Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Ըստ ԱԱԾ հաղորդագրության, Արմեն Աբազյանը ներկայացրել է նիստին նախորդող ժամանակահատվածում իրականացրած հանդիպումների արդյունքները՝ վերահաստատելով Հանձնաժողովի հանձնառությունը՝ շարունակելու անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանման ուղղությամբ համալիր և համակարգված աշխատանքը:
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Հանձնաժողովին ներկայացրել են անհայտ կորելու հանգամանքների վերաբերյալ Կոմիտեում կատարվող քննության արդյունքները:
ԱԱԾ տնօրենը հույս է հայտնել, որ համատեղ և համակարգված աշխատանքը կբերի շոշափելի արդյունքի՝ ուղղված անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզմանը:
Հունիսի 4-ին հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչները, անդրադարձել հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանն առնչվող հումանիտար հարցերին։
Հայաստանը շուրջ 1200 անհետ կորած անձի հարց է բարձրացնում։ Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ։ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորել է շուրջ 200 հայ զինվոր։