Մատչելիության հղումներ

Դատախազությունն ուսումնասիրում է Վարդան Ղուկասյանի հետ կապվող ձայնագրության վերաբերյալ հրապարակումները


Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է մամուլում տեղ գտած հրապարակումները Գյումրիի համայնքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի հետ կապվող ձայնագրության վերաբերյալ: Դատախազությունից այլ մանրամասներ «Ազատությանը» չեն հայտնել:

«Անկախ դիտորդը» իր հերթին հայտնում է, որ այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու դատախազություն՝ պահանջելով քննել Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ ձայնագրությունը:

Համացանցում շրջանառվում է մի ձայնագրություն, որում երկու տղամարդ են զրուցում: Քաղաքացիների մասին վիրավորական արտահայտություններ են հնչում:

«Համարում ենք, որ դրանում առկա են Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ (ընտրությանը որևէ ձևով քվեարկելուն հարկադրելը, որը զուգորդվել է սպառնալիքով կամ կախվածությունն օգտագործելով): Հոդվածը նախատեսում է 4-ից 8 տարվա ազատազրկում, բայց շատ կարևոր է, որ իրավապահ մարմինները արդյունավետ կերպով աշխատեն շուկայի աշխատողների/վաճառողների հետ և ստանան եղելիության ամբողջ պատկերը», - ասված է «Անկախ դիտորդ» դաշինքի հայտարարության մեջ:

Նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մարտի 30-ին կայանալիք ընտրություններում գլխավորում է Կոմկուսի ցուցակը:

Ինքը՝ Ղուկասյանը ուղիղ չի հերքում, բայց նաև արհեստական բանականությանն է վերագրում ձայնագրությունը:

«Եթե Գյումրու քաղաքապետը քիֆիր անել չգիտե, ուրեմն վռնդեք քաղաքից, հիմա իմ ռեյտինգն ավելի բարձրացրիք էդ գցելով, լավ իմացեք: Չնայած հիմա ես ձեզանից ամեն ինչ սպասում են, որ ինչ ասես պիտի սարքեք..., էդ արհեստական բանականություն, չգիտեմ ինչ են սարքել...», - ասել է Ղուկասյանը:

Գյումրիի ընտրություններին 9 ուժ է մասնակցում: Ընտրությունները կիրակի են:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG