«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր, գյումրեցի Էմմա Պալյանը վստահեցնում է՝ Գյումրիում իշխող կուսակցության թեկնածուին փոխելու հարց չի քննարկվել։
«Ես ինքս բացառում եմ դա, որովհետև նման քննարկման պատճառ նախ չեմ տեսնում, երկրորդն էլ՝ որևէ նման քննարկման ես չեմ մասնակցել, դրա համար այս պահի դրությամբ բացառում եմ, որ թեկնածուի փոփոխման հարց կքննարկվի, կամ առաջիկայում կփոխվի», - «Ազատությանն» ասաց նա՝ վստահեցնելով՝ թեկնածուն մնալու է Կարեն Սարուխանյանը։
Քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի ազգականի շուրջ թմրանյութերի հետ կապված սկանդալից հետո չեն դադարում խոսակցությունները, թե իշխող ուժը փոշմանել է և այլ թեկնածու է առաջադրելու։ Ինքը՝ Սարուխանյանը հեռախոսազանգերին չի պատասխանում։
ՔՊ-ն իր վարչության վերջին նիստում քննարկել էր Գյումրիի կառավարման ճգնաժամը։ Հենց այդ նիստից հետո անսպասելիորեն սկսեցին խոսել ոչ թե արտահերթ ընտրություններից, այլ քաղաքը ժամանակավոր պաշտոնակատարի միջոցով կառավարելու հնարավորության մասին։ Իսկ այդ նիստին նախորդել էր Կարեն Սարուխանյանի մորեղբոր որդու ու ավագանու ՔՊ-ական անդամի ձերբակալությունը՝ թմրանյութեր պահելու, օգտագործելու կասկածով։ Երկուսն էլ ժամեր անց ազատ էին արձակվել, բայց Սարուխանյանի ազգականը դիմում գրեց ու դուրս եկավ և՛ կուսակցությունից, և՛ Գյումրիի տարածքային կազմակերպության խորհրդի կազմից։
Մամուլում լուրեր կան, որ թմրանյութերի միջադեպից հետո վարչապետը Կարեն Սարուխանյանին առաջարկել է արյան անալիզ հանձնել՝ պարզելու՝ արդյոք վերջինս թմրանյութ օգտագործում է, թե ոչ։ Պատգամավոր Էմմա Պալյանը, որ ներկա է եղել կուսակցության վերջին նիստին, միայն պնդեց, թե փակ նիստից մանրամասներ պատմելու իմաստ չի տեսնում։