Մատչելիության հղումներ

«Ես Արցախի ժողովրդի մասին ընդհանրական բան չեմ ասել, կոնկրետ մարդկանց մասին եմ ասել». Ալեն Սիմոնյանը խմբագրել է խոսքերը


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ

Սամվել Շահրամանյանը Ալեն Սիմոնյանից ներողություն է պահանջում

Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը պահանջում է, որ Ազգային ժողովի խոսնակը ներողություն խնդրի Արցախի տեղահանված ժողովրդից: Ալեն Սիմոնյանը երեկ արցախցի լրագրողի հարցին պատասխանելիս ասել էր, թե պետք է մնային ու կռվեին Արցախի համար:

«Այս հայտարարությամբ Ալեն Սիմոնյանը փորձել է նվաստացնել Արցախի ժողովրդի հերոսական պայքարն ավելի քան 9-ամսյա պաշարման և դրանից հետո վրա հասած լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ», - նշել է Սամվել Շահրամանյանը՝ հորդորելով պառակտիչ և վտանգավոր հայտարարությունների փոխարեն Ալեն Սիմոնյանը խորհրդարանի բարձր ամբիոնն օգտագործի արցախահայության գոյաբանական խնդիրների լուծման համար:

«Ո՞նց է Շահրամանյանն իր ախրանիկներով կարողացել Արցախից դուրս գալ»


«Ինչ վերաբերում է Շահրամանյանին, նախ մինչև նամակ գրելը թող պատմի՝ ինքը ո՞նց է իր ախրանիկներով կարողացել Արցախից դուրս գալ, իսկ մնացած գործընկերները չեն կարողացել դուրս գալ, ո՞նց է ստացվել, որ ինքն այստեղ է հայտնվել», - ասել է ԱԺ նախագահը:

Ալեն Սիմոնյանը չի պատրաստվում ներողություն խնդրել, բայց խոսքերն այսօր խմբագրել է: Լրագրողներին բացատրել է՝ իր խոսքերը շարքային քաղաքացիներին չէին ուղղված, Արցախի քաղաքական ղեկավարությանն է մեղադրում Ադրբեջանի դեմ չկռվելու, Արցախը լքելու համար:

«Ես Արցախի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասին ընդհանրական որևիցե բան չեմ ասել, ես ասել եմ կոնկրետ մարդկանց մասին, ովքեր ոչ թե վերադառնում էին Ղարաբաղից, այլ վերադառնում էին Հյուսիսային պողոտա՝ իրենց տները: Երեկ ես ջղայնացա, որովհետև լրագրողը եկել է, ասում է՝ բա, ե՞րբ ենք վերադառնում: Իմ զայրույթն այդտեղից է, որ պետք չէր Ղարաբաղը դատարկել, քաղաքական բանի մասին է: Ես չեմ ասում՝ կանայք և երեխաները պետք է մնային այնտեղ, և յաթաղանը գար, մորթեր: Սրա մասին չէ խոսքը, այդ էմոցիոնալ, այդ լոլոն, որ փորձում են հանրությանը հրամցնել, չի անցնելու», - հայտարարեց ԱԺ նախագահը:

Ովքե՞ր են դատարկել, ովքե՞ր են կոչ արել սահմանը բացել, որ Արցախից հեռանան. Ալեն Սիմոնյանն անուններ չնշեց, շարունակեց անհասցե քննադատել:

Սիմոնյանի այսօրվա հայտարարությունները Գեղամ Ստեփանյանը «աճպարարություն» է համարում

ԱԺ խոսնակի հայտարարությունը տակնուվրա էր արել սոցիալական ցանցերը, մարդիկ անողոք քննադատում էին բարձրաստիճան պաշտոնյային, հրապարակում անուններ ու ցուցակներ, որ մարդիկ կռվել, զոհվել ու անհետ կորել են հանուն Արցախի:

Ալեն Սիմոնյանի այսօրվա բացատրությունները չեն համոզել Արցախի մարդու իրավունքների վերջին պաշտպան Գեղամ Ստեփանյանին:

«Այդ աճպարարությունները՝ հիմա արդարանալու կամ ներկայացնելու, որ դա ուղղված չէր արցախցիներին, այլ ուղղված էր քաղաքական իշխանություններին կամ այլ պաշտոնական ներկայացուցիչների, ուղղակի ծիծաղելի են, և որևէ ձևով օրինակ՝ ինձ համար ընդունելի չեն», - ասաց նա:

Ադրբեջանը մոտ 120 հազար բնակչությամբ Արցախի վրա հարձակվեց ինը ամիս պաշարելուց հետո: Սովին, ցրտին դիմադրած արցախցիները ադրբեջանական բանակի դեմ էլ կռվեցին ու իրենց տները թողեցին, երբ ադրբեջանցիները Ստեփանակերտի մատույցներում էին: Նիկոլ Փաշինյանի թիմակիցները, արցախցիներին մեղադրելով, փորձում են պատասխանատվությունից խուսափել, մեղավորներ կարգել, ասում է Գեղամ Ստեփանյանը: Նա հիշեցնում է՝ Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության զեկույցն է փաստել՝ ադրբեջանական սպառնալիքների տակ Արցախում հայերի ապրելն անհնար էր:

XS
SM
MD
LG