Մատչելիության հղումներ

Անհետ կորածների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան


Ազգային ժողովում ընթացող Կառավարության հետ հարցուպատասխանին զուգահեռ անհետ կորածների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան։ Այն այժմ երկկողմանի փակ է:

Անհետ կորածներից մեկի հարազատը՝ Արսեն Ղուկասյանն, «Ազատությանն» ասաց, որ իրենց գլխավոր պահանջն է վերականգնել պաշտոնում ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արմեն Աբազյանին: Աբազյանի պաշտոնանկության մասին հայտնի դարձավ այսօր առավոտյան:

Արսեն Ղուկասյանը և մյուսները մտահոգություն ունեն, որ նրա պաշտոնանկությունից հետո որևէ մեկը գործուն քայլեր չի անի անհետ կորածների հարցերով, և սա կմտնի փակուղի:

Ղուկասյանի խոսքով՝ Աբազյանի հետ պարբերաբար հանդիպումներ են ունեցել, հավելեց՝ նա զբաղվում էր իրենց հարազատների որոնողական աշխատանքներով: Արմեն Աբազայանը գլխավորում էր անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը: Ըստ Ղուկասյանի՝ Աբազյանն իրենց վստահեցրել է, որ մինչև վերջ իրենց կողքին է լինելու:

Անհետ կորածների հարազատներն ասում են, որ փաստորեն նոր տնօրենի հետ պիտի այս թեման սկսեն նորից քննարկել, նրան ներգրավեն միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին, որին երբեք, ըստ նրանց, չի մասնակցել ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանը:

Ոստիկանության աշխատակիցները բանակցում են, որ պողոտան բացեն, սակայն դեռևս ապարդյուն:

ԱԱԾ հակահետախուզության պետ Դավիթ Սանամյանն այժմ բանակցում է նրանց հետ: Այստեղ է նաև փոխոստիկանապետ Դավիթ Խուդինյանը:

Քիչ առաջ այս հատվածով անցավ նաև արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նախարարը, սակայն, չմոտեցավ անհետ կորածների հարազատներին։

ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել և չի կարող փոխել, «կա ինստիտուտ և ինստիտուցիոնալ կառույց», այսօր խորհրդարանում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով անհետ կորած զինվորների հարազատների հնչեցրած մտահոգություններին, թե ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնանկությունից հետո իրենց երեխաների ճակատագրով զբաղվող չի լինելու:

Հայաստանը շուրջ 1200 անհետ կորած անձի հարց է բարձրացնում։ Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ։ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորել է շուրջ 200 հայ զինվոր։


Լրացում

Ժամը 19:50-ի դրությամբ Բաղրամյան պողոտան շարունակում է երկկողմանի փակ մնալ։


XS
SM
MD
LG