Մատչելիության հղումներ

Սամվել Բալասանյանի կրտսեր որդու տնային կալանքը փոխվեց բանտայինի


Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը, արխիվ
Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը, արխիվ

Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու տնային կալանքը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ փոխվել է բանտայինի։

Կրտսեր Բալասանյանի փաստաբան Տիգրան Գրիգորյանն առայժմ խուսափում է մեկնաբանել որոշումն ու հստակեցնել՝ բողոքարկելու է այն, թե ոչ։ Ֆեյսբուքում միայն գրել է, որ որոշումն անհիմն է համարում։

«Դատավորն իր որոշմամբ շատ ավելի հեռուն է գնացել` պաշտպանյալիս զրկելով անգամ մերձավոր ազգականների հետ շփման իրավունքից` բացառությամբ կնոջ և զավակի, այն դեպքում, երբ նախաքննական մարմինն անգամ նման պահանջ ներկայացրած չի եղել», - գրել է փաստաբանը։


Խաչատուր Բալասանյանը ձերբակալվել էր ավելի քան մեկ ամիս առաջ՝ «Զվարթնոց» օդանակավակայանում, ապա 70 միլիոն դրամ գրավի դիմաց տնային կալանքի ենթարկվել։ Դատախազության բողոքարկման արդյունքում նա երեկ արդեն կալանավորվել է։

Երիտասարդ գործարարը մեղադրվում է պատմական «Սև բերդ» ամրոցի հարակից հողերն ապօրինի ձեռք բերելու համար։ Ըստ իրավապահների՝ այս գործարքը գլուխ է բերվել ավագ Բալասանյանի պաշտոնավարման տարիներին՝ մի քանի մերձավորների օգնությամբ։

Հինգ մեղադրյալների շարքում է նաև Սամվել Բալասանյանը, ով Միացյալ Նահանգներում է։ Ներքին գործերի նախարարությունը չի բացահայտում, թե արդյոք նրա նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել։

Սամվել Բալասանյան, արխիվ
Սամվել Բալասանյան, արխիվ


Այս քրեական գործին քաղաքական բուռն զարգացումներ հետևեցին Հայաստանի երկրորդ քաղաքում։ Հենց հայտնի դարձավ, որ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում կա, Գյումրիի նախկին համայնքապետի հետ սերտ առնչություն ունեցող իշխող «Բալասանյան» դաշինքը՝ քաղաքապետի գլխավորությամբ, հրաժարական ներկայացրեց։

Գյումրին փաստացի կես ամսից ավելի է մնացել է առանց կառավարման։ Ու թեև «Քաղաքացիական պայմանագրից» տարբեր մակարդակներով տեղի ունեցածը մաքուր իրավական գործընթաց են համարում, կտրականապես հերքում քաղաքական ճնշումն, ավագանու մյուս քաղաքական ուժերն ու իրավապաշտպանները հակառակն են պնդում։


«Իրավական գործընթացը խառնվել է քաղաքական պրոցեսների հետ և լուրջ մտահոգություններ ունենք, որ ժողովրդավարությունն է տուժում, քաղաքացու տված քվեն է տուժում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու նախկին անդամ Լևոն Բարսեղյանը։

Բարսեղյանը, որ տարիներ առաջ կողմ է քվեարկել հողակտորներից մեկի օտարմանը, ցույց է տալիս 2015 թվականին «Սև բերդ»-ի հարակից հողատարածքի առաջին մասնաբաժնի առուվաճառքի պայմանագիրը։ Ըստ այդ փաստաթղթի՝ ՊՆ-ն իր սեփականությունը հանդիսացող 1 հեկտար հողատարածքը 13 մլն դրամով վաճառել է Գյումրիի ներկայիս փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանին։ Ջանոյանն էլ, ըստ իրավապահների, հետո հողը վերավաճառել է կրտսեր Բալասանյանին։

Լևոն Բարսեղյան
Լևոն Բարսեղյան

Ջանոյանն այս պահին քաղաքապետարանի միակ ղեկավար պաշտոնյան է, որ դեռ լիազորություններ ունի։ Բայց ոչ կարող է աշխատանքի գնալ, ոչ էլ հրաժարական տալ՝ տնային կալանքի տակ է։

Բարսեղյանը հարցնում է՝ իսկ ո՞ւր են ՊՆ-ից ու Կադաստրից մեղադրյալները։

«Կադաստրը, որ սեփականության վկայական է տալիս, համայնքային ավագանին էլ որոշում է դնել աճուրդի, ես էլ կողմ եմ քվեարկել, որովհետև տեսել եմ սեփականության վկայականը։ Կադաստրից մեղադրյալ չկա՞, ինչո՞ւ։ Պաշտպանության նախարարությունը հողը ծախել է մասնավոր անձի, քաղաքապետարանի պաշտոնյաներին մեղադրանք եք ներկայացրել։ Էդ ինչո՞ւ չկան մեղադրյալներ Կադաստրից ու Պաշտպանության նախարարությունից», - հարց է բարձրացնում Բարսեղյանը։

«Բալասանյան» դաշինքի ավագանու անդամներից որևէ մեկը չխոսեց՝ ոչ հրաժարականից առաջ և ոչ էլ հետո, ասելով, թե հայտարարություն կտարածեն։ Սակայն մինչ օրս 9000-ից ավելի ընտրողներին իրենց հեռանալու բուն պատճառները չեն բացատրել։

Ավագանու նախկին անդամն այս գործելաոճը չի ընդունում։ «Վերջապես մարդիկ քվե են տվել 36 մանդատից 14-ի տերն էիք՝ մոտ 40 տոկոսի, հանրությունը, որ ձեզ քվե է տվել բացատրության կարիք ունի», - ասաց Բարսեղյանը։

21 թվականի ընտրություններում «Բալասանյան» դաշինքին պարտված ՔՊ-ն, որ հիմա կամ պաշտոնակատար նշանակելու, կամ էլ նոր ընտրություններ անցկացնելու հնարավորություն է ստացել, ևս վերջին օրերին մեղադրանքի սլաքն ուղղում է «Բալասանյան» դաշինքի կողմը, թե քաղաքը անտերության են մատնել։ ԱԺ-ի ամբիոնից վարչապետն էլ քննադատեց։

«Այն, ինչ-որ տեղի է ունեցել Գյումրիում, դա քաղաքական անպատասխանատվության շատ կոնկրետ դրսևորում է», - ասաց գործադիրի ղեկավարը։

Մոտ 160 հազար բնակիչ ունեցող քաղաքում կառավարման ճգնաժամը դեռ չի հանգուցալուծվում։ Արտահերթ ընտրությունների կգնան, թե ժամանակավոր պաշտնակատար կնշանակեն, առայժմ պարզ չէ։

Սամվել Բալասանյանի կրտսեր որդու տնային կալանքը փոխվեց բանտայինի
please wait

No media source currently available

0:00 0:05:11 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG