացի Ադրբեջանում պահվող պատանդների ազատ արձակումը: Ուզում եմ հստակ ասել՝ մենք առաջնորդվելու ենք բացառապես իրավական միջոցներով, մենք մարտահրավեր չենք նետում այս կառավարությանը, մենք ասում ենք, որ կդիմենք ԵՄ-ին և ԱՄՆ-ին՝ իրազեկելով մարդկանց այն ավտորիտար բնույթի մասին, որն ապրում է պարոն Փաշինյանի և նրա կնոջ ներսում», - ասել էր նա:

Ամստերդամի այս խոսքերը մեծ աղմուկ են առաջացրել իշխանության շրջանում: ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էր երեկ գրառմամբ քննադատել Ամստերդամին. «Էնպես չի, որ փաստաբանը նորություն է ասում, բոլորի համար էլ պարզ էր, որ Տաշիր Սամոյի և նրա խմբակի մտադրությունը Հայաստանին գրոհելն է, բայց այնուամենայնիվ՝ էդ ինչի՞ կաթ են էլի խմում էս մարդիկ, որ գալիս են ու դեմքի լուրջ արտահայտությամբ Հայաստանում պատմում, որ պատրաստվում են գրոհել Հայաստանը։ Ես էլ ասում եմ՝ գլուխներդ պատին եք տալու, դուք էլ, պարոն փաստաբան, Հայաստանը գրոհել պատրաստվող յուրաքանչյուրն էլ»։

Սամվել Կարապետյանի առաջնորդած «Մեր ձևով» շարժման անդամները մինչդեռ վստահեցնում են՝ Ամստերդամի խոսքերի մեջ որևէ հակաիրավական բան չկա:

XS
SM
MD
LG