Մատչելիության հղումներ

Գյումրիում համայնքապետի ՔՊ-ական թեկնածուի հարցն անորոշ է մնում


Կարեն Սարուխանյան, արխիվ
Կարեն Սարուխանյան, արխիվ

Գյումրիում «Քաղաքացիական պայմանագրի» համայնքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանի շուրջ անորոշությունը դեռ պահպանվում է։

Սարուխանյանը սկանդալի կիզակետում հայտնվեց երկու շաբաթ առաջ, երբ իր ազգականին ու կուսակից ընկերոջը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածով ձերբակալեցին, ապա ազատ արձակեցին, բայց նաև քրեական վարույթ հարուցեցին։

Ըստ մամուլի՝ «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նաև Սարուխանյանին է թեստ հանձնելու ուղարկել՝ պարզելու՝ արդյոք քաղաքապետի թեկնածուն ևս թմրանյութ օգտագործում է։ Օրերս մամուլը գրեց, որ Սարուխանյանի թեստի պատասխանը դրական է եղել։

ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն ոչ հերքում, ոչ էլ հաստատում է այս լուրերը՝ անպատասխան թողնելով հեռախոսազանգերը։ Լռությունը երեկ խախտեց՝ ֆեսբուքյան էջում գրելով. - «Վերջերս իմ անձի շուրջ տարածվող սուտ տեղեկատվության, իրենց լրատվական համարող պատվերով հոդվածագրերի տարածած սին տեղեկությունների և ինձ վարկաբեկելու միտում ունեցող անձանց կանդրադառնամ վաղը երեկոյան»։

Իսկ այսօր երեկոյան ֆեյսբուքյան ծավալուն գրառմամբ Սարուխանյանը հերքեց իր մոտ թեստով թմրանյութերի հայտնաբերման մասին պնդումները՝ հրապարակելով նաև հետազոտությունների արդյունքների լուսապատճենները:

Կարեն Սարուխանյանն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ պատրաստվում է իրավական գործընթաց սկսել. - «Հիմա էդ մարդիկ փորձում են երևի մեզ մեր ամենօրյա աշխատանքից շեղել նման քայլերով, համենայն դեպս վստահ ասում եմ, որ որոշակի իրավական առումով պատասխաններ ստանալու են»:

Մինչ Սարուխանյանը լռություն էր պահպանում, ակտիվ լուրեր էին շրջանառվում, որ թմրանյութի հետ կապված սկանդալից հետո ՔՊ-ում փոշմանել են ու Գյումրիում համայնքի ղեկավարի նոր թեկանածու են փնտրում։ Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանի անունն է շրջանառվում։ Նա, սակայն, «Ազատության» հետ զրույցում հերքեց սա։

Իսկ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն արդեն 26 օր է կառավարիչ չունի։ «Բալասանյան» դաշինքի անսպասելի հրաժարականից հետո «Քաղաքացիական պայմանագիր»-ը նախ հայտարարեց, թե արտահերթ ընտրությունների է պատրաստվում, հետո էլ սկսեցին խոսել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հնարավորության մասին։

Կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հիմնավորել էր, թե արտահերթ ընտրությունների հնարավոր չէ գնալ, քանի որ պետք է ունենալ համայնքի ղեկավար, որը պետք է ընտրացուցակները ստորագրի ու ընտրական տեղամասերի ցանկը հաստատի։

«Համայնքապետն ,է, որ տրամադրում է, օրինակ, պաստառների համար էդ փակցնելու տեղերն է սահմանում՝ օրենքով դա գրված է, եթե չկա համայնքապետ, դա ոչ ոք չի կարող անել: Համայնքապետն է, որ, օրինակ, ընտրատեղամասերի հետ կապված կարգավորումներ է ստորագրում, ու էստեղ փաստացի որոշակի կազուսի առաջ ենք կանգնած», - ընդգծել էր Ալեքսանյանը:

Ավագանու ընդդիմադիր ուժերը, սակայն, կարծում են, որ մոտ 160 հազար բնակիչ ունեցող քաղաքում կառավարման ճգնաժամը հնարավոր է լուծել հնարավորինս շուտ արտահերթ ընտրություններ անցկացնելով։ Հայտարարում են՝ եթե օրենքներ փոխվեն ու արդյունքում վարչապետը Գյումրիում ևս համայնքապետի պաշտոնակատար նշանակելու լիազորություն ստանա, արտահերթն էլ անորոշ ժամանակով հետաձգվի, դա իշխանազավթում կորակեն։

Իսկ քաղաքական զարգացումների շրջպտույտում հայտնված գյումրեցիները կարծում են, որ առանց համանքապետի մնացած քաղաքում առաջին հերթին իրենք են տուժում։ Անկալում են, որ հաջորդ համայնքապետը ոչ թե նախընտրական բուկլետով խոստում տվող լինի, այլ՝ խոստումներն իրագործող։

XS
SM
MD
LG