Միացյալ Նահանգների նախագահը երեկ Սպիտակ տանն ընդունել է Կենտրոնական Ասիայի հինգ երկրների ղեկավարների: Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի առաջնորդների հետ հանդիպումը նպատակ ունի ընդլայնել ԱՄՆ ազդեցությունը ռեսուրսներով հարուստ այս տարածաշրջանում, որը երկար ժամանակ եղել է Ռուսաստանի ազդեցության գոտի, վերջերս էլ գրավում է նաև Չինաստանի ուշադրությունը:
Դոնալդ Թրամփը նշել է, որ Կենտրոնական Ասիան «չափազանց հարուստ տարածաշրջան» է, և ԱՄՆ-ն ցանկանում է ամրապնդել գործընկերությունն այս երկրների հետ: Իսկ գլխավոր առաջնահերթությունը կարևորագույն հանքանյութերն են, ԱՄՆ-ն ցանկանում է ընդլայնել և ապահովել իր մատակարարման շղթաները։
«Մեր օրակարգի հիմնական կետերից մեկը կարևորագույն հանքանյութերն են։ Վերջին շաբաթներին իմ վարչակազմը ամրապնդել է Ամերիկայի տնտեսական անվտանգությունը՝ համաձայնագրեր կնքելով աշխարհի տարբեր երկրների դաշնակիցների և ընկերների հետ՝ մեր կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաներն ընդլայնելու համար», - նշել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է նաև ԱՄՆ միջնորդությամբ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրին, ինչպես նաև «Թրամփի ուղուն», որը Նախիջևանը պետք է Հայաստանի տարածքով կապի Ադրբեջանին: Թրամփն ասել է, որ այս ճանապարհը կխթանի առևտուրը և հույս է հայտնել, որ Կենտրոնական Ասիայի երկրները ևս կկարողանան տնտեսական օգուտներ քաղել այս ճանապարհից։
«Այդ պատմական համաձայնագիրը ներառում է նոր «Թրամփի ուղու» կառուցումը: Այն իսկապես հրաշալի նախագիծ է, նրանք դա իմ անունով են կոչել, գնահատում եմ դա, դա իրականում մեծ գործ է», - ընդգծել է ԱՄՆ նախագահը:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպումը պատմական է անվանել՝ նշելով, որ սա ԱՄՆ-ի և Կենտրոնական Ասիայի միջև փոխգործակցության «նոր դարաշրջանի սկիզբն» է ազդարարում։ Ապա գովեստի խոսքեր է ասել Թրամփի հասցեին. «Դուք հիանալի առաջնորդ եք, պետական գործիչ, որը դրախտից է ուղարկվել, որպեսզի ԱՄՆ քաղաքականություն վերադարձնի առողջ բանականությունն ու ավանդույթները, որոնք բոլորս կիսում և գնահատում ենք՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին հարցերում»։
Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ Ղազախստանը համաձայնել է միանալ Աբրահամի համաձայնագրերին, որը կարգավորում է ԱՄՆ աջակցությունը վայելող Իսրայելի և մուսուլմանական երկրների միջև հարաբերությունները։
Ուզբեկստանի նախագահը Թրամփին անվանել է «աշխարհի նախագահ» և առաջարկել է Կենտրոնական Ասիայում ստեղծել մշտական քարտուղարություն: Շավքաթ Միրզիյոևը նաև բարձր է գնահատել նրա ներդրումը այս ձևաչափը վերսկսելու գործում, որը հիմնվել է դեռ 2015-ին և նպատակ ունի խթանել համագործակցությունը տնտեսական, էներգետիկ և անվտանգության ոլորտներում:
«Մինչ այս ԱՄՆ ոչ մի նախագահ երբեք Կենտրոնական Ասիայի հետ այնպես չի վարվել, ինչպես Դուք: Ես անձամբ և իմ բոլոր գործընկերները շնորհակալ ենք Ձեզ: Մենք զգացինք Ձեր ուշադրությունը, Ձեր վերաբերմունքը», - ասել է Ուզբեկստանի նախագահը:
Ավելի ուշ Թրամփը սոցցանցում գրել է, որ Ուզբեկստանը նախատեսում է հաջորդ տասնամյակի ընթացքում ավելի քան 100 միլիարդ դոլարի ներդրում անել ԱՄՆ-ում, այդ թվում՝ կարևորագույն հանքանյութերի, ավիացիայի, ավտոմոբիլային մասերի արտադրության ոլորտներում:
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն էլ Սպիտակ տան հանդիպմանն ասել է, որ ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են հազվագյուտ հանքանյութերով, որոնցից Տաջիկստանն առատ պաշարներ ունի ու պատրաստ է համագործակցել. «Մենք շատ ենք ցանկանում շարունակել մեր համագործակցությունը անվտանգության հարցերի շուրջ, որոնց համար մինչ այժմ այդքան մտահոգված ենք։ Եվ մաղթում եմ ձեզ հաջողություններ ձեր ջանքերում՝ որպես խաղաղության նախագահ»։
Այս ձևաչափով հանդիպումը Միացյալ Նահանգների բարի կամքի և Կենտրոնական Ասիայի նկատմամբ նվիրվածության ու բարեկամության դրսևորում է, ասել է Ղրղըզստանի նախագահ Սադիր Ջապարովը. «Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը կհանգեցնեն կոնկրետ, փոխշահավետ արդյունքների երկու պետությունների և ժողովուրդների համար: Շատ շնորհակալ եմ ձեր ուշադրության համար»:
Թուրքմենստանի նախագահն իր հերթին էլ վստահություն է հայտնել, որ այս հանդիպումը կհանգեցնի բազմակողմ համագործակցության հետագա ընդլայնմանը:
Ավելի ուշ Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանն ու ԱՄՆ-ն կարևորագույն հանքանյութերի, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում համագործակցության մասին հուշագիր են ստորագրել՝ 17 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ: Կհամագործակցեն նաև ղազախական Beeline-ն ու ամերիկյան Starlink-ը՝ Ղազախստանում արբանյակային մատչելի կապ ապահովելու համար։
Այս հանդիպման շրջանակում նաև ամերիկյան Boeing-ը պայմանագրեր է կնքել Ղազախստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ և 50-ից ավելի ինքնաթիռ կվաճառի այս երկրների ազգային ավիափոխադրողին: