Գյումրվա փրայմըրիզը նոր կրքեր է բորբոքել։ Վարչապետի երեկվա հայտարարությունից հետո քաղաքում անորոշություն է. գյումրեցիները փորձում են հասկանալ՝ այդ ի՞նչ ընտրություններ են, և իրենք ինչպե՞ս են մասնակցելու դրանց։
«Փրայմըրիզը՝ նախնական ընտրությունները, տեղի կունենան դեկտեմբերի 8-ին, 9-ին,10-ին», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Գյումրիում տասն օրից տեղի կունենան քաղաքապետի պաշտոնակատարի ՔՊ-ական թեկնածուի նախնական ընտրություններ, կամ ինչպես վարչապետը բնորոշեց՝ փրայմըրիզ:
Փաշինյանը պնդեց, թե Գյումրիում ստեղծված քաղաքական ճգնաժամը լուծելու համար ինքը ստիպված է քաղաքապետի պաշտոնակատար նշանակել, բայց դրա համար նախ պետք է օրենքը փոխել, ինչից հետո արդեն կանցկացնեն նախնական ընտրություններ։
Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում իշխող «Բալասանյան» դաշինքն անցած ամիս ամբողջ կազմով, այդ թվում՝ քաղաքապետը և ավագանու անդամները, մանդատները վայր դրեց, ինչից հետո Գյումրիում ճգնաժամային իրավիճակ ստեղծվեց։ Քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի ընտրության անհաջող փորձերից ու նարկոլոգիական ոդիսականից հետո ի վերջո Փաշինյանը կանգ առավ փրայմըրիզի տարբերակի վրա:
«Մենք կխնդրենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների, ՔՊ կուսակցության համակիրների, ՔՊ կուսակցության համախոհների շրջանակից, որպեսզի առաջադրվեն կամ ինքնառաջադրվեն թեկնածուներ, այդ թեկնածուներին քաղաքական որոշակի չափանիշներով կգրանցենք, ոմանց գրանցումը հնարավոր է մերժենք, աստեղ զուտ քաղաքական հայեցողության չափանիշ է գործելու», - ասաց վարչապետը:
Իսկ ովքե՞ր և ինչպե՞ս են դեկտեմբերի 8 -ին, 9-ին և 10-ին կայանալիք նախնական ընտրություններում ընտրելու Գյումրու ժամանակավոր քաղաքապետին։
Փաշինյանը շատ փակագծեր չբացեց, բայց և նշեց, թե գյումրեցիները պատահականության սկզբունքով կմասնակցեն այդ ընտրություններին, թե ինչպես է այդ պատահականությունը որոշվելու, պարզ չէ։
«Մենք Գյումրիի բնակիչների շրջանում, իհարկե ոչ բոլորի շրջանում, որոշակի սկզբունքով, ինչ-որ առումով նաև պատահականության սկզբունքով, կիրականացնենք քվեարկություն, և քվեարկության արդյունքներով հաղթած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, որը մեծ հավանականությամբ կլինի նաև մեր թեկնածուն Գյումրիի քաղաքապետի կամ Գյումրիի ավագանու առաջիկա ընտրություններում», - նշեց վարչապետը:
Այն, որ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի քվեարկությանը պատահականության սկզբունքով կմասնակցեն ոչ միայն ՔՊ-ականները, այլև՝ շարքային գյումրեցիները, այսօր խորհրդարանում վստահեցրեց նաև ՔՊ վարչության անդամ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Հիմա ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու, իհարկե, բացարձակ լիազորություն ունի հանրապետության վարչապետը, բայց մենք ուզում ենք նշանակենք այն մարդուն, ում որ գյումրեցիները կցանկանան տեսնել։ Գյումրեցիները կկարողանան, մեզ սիրող, չսիրող, համախոհ, ոչ համախոհ, բոլորը կկարողանան և իրավունք կունենան իրենց կարծիքը արտահայտել։ Մեխանիզմի մասին ռաջիկայում կիմանաք», - ասաց Պապոյանը:
Ընդդիմությունից շտապում են արձագանքել՝ իրենց համար ընդունելի չեն Փաշինյանի առաջարկած փրայմըրիզն ու ՔՊ-ականին Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար նշանակելու որոշումը:
Ավագանու ընդդիմադիր «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ այս քայլով «Քաղաքացիական պայմանագիր»-ը մի խնդիր է լուծում՝ վարչական լծակները պաշտոնակատարի միջոցով իրենց ձեռքում կենտրոնացնել և Գյումրու քաղաքապետի ընտրություններում հօգուտ ՔՊ-ի օգտագործել։ Այդ նույն մեխանիզմը, ըստ Մալխասյանի, ՔՊ-ն կիրառեց Անի համայնքում. - «ՔՊ-ի թեկնածուին, իրենց թեկնածուին բերում նշանակում են պաշտոնակատար, որ ինքը գա իր ռեսուրսները, այդ համայնքի ռեսուրսները օգտագործի իր ընտրությունները կազմակերպելու համար»։
«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը շեշտում է՝ եթե Փաշինյանի նպատակը քաղաքի վարչական լծակներն իր ձեռքը վերցնելը չէ, ապա Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար թող նշանակի մեկին, որը ՔՊ-ի թեկնածու չէ։
Ընդդիմադիր գործչի համոզմամբ՝ ժողովրդավարության շղարշի ներքո իշխանությունը փորձում է ցույց տալ, թե իրենք այնքան ժողովրդավար են, որ անգամ իրենց թեկնածուին ընտրելու հարցում են ժողովրդից կարծիք հարցնում, բայց իրականում լուծում են ընտրություններում վարչական լծակի օգտագործման հարցը: