Մատչելիության հղումներ

Շահրամանյանը պահանջում է, որ Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրի Արցախի տեղահանված ժողովրդից


Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը դատապարտել է Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի հայտարարությունները և պահանջել, որ Ալեն Սիմոնյանը հրապարակային ներողություն խնդրի Արցախի տեղահանված ժողովրդից:

«Այս հայտարարությամբ Ալեն Սիմոնյանը փորձել է նվաստացնել Արցախի ժողովրդի հերոսական պայքարն ավելի քան 9-ամսյա պաշարման և դրանից հետո վրա հասած լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ», - նշել է Շահրամանյանը:

Ալեն Սիմոնյանն արցախցիներին մեղադրել է վերջին պատերազմում ադրբեջանցիների դեմ չկռվելու համար: «Դուք երբ որ դուրս եկաք ըտեղից, դուրս եկաք ըտեղից, որովհետև անվտանգ չէր: Չնայած կարելի էր մնալ և պայքարել մինչև վերջ, բայց դուրս եկաք», - ասել է ԱԺ նախագահը՝ շարունակելով. - «Էն զենքերով [պայքարել], որը որ Հայաստանի Հանրապետությունը իրա ամբողջ բանով թողել և տվել էր»:

«Կռիվը չի տարվում միայն մարտի դաշտում, այլև քաղաքական ու դիվանագիտական ճակատներում, որի առաջնագծում է նաև Ալեն Սիմոնյանը, ով տարբեր ժամանակահատվածներում, ելնելով քաղաքական և այլ նպատակահարմարությունից, Արցախի և Հայաստանի համար կարևորագույն հարցերում փոխել է իր կարծիքն ու դիրքորոշումը», - նշված է Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում:

Արցախի վերջին նախագահը պահանջում է Հայաստանի ԱԺ նախագահից՝ «զերծ մնալ արցախցիների պայքարն ու հայրենիքի պաշտպանությունը սակարկման ենթարկող որևէ գնահատականից, միևնույն ժամանակ մեկնաբանել հայտարարությունը, թե ով և ում էր զանգում Արցախից ու խնդրում բացել այսպես կոչված սահմանը»:

«Հաշվի առնելով արցախցիների շրջանում Ալեն Սիմոնյանի հայտարարության լայն բացասական արձագանքը՝ Սամվել Շահրամանյանը հորդորում է պառակտիչ և վտանգավոր հայտարարությունների փոխարեն ՀՀ Ազգային ժողովի բարձր ամբիոնն օգտագործել արցախահայության գոյաբանական խնդիրների լուծման համար, ամբողջ էներգիան ու ջանքերն ուղղել արցախցի քույրերին և եղբայրներին առաջարկվող բնակարանային ապահովման տապալված ծրագրի վերանայմանը և բավարար պայմաններ ստեղծել, որ արցախցիները մնան Մայր Հայաստանում», - ասված է հաղորդագրությունում:

Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել է. - «Նկատի չունեմ, որ որևիցէ մեկը Ղարաբաղից Ղարաբաղի համար կռիվ չի արել, ես նկատի ունեմ, որ զանգում էին մեզ ասում էին՝ «մենք դուրս ենք գալիս, մենք ստեղ էլ չենք մնալու, մենք դուրս ենք գալիս, բացեք սահմանը, մենք դուրս ենք գալիս»: Ասում ենք՝ «բա զինվորը ո՞նց կանգնի, եթե դուք բոլորով դուրս եք գալիս, կամ ո՞նց եք դուք դուրս գալիս»: «Չէ, չէ, չէ, բացեք, մենք բոլորով դուրս ենք գալիս»: Չէ, չէ, չէ, իհարկե, պիտի դուրս գան, հենց կրակում են՝ պիտի բոլորը դուրս գան, հեսա հենց կրակեն սահմանին՝ Սյունիքից բոլորով կհավաքվեք, դուրս կգաք: Ուրեմն, բոլորը պետք է մնան և պաշտպանեն իրենց հայրենիքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG