Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը վերահաստատեց՝ հեռանալ չի պատրաստվում


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյան, արխիվ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյան, արխիվ

Չնայած Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի շարունակական ձախողումներին, երկրպագուների դժգոհություններին ու անգամ մարզադաշտերում հնչող հրաժարականի պահանջին՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հեռանալ չի պատրաստվում: Հրաժարականի հարցին նա անդրադարձավ տևական դադարից հետո հրավիրված ասուլիսի ընթացքում:

«Ես հրաժարականի մասին հայտարարություն տվել եմ և ասել եմ, որ հրաժարական չեմ տալու և ինչու», - ասաց Մելիքբեկյանը:

Ազգային հավաքականի անհաջող ելույթների ֆոնին անցած աշնանը երկրպագուների շարժումները Մելիքբեկյանի հեռացման պահանջով փողոց դուրս եկան, բողոքի ակցիաները մարզադաշտեր հասան, շաբաթներ առաջ խաղերից մեկի ընթացքում իրականացված ցույցը ոստիկանական գործողություններով ուղեկցվեց, ձերբակալություններ եղան:

Ինչո՞ւ չի հեռանում ֆեդերացիայի նախագահը. Մելիքբեկյանն ամիսներ առաջ հայտարարել է, թե պարտադիր է համարում սկսված նախաձեռնություններն ավարտին հասցնելը: Հավաքականի արդյունքներն այս խոսքերից հետո, մինչդեռ, է՛լ ավելի վատթարացան. մարտին ընտրանին միայն երկու խաղի ընթացքում 9 գոլ ընդունեց Վրաստանից:

Ջախջախիչ պարտությունից հետո քննադատության ալիքն է՛լ ավելի ուժգնացավ:

«Այո, մենք հասկանում ենք, որ դրանք շատ ծանր պարտություններ են խոշոր հաշվով, երկու պարտություն, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ մինչ այդ երկու տարի մենք ոչ մի խոշոր հաշվով պարտություն չէինք ունեցել, և բոլորը՝ ֆեդերացիայի ամբողջ անձնակազմը, ֆուտբոլիստները, մարզչական անձնակազմը, շատ ծանր են տանում այս պարտությունը, շատ ավելի ծանր, քան շատերը, ովքեր դրանց մասին անընդհատ գրում են, իսկ իրականում կա մի զանգված, որոնք շատ ուզում են այդ պարտությունները տեսնել, որպեսզի հերթական առիթը հանդիսանան քննադատության: Մեր հերթին, մենք փորձում ենք դրանից հետևություններ անել, հասկանալ՝ ինչը որպես ֆեդերացիա կարող էինք ավելի լավ անել, որպեսզի խուսափել դրանից», - հայտարարեց Մելիքբեկյանը:

Ֆեդերացիայի նախագահին հարցեր տալու հնարավորություն լրագրողները հազվադեպ են ունենում: Այսօր հրավիրված ասուլիսը երեք ժամ տևեց. Մելիքբեկյանը նախ իրականացված աշխատանքը ներկայացրեց, հետո հակիրճ անդրադարձավ հեռացման պահանջին: Հրաժարականի մասին հաջորդ հարցերին ֆեդերացիայի ղեկավարը չցանկացավ պատասխանել. - «Էսքան երբ որ ես խոսեցի, և դուք նորից չեք տեսնում, այսինքն, իհարկե, կարելի է տեսնել միայն վատը, և կարելի է չցանկանալ տեսնել լավը, բայց դա արդեն յուրաքանչյուրի անձնական ընկալման հարց է»:

Ազգային հավաքականը իր վերջին 30 խաղերից հաղթել է միայն 6-ում, 19 անգամ պարտվել է, 5 հանդիպում էլ ոչ-ոքի է ավարտվել։ Մինչդեռ տարիներ առաջ, երբ նրան Կառավարությունում վարչապետ Փաշինյանն էր ընդունել, Մելիքբեկյանը շատ ավելի հեռուն գնացող նպատակներից էր խոսում. - «22-ին կամ 24-ին այդ նվազագույն խնդիրը կատարել, դուրս գալ աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, և դա արտացոլված է մեր ռազմավարության մեջ»:

Հավավաքականը ոչ Եվրոպայի, ոչ էլ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ չհասավ: Ֆեդերացիայի նախագահն էլ մոռացել է, թե 4 տարի առաջ ինչ նպատակների մասին է հայտարարել: Պնդեց՝ ինքը նման բան չի ասել. - «Ես չեմ ասել, որ 22-ի և 26-ի եզրափակիչ ենք դուրս գալու, ես ասել եմ՝ մենք պայքարելու ենք ուղեգրի համար»:

Մելիքբեկյանին չհամոզեց նաև իր խոսքերի ուղիղ մեջբերումը. - «Կներեք, որտեղ ա՞ դա գրած»: «Դա գրված է Կառավարության պաշտոնական կայքէջում», - սրան էլ նա արձագանքեց. - «Չէ, գուցե էնտեղ մի բառի սխալ ա եղել, որովհետև ես շատ լավ հիշում եմ էդ հանդիպումը»:

Դիտարկմանը, թե իր խոսքերը փաստող տեսանյութ կա, Մելիքբեկյանն արձագանքեց՝ գուցե լեզվի սայթաքում է եղել: Այնինչ, ֆեդերացիայի նույն՝ 2019-2025 թվականների ռազմավարության ազգային հավաքականներին վերաբերող բաժնում նպատակների շարքում առաջինը հենց այս մրցաշարերից մեկին որակավորվելն է: Ստացվում է՝ ֆեդերացիայի նախագահը չի հիշում, թե իր ղեկավարած կառույցի առանցքային փաստաթղթերից մեկով ինչ թիրախներ են սահմանվել:

Սա այս փաստաթղթում ամրագրված և իրականություն չդարձած թիրախներից միայն մեկն է. օրինակ՝ նպատակ ունեին մինչև այս տարի առնվազն 32 հազար հանդիսական տեղավորող նոր Ազգային մարզադաշտ կառուցել, ինչի շինարարությունն անգամ մինչ օրս չի սկսվել:


XS
SM
MD
LG