Մատչելիության հղումներ

Գոնե թարմ պահենք երեխեքի գերեզմանները. Արցախցիները պահանջում են արտաշիրիմում անել և հարազատների մարմինները Հայաստան բերել


Գերիների ու անհետ կորածների հարազատները՝ ԱԱԾ շենքի առջև
Գերիների ու անհետ կորածների հարազատները՝ ԱԱԾ շենքի առջև

Մարինա Ղուկասյանը հույսը չի կորցնում, որ որդու մարմինը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախից մի օր Հայաստան կտեղափոխվի: Որդեկորույս մայրը մի խումբ արցախցիների հետ այսօր դարձյալ կառավարության մոտ էր: Հարազատներին կորցրած արցախցիները պահանջում են, որ կառավարությունը Ադրբեջանի հետ բանակցի ու արտաշիրիմում անի. 2023-ին զոհվածների մարմիններն այստեղ բերեն. «Մայրը, ի՞նչ կուզի. Գոնե իր երեխու գերեզմանին ներկայանա», - ասում է որդեկորույս մայրը։

Նադեժդա Արզումանյանն էլ զինվորական որդու մարմինն է թողել Արցախում, սեպտեմբերի 19-ին է զոհվել, հուղարկավորել ու Հայաստան են եկել. «Արտաշիրում պահանջում ենք այն իմաստով, որ գոնե մեր երեխեքին բերենք, հուղարկավորենք Եռաբլուրում ու կարողանանք այցի գնալ, թարմ պահենք մեր էրեխեքի գերեզմանները»:

Կառավարության մոտ էին նաև գերիների ու անհետ կորածների հարազատները՝ մի տեղեկություն լսելու հույսով: 2023-ի պատերազմի ժամանակ բենզինի պայթյունի հետևանքով անհետ կորածների հարազատներն էլ էին եկել: Պահանջում են, որ կառավարությունը պարզի նրանց ճակատագիրն ու մի լուր հայտնի: Երեք տարի է՝ ապրում են անորոշության տառապանքով. «Մարդկանց ճակատագիրն անորոշ է, ահավոր մի բան է, խելագարվելու մի բան է. ծնողն ակնկալում է, որ իր երեխու գոյության, ողջ լինելու մասին ինչ-որ մի տեղեկություն և հարցի լուծում տրվի, այսպես ինչպե՞ս կարելի է»:

Լուսինեի ամուսինն ու եղբայրը անհետ կորել են դիրքերից, կցկտուր տեղեկություններ լսել է, որ ադրբեջանցիներն են տարել, բայց պաշտոնապես ոչինչ չգիտի: Նա վստահ է, որ ողջ են ու Ադրբեջանում են. «Ինչ տարածքում իրենք անհայտ կորել են, տարածքը նայել են, դիակներ չկային, արյան հետքեր չկային։ Ես համոզված եմ, որ իրենք ողջ են, գտնվում են Ադրբեջանում, ուղղակի չեն հաստատում, որ գերի են։ Չգիտեմ՝ ինչու, ինչ պատճառներով»:

Արցախցիները մի դիմում կառավարությանը հանձնեցին, մեկն էլ՝ Ազգային անվտանգության ծառայությանը: Այստեղ նրանց հանդիպեց գերիների ու անհետ կորածների հանձնաժողովի ներկայացուցիչը: Վստահեցրեց, թե հարցը իրենց օրակարգում է: Հանձնաժողովի ղեկավարը արգելեց մեզ նկարահանել իր ու արցախցիների զրույցը:

«Տեղեկացրեց, որ կան որոշակի գործընթացներ, որոնց մասին շատ հրապարակային խոսել չի կարող, որովհետև կարող է վնաս տալ գործընթացին: Համենայնդեպս, ծնողների կողմից, հարազատների կողմից, մեր կողմից պահանջն այն եղավ, ու հարազատները պետք է պարբերաբար տեղեկացված լինեն տեղի ունեցող գործընթացներին և որպեսզի նաև այդ վստահություն ունենան, որ, կոնկրետ աշխատանքներ են իրականացվում: Առիթ էր հասկանալու համար՝ արդյոք կա՞ն որոշակի շփումներ, թե՞ ոչ, ըստ էության, ինչպես հասկացանք՝ կան», - ասաց Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը:

Արցախցիները նախկինում էլ այս հարցով հանդիպել են ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանին: Հանդիպում գործող տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հետ էլ է եղել, բայց կարծում են, որ Աբազյանը լավատեղյակ է ու պահանջում էին նաև, որ նրան էլ ընդգրկեն հանձնաժողովի աշխատանքներում: Ամեն դեպքում, թե՛ նախկին, թե՛ գործող տնօրենի հետ հանդիպումներում կոնկրետ պատասխան դեռ չեն ստացել. «Մենք էլ առաջարկեցինք, որ խնդրում ենք պատասխանը լինի հստակ և հարցին լուծում տրվող, այլ չլինի նախորդ նամակների պատասխանների նման, այսինքն ձևական բնույթ կրող պատասխան չստանանք», - ասացին հավաքված հարազատները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG