Մատչելիության հղումներ

Քննչական գործողություններ՝ «Մայր Հայաստանի» ու «Մեր Քաղաքի» Գյումրու նախընտրական շտաբներում


Իրավապահները «Մայր Հայաստանի» գրասենյակում, 27-ը մարտի, 2025թ․
Իրավապահները «Մայր Հայաստանի» գրասենյակում, 27-ը մարտի, 2025թ․

«Մայր Հայաստան» շարժումն ահազանգում է՝ ուժայինները խուզարկություն են սկսել Գյումրու «Մայր Հայաստանի» գրասենյակում։

Շարժումից «Ազատության»-ը փոխանցեցին, որ առավոտյան ժամը 8։00-ից 8։30-ի շրջանակներում խուզարկություն է իրականացվել կազմակերպչական հարցերով զբաղվող Արա Ոսկանյանի տանը, ապա իրավապահները նրան տեղափոխել են «Մայր Հայաստանի» նախընտրական շտաբ և այժմ շտաբում են խուզարկություններ իրականացվում։

Շտաբից «Ազատության»-ը նաև փոխանցեցին, որ դաշինքի համակիրների բնակարաններում ևս խուզարկություններ են կատարվել, դաշինքի անդամներից Էմմա Գրիգորյանը տեղափոխվել է Հակակոռուպցիոն կոմիտե։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն ավելի ուշ հայտնեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեում խոչընդոտվում է իր հանդիպումը վստահորդի՝ Գյումրիից բերման ենթարկված Գրիգորյանի հետ։

«Մայր Հայաստանը» իրավապահների գործողություններն «իշխանությունների կողմից հարձակում» է գնահատում Գյումրու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժի դեմ։

Քննչական գործողություններ են իրականացվում նաև «Մեր Քաղաքը» դաշինքի նախընտրական շտաբում:


Ոստիկանները մուտքի դուռը փակել են՝ նշելով, որ ներսում քննչական գործողություններ են իրականցվում։ Ավելի վաղ վարույթ էր հարուցվել փողոցների խճապատման փաստով, հավանաբար հենց այս գործի շրջանակներում էլ քննչական գործողություններ են իրականացվում։

Այսօր Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի նախավերջին օրն է։ Ընտրություններին 9 ուժ է մասնակցում: Քվեարկությունը կիրակի է՝ մարտի 30-ին։

Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդեց, որ քրեական վարույթներ են նախաձեռնվել Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու՝ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների և այլ գույքի ձեռքբերման համար գումար խոստանալու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ։

Կոմիտեն նշել էր, որ վարույթները հարուցվել են Ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա, սակայն չէր նշել, թե որ ուժի կամ ուժերի օգտին է ընտրակաշառք տրվել և որ ուժը կամ ուժերն են բարեգործության արգելքը խախտել։ Հակակոռուպցիոնը հավաստիացրել էր, որ ձեռնարկելու է համարժեք գործողություններ՝ կոռուպցիոն բնույթի նմանօրինակ արարքները բացահայտելու և չեզոքացնելու ուղղությամբ:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG