Դատախազությունն ուսումնասիրում է Գյումրիի նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրությունունը, որ այսօր օրվա առաջին կեսին տարածեցին իշխանական լրատվամիջոցները, առանց ներկայացնելու, թե որտեղից է այն իրենց ձեռքում հայտնվել:
Դրանցում, ենթադրաբար, Վարդան Ղուկասյանը խոսում էր Գյումրիի շուկաներից մեկի աշխատակիցների հետ հանդիպում կազմակերպելու մասին և հիշեցնում է, որ ժամանակին ինքն է նրանց տաղավարներ տվել, որով մինչև հիմա տուն են պահում: Ձայնագրության մեջ նաև կոպիտ ու հայհոյախառն արտահայտություններ կան:
Նախընտրական քարոզչության վերջին օրերին տարածված ձայնագրությունն ակտիվորեն նաև իշխանականներն էին տարածում: Ինքը՝ Ղուկասյանը ուղիղ չի հերքում, բայց նաև արհեստական բանականությանն է վերագրում ձայնագրությունը:
«Եթե Գյումրու քաղաքապետը քիֆիր անել չգիտե, ուրեմն վռնդեք քաղաքից, հիմա իմ ռեյտինգն ավելի բարձրացրիք էդ գցելով, լավ իմացեք: Չնայած հիմա ես ձեզանից ամեն ինչ սպասում են, որ ինչ ասես պիտի սարքեք..., էդ արհեստական բանականություն, չգիտեմ ինչ են սարքել...», - ասաց Ղուկասյանը:
«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը հեռախոսազրույցում հանցակազմ է տեսնում, մասնավորապես ընտրությանը որևէ ձևով քվեարկելուն հարկադրելը, որը զուգորդվել է սպառնալիքով կամ կախվածությունն օգտագործելով, որը նախատեսում է 4-ից 8 տարվա ազատազրկում: Դիտորդները նաև դատախազություն են դիմել: Արդյոք մտավախություն չունի՞, որ ևս մեկ քրեական վարույթ կհարուցվի իր դեմ: Ղուկասյանն արդեն անցնում է ապօրինի հարստացման ու պաշտոնական լիազորությունների չարաշահման գործերով: Ամեն դեպքում ինքն է, թե՝ ոչ, Ղուկասյանը հստակ պատասխան չտվեց:
Հրապարակված ձայնագրությունը իրար հերթ չտալով սկսեցին քննադատել ՔՊ-ականները, նրանց թվում վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, որն այս օրերին արձակուրդ է վերցրել ու ակտիվորեն մասնակցում է «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի քարոզարշավին:
Վաղը Գյումրիում քարոզարշավի նախավերջին օրն է, նախատեսված է նաև թեկնածուների բանավեճը Հանրայինի եթերում, բայց առայժմ հստակ չէ՝ բոլոր ինը թեկնածուները կմասնակցեն, թե՝ ոչ: Վարդան Ղուկասյանն ասաց՝ ինքը չի մասնակցի: