Մատչելիության հղումներ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. ընտրանու ղեկը ստանձնում է 61-ամյա նիդերլանդացի մասնագետ Ջոն վան’տ Սխիպը:

Ալեքսանրդ Պետրակովին հեռացնելուց հետո հավաքականը 4 ամիս գլխավոր մարզիչ չուներ, այս ընթացքում Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը պարբերաբար տեղեկացնում էր նոր մարզչի փնտրտուքների մասին և միայն երեկ, առաջիկա պաշտոնական հանդիպումից մեկ ամիս առաջ հայտարարեց նշանակման մասին:

Սխիպը որպես ֆուտբոլիստ երկար տարիներ Ամստերդամի «Այաքս»-ում է խաղացել, մարչզական կարիերան նույնպես այնտեղ է սկսել, ապա աշխատել է մի շարք այլ ակումբներում, մարզել է Հունաստանի հավաքականը, ապա դարձյալ «Այաքս» վերադարձել, նրա վերջին աշխատավայրը հենց հարազատ ակումբն էր.

«Ես Ջոն վան’տ Սխիպն եմ, Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը, շատ ուրախ եմ այստեղ լինելու համար, անհամբերությամբ սպասում եմ թիմի և ֆեդերացիայի աշխատակիցների հետ համագործակցությանը: Կփորձեմ հնարավորինս արագ հարմարվել Հայաստանին, շնորհակալ եմ ընդունելության համար, կտեսնվենք շուտով», - նշել է Սխիպտը:

Շատ երկրպագուներ, սակայն, այդքան էլ ոգևորված չեն հոլանդացու ընտրությամբ, սոցցանցերում են դժգոհում, օրինակ, գրում են՝ հայտնի դեմք չէ: Քիչ չեն նաև հեգնական գրառումները՝ աշխատանքը չսկսած արդեն հրաժարական են պահանջում:

«Մոնիթորինգ անելով սոցիալական մեդիաները՝ երեկ հիմնականում դժգոհություն եմ տեսել ֆուտբոլային գործիչների, երկրպագուների, լրագրողների ստատուսներում, հարցազրույցներում և կարծիքներում», - նշեց Հայաստանում ՈՒԵՖԱ-ի թղթակից Մհեր Խուդավերդյանը:

61-ամյա մասնագետն ազգային հավաքական մարզելու մեկ փորձ է ունեցել, այն էլ ձախողել է, ասում է Հայաստանում ՈՒԵՖԱ-ի թղթակիցը: Սխիպի գլխավորությամբ Հունաստանի ընտրանին 26 հանդիպում է անցկացրել, 11-ում հաղթել է, 9-ում՝ պարտվել:

Մարզական լրագրողները նաև ընդգծում են՝ հոլանդական ֆուտբոլը, այդ մոդելը ու Հայաստանի ազգային հավաքականի խաղաոճը շատ տարբեր են:

«Հոլանդացիները դավանում են տոտալ ֆուտբոլ, որը որքանով կապ ունի Հայաստանի ներկայիս կազմի, ներկայիս ազգային հավաքականի և առհասարակ հայկական ֆուտբոլի փիլիսոփայության հետ դժվար է ասել, ես համենայն դեպս շատ դժվար եմ պատկերացնում, թե ինչ ֆուտբոլ պետք է խաղա Հայաստանի հավաքականը հոլանդացի մարզչի գլխավորությամբ», - ասաց Խուդավերդյանը:

Ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է՝ մասնագետն իր պարտականություններին կացնի մարտից: Սխիպի հետ պայմանագիրը 1+1 ձևաչափով է, սա նշանակում է, որ մեկ տարի անց կողմերը կարող են չշարունակել համագործակցությունը:

Հայաստանում ՈՒԵՖԱ-ի թղթակից Մհեր Խուդավերդյանն այս հանգամանքը մտահոգիչ է համարում. - «Չունենք երկարաժամկետ պլաններ այս մարզչի հետ, որովհետև երբ դու մարզչի հետ կնքում ես 1+1 ձևաչափով պայմանագիր, դու քեզ տեղ ես թողնում մարզչին հեռացնելու ցանկացած ժամանակ, առանց լրացուցիչ գումար վճարելու: Այսինքն դու ինքդ չես հավատում քո կայացրած որոշման իրավացիությանը»:

Վերջին շրջանում գրեթե բոլոր հանդիպումները ձախողած հավաքականն իր առաջիկա հանդիպումը կանցկացնի մարտի 20-ին Երևանում ուժերը չափելով Վրաստանի ընտրանու հետ, ապա երեք օր անց թիմերը կհանդիպեն արդեն Թբիլիսիում: Երկու խաղերի հանրագումարում հաղթելու դեպքում Հայաստանի ընտրանին ազգերի լիգայի կարգով ավելի բարձր B դիվիզիոն կտեղափոխվի:

Հայաստանի հավաքականը վերջին հինգ խաղերից հաղթել է միայն մեկում, մեկ հանդիպում ոչ ոքի է ավարտվել, երեքում պարտվել է:

XS
SM
MD
LG