Մատչելիության հղումներ

Թուրքիայի կացության քարտը՝ Գյումրիի թեկնածուների միջև մեղադրանքների առիթ


Գյումրիում նախընտրական քարոզարշավի վերջին օրերին թեկնածուների իրար ուղղված մեղադրանքներում ավելի ու ավելի հաճախ հնչում է հարևան պետության՝ Թուրքիայի անունը: Երեկ իշխանական թեկնածու Սարիկ Մինասյանն առանց անուն տալու հայտարարեց, որ կուսակցություններից մեկի առաջին համարը Թուրքիայի կացության քարտ ունի:

«Քաղաքում բոլորը գիտեն... էտքան տղա է: Թուրքիայի կացության քարտ ունի, դիմել է քաղաքացիություն ստանալու», - ասել էր նա:

Այս հայտարարությանն արձագանքեց ընդդիմադիր «Դեմոկրատական այլընտրանքը»: Կուսակցության համայնքապետի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանն այսօր հրավիրած ասուլիսում հրապարակեց Թուրքիայի ժամանակավոր կացության 2 քարտերը, որոնց ժամկետները լրացած են:

«Երեկ Սարիկ Մինասյանը հայտարարել է, որ ես դիմել եմ Թուրքիայի քաղաքացիության, որի պատասխանը մինչև այսօր իրիկունը ինքը պիտի տա, այսինքն՝ մինչև այսօր իրիկուն ինքը պիտի պարզաբանի և ապացուցի, որ ես դիմել եմ քաղաքացիության: Եթե չապացուցի, ես կհամարեմ, որ ինքն օդի մեջ խոսացող մարդ է», - արձագանքեց Արտյոմ Ղարաղազարյանը:

Հարցին, թե իր հայտարարության հասցեատերը հենց Արտյոմ Ղարաղազարյանն է, Սարիկ Մինասյանը պատասխանեց. «Շատ ողջունելի է, հալալ է, մարդը տղամարդկություն է ունեցել, հրապարակել է իր Թուրքիայի կացության քարտը: Անկեղծ ասեմ՝ ինձ ֆեյսբուքյան օգտատեր է գրել, ուղղակի խնդրել է, որ անունը չհրապարակեմ, ով ավտոբուսով իր հետ գնացել է, մեղադրել է, ամոթանք է տվել, ինքը Թուրքիայի կացության քարտ ունի, որից հետո, ըստ տրամաբանության, հետևելու է քաղաքացիության հարցը»:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցն ասաց՝ եթե մինչև օրվա վերջ ներողություն չլինի, դատարան կդիմեն: Բայց իշխանության քաղաքապետի թեկնածուն չի պատրաստվում ներողություն խնդրել:

Թեժ մեղադրանքներ առիթ դարձած կացության քարտերը, որոնք հրապարակեցին, ժամկետները լրացած են: Արտյոմ Ղարաղազարյանը պնդում է, որ իր այդ քարտով ինքը քաղաքացիություն չի կարող ստանալ. «Այդ թուղթը հնարավորություն չի տալիս, որ ես դիմեմ քաղաքացիության, և հնարավորություն չի տալիս նաև՝ ես օրինական աշխատեմ այնտեղ: Թուղթը միայն թույլ է տալիս իմ այնտեղ մնալը»:

Ղարաղազարյանը նաև հիմնավորեց, թե ինչի համար են իրեն պետք եղել այդ կացության քարտերը: Չհերքեց, որ բիզնես ունի հարևան երկրում:

«Ես գնացել եմ Թուրքիա, Ռուսաստանի, Ուկրաինայի ու մյուս սովետական երկրների հետ կապեր եմ ունեցել, նաև հիմա ունեմ, այնտեղից ապրանք եմ ուղարկում այդ երկրներ», - հայտնեց նա:

Չնայած Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու իշխանության ջանքերին՝ իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածուն անընդունելի համարեց մի երկրում բիզնես ունենալը, որը 44-օրյա պատերազմում ակտիվ մասնակցություն է ունեցել. «Թշնամի երկրում բիզնես ենք անում, հետո երբ ասում են՝ հարաբերություն ստեղծենք, սահմանը բացենք, գոռում են՝ թշնամիներ, դավաճաններ, բայց այդ մարդիկ տարիներով այդ երկրում հարկ են վճարում»:

Փոխադարձ մեղադրանքներն այսքանով չեն սահմանափակվում, դրանք ավելի շատ անձնական դաշտում են:

XS
SM
MD
LG