Մատչելիության հղումներ

Գյումրիում անիշխանության վերջը դեռ չի երևում


Ավելի քան երկու շաբաթ առանց ղեկավարների մնացած Գյումրիում ավագանու ընդդիմադիր ուժերը հնարավորինս շուտ արտահերթ ընտրություններ են պահանջում։ Վստահ են՝ դա է կառավարման ճգնաժամը լուծելու միակ ճանապարհը։

«Որպեսզի մենք ունենանք լեգիտիմ համայնքապետ, լեգիտիմ կառավարող թիմ», - «Ազատությանն» ասաց «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը։

Թեև «Բալասանյան» դաշինքի հրաժարականից անմիջապես հետո Հայաստանի իշխող ուժը հայտարարեց, թե պատրաստվում է արտահերթ ընտրությունների, երեկ ՔՊ-ից անսպասելի սկսեցին խոսել բոլորովին այլ տարբերակի՝ վարչապետի կողմից համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին։ Առանց նրա հնարավոր չէ ընտրություն կազմակերպել․ «Համայնքապետն է օրինակ՝ ընտրությունների պաստառների փակցման համար տեղերը սահմանում»,- հիմնավորեց ՔՊ-ի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։

«Քաղաքացիական պայմանագրից» երեկ տեղեկացրին՝ մտադիր են օրենքներ փոխել, որ վարչապետը Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու լիազորություն ստանա, ինչպես արեցին Վանաձորի դեպքում։

Եթե օրենք են փոխելու, «թող փոխեն դրույթը», որը խանգարում է առանց համայնքապետի արտահերթ ընտրություններ անցկացնել, հակադարձում է ընդդիմադիր Կարեն Մալխասյանը, ընդգծելով՝ թույլ չեն տա, որ երկրորդ քաղաքում էլ, Վանաձորի օրինակով, կառավարությունը իր ուզած ղեկավարին նշանակի՝ անտեսելով գյումրեցիների քվեարկությունը։

«Վանաձորում, կարող ենք արձանագրել, որ ՏԻՄ ինստիտուտը՝ որպես անկախ մարմին, չի գործում։ Գյումրիում մենք այդ տարբերակը թույլ չենք տա», - ասաց նա։

ՀՀԿ խմբակցությունում ևս մտավախություն ունեն, որ գուցե իշխանությունը Վանաձորի սցենարը կրկնի, բայց քանի դեռ իրավական ու քաղաքական գործընթացներ չեն սկսվել, չեն շտապում մեկնաբանություն անել։

Ընդդիմադիր «Զարթոնք» դաշինքը ևս ձեռնապահ է մնում մեկնաբանությունից։

Ժամանակավոր պաշտոնակատար նշանակելուն հակված «Քաղաքացիական պայմանագրից» պնդում են, թե արտահերթի մտադրությունից չեն հրաժարվել, բայց թե երբ դա կլինի, չեն ասում։ Իսկ արտահերթի համար նախ պետք է ավագանին լուծարել։

Գյումրիի ավագանու նախկին անդամ Լևոն Բարսեղյանը օրենքի բացերն է մատնանշում, որոնից ՔՊ-ն կարող է օգտվել ու ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով՝ փակված համարել արտահերթի հարցը։

«Եթե ավագանին 3 ամսից ավելի նիստ չի գումարում կամ որոշում չի կայացնում, կարող է լուծարվել։ Կառավարությունը այդ բառը կարող է վերցնել, յուրովի մեկնաբանել», - նշեց նա։

Ի դեպ, այսօր քաղաքապետարանի աշխատակիցները միմյանց աչքալուսանք էին տալիս աշխատավարձ ստանալու կապակցությամբ։ Առանց ղեկավար մնացած քաղաքում մտավախություն կար, որ կմնան առանց վարձատրության․ աշխատողների ցուցակը ստորագրող չկար։ Այս ամիս հարցը կարգավորեց Ֆինանսների նախարարությունը։ Առայժմ, սակայն, հստակ չէ՝ սա էլ է ժամանակավոր լուծում, թե ոչ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG