Մատչելիության հղումներ

Ղազախստանը «ցանկանում է օգտվել ТRIPP-ից» և աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին


Ղազախստանը ցանկանում է օգտվել ТRIPP ուղուց և աջակցում է Երևանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ասուլիսի ընթացքում Աստանայում հայտարարել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Ըստ Ղազախստանի առաջնորդի՝ Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական իրավիճակը հնարավորություններ է ստեղծում՝ ամրապնդելու երկկողմ ու տարածաշրջանային համագործակցությունը. «Հաստատում ենք, որ հետաքրքրված ենք մասնակցել ТRIPP`«Խաղաղության և բարգավաճման միջազգային Թրամփի ուղի» նախագծին: Այսպիսի նախագծերը՝ Հյուսիս-Հարավ նախագիծը, ինչպես նաև Միջին միջանցքի նախագիծը համապատասխանում են երկու երկրների շահերին, և հետևաբար տրանսպորտային համագործակցությունը կբացի մեծ հնարավորություններ երկու երկրների համար: Թույլ տվեք շնորհակալություն հայտնել նաև Ադրբեջանի ղեկավարությանը, որ հնարավորություն է տվել Հայաստանին ուղիղ առևտուր իրականացնել՝ օգտվելով Ադրբեջանի տարածքից»:

Նոյեմբերի սկզբին ղազախական հացահատիկով բեռնված գնացքը Հայաստան եկավ Ադրբեջանի տարածքով: Տոկաևը շեշտեց բեռնափոխադրումների մեկնարկի քաղաքական ու տնտեսական կարևորությունը, հայտնեց մատակարարումները շարունակելու պայմանավորվածությունների մասին։


Քննարկվել է նաև Երևան-Աստանա ուղիղ չվերթների հարցը

Ղազախստանի նախագահի խոսքով՝ կողմերը քննարկել են նաև Երևան-Աստանա ուղիղ չվերթներ սկսելու հարցը։ Ըստ Տոկաևի՝ այդ ուղղությամբ կան կոնկրետ պլաններ։ Նա մինչ այդ հայտարարել էր, որ Հայաստանը դարձել է ղազախստանցիների համար շատ սիրելի զբոսաշրջային ուղղություն։ Ըստ պաշտոնական տվյալների՝ անցած ինը ամիսներին Ղազախստանից Հայաստան ավելի քան 180 հազար զբոսաշրջիկ է եկել։

«Շատ կարևոր եմ համարում, Դուք ընդգծեցիք, և մենք էլ այդ ազդակները տեսնում ենք, որ Ղազախստանում Հայաստանի նկատմամբ զբոսաշրջային հետաքրքրությունն աճում է, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, որ Դուք այդ նախաձեռնությունը ցուցաբերում եք, որպեսզի մեր երկրների միջև ուղիղ ավիաչվերթներ տեղի ունենան», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երևանն ու Աստանան նաև համաձայնել են փորձի փոխանակում իրականացնել արհեստական բանականության, տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտներում։

«Մենք նաև խոսել ենք համատեղ ծրագրերի իրականացման մասին: Մեծարգո պարոն Փաշինյանի հետ միասին մենք ուրախ կլինենք ծանոթանալ տարածաշրջանում մի մեծ ՏՏ ոլորտի հանգույցին: Մյուս տարի կստեղծվի «Թումո Աստանա» կազմակերպությունը», - հայտնեց Տոկաևը:

«Թրամփի ուղին» մեծացնելու է նաև Հայաստան-Ղազախստան տնտեսական գործակցության հնարավորությունները. Փաշինյան


Հայաստանի ու Ղազախստանի ղեկավարներն ընդգծել են, որ երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության են հասել։ Հայաստանի վարչապետն, իր հերթին, հայտարարել է, որ «Թրամփի ուղի» նախագծը էականորեն մեծացնելու է նաև Հայաստան-Ղազախստան երկկողմ տնտեսական գործակցության հնարավորությունները:

«Մեծացնելու է թե՛ Հայաստանի, թե՛ Ղազախստանի արտահանման պոտենցիալը, Հայաստանի դեպքում՝ դեպի արևելք, Ղազախստանի դեպքում՝ դեպի արևմուտք: Եվ մենք, իհարկե, շատ ուրախ ենք, որ Ղազախստանն ամենաբարձր՝ բարձրագույն մակարդակով հետաքրքրություն է ցուցաբերում այս նախագծի նկատմամբ», - նշել է վարչապետը:

Ռուսաստանից, Բելառուսից հետո Ղազախստանը հետխորհրդային երկրների շարքում երրորդն է՝ Հայաստանի հետ առևտրաշրջանառության ցուցանիշով։ Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ այն անցած ինը ամիսներին կազմել է շուրջ 60 միլիոն դոլար։

Նիկոլ Փաշինյանը Ղազախաստանում պաշտոնական այցով է, նրա հետ Աստանա են ժամանել նաև կառավարության մյուս անդամները՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը, կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը և այլք։ Կողմերը համատեղ հայտարարություն են ընդունել, ստորագրել մի շարք փաստաթղթեր։ Այսօր մայրաքաղաք Աստանայում Էլ Մեսրոպ Մաշտոցի անունով փողոց է անվանակոչվել։

Ի դեպ, Փաշինյանն ու Տոկաևն այսօր փոխադարձ գովեստի խոսքեր էին հնչեցնում։

Փաշինյանը մինչ պաշտոնական հանդիպումը սոցիալական ցանցերում ղազախերեն երգով տեսանյութ էր հրապարակել՝ ցույց տալով հայտնի սրտիկը:


XS
SM
MD
LG