Մատչելիության հղումներ

ԱԺ խոսնակն արցախցիներին մեղադրում է վերջին պատերազմում ադրբեջանցիների դեմ չկռվելու համար


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ

«Պետք է էր կռվել, պետք էր կռվել». - Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն արցախցիներին մեղադրում է վերջին պատերազմում ադրբեջանցիների դեմ չկռվելու համար: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Սիմոնյանը բորբոքվեց, երբ արցախցի լրագրողը հարցրեց՝ ե՞րբ կկարողանա վերադառնալ իր հայրենիք:

«Դուք երբ որ դուրս եկաք ըտեղից, դուրս եկաք ըտեղից, որովհետև անվտանգ չէր: Չնայած կարելի էր մնալ և պայքարել մինչև վերջ, բայց դուրս եկաք», - ասաց ԱԺ նախագահը՝ շարունակելով. - «Էն զենքերով [պայքարել], որը որ Հայաստանի Հանրապետությունը իրա ամբողջ բանով թողել և տվել էր»:

Ազգային ժողովի խոսնակի խոսքերից հետո սոցիալական ցանցերը հեղեղվեցին քննադատությամբ ու զայրույթով: Արցախի մարդու իրավունքների պաշտպանն արձագանքեց բարձրաստիճան պաշտոնյայի մեղադրանքին՝ այն որակելով անբարոյականություն ու ցինիզմ:

«Ի պատասխան Ազգային ժողովի նախագահի՝ կարելի է բերել բազմաթիվ փաստեր, պայքարի և անձնազոհության բազմաթիվ դրվագներ, բայց այդ ամենն անիմաստ է, երբ գործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության, ստորության և ցինիզմի հետ», - գրեց Գեղամ Ստեփանյանը:

Ալեն Սիմոնյանի աղմկահարույց հայտարարությունից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հրապարակեց մարդկանց անունները, որ դիմադրել են ադրբեջանական ագրեսիային, զոհվել ու անհետ կորել: Պատգամավորի հրապարակած ցուցակում 265 անուն կա: Պատգամավորը Սիմոնյանին խորհուրդ է տալիս բարձրանալ Ազգային ժողովի գաղտնի բաժին ու ծանոթանալ այդ անուններին:

«Ալեն Սիմոնյանին խորհուրդ կտամ վաղը, օրինակ, բարձրանալ գաղտնի բաժին, գաղտնի բաժնում ուզել 2023 թվականի սեպտեմբեր 19-20-ի զոհերի ցանկը, որը իմ հարցման ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունը զորամաս առ զորամաս ուղարկել է, բայց գաղտնիության գրությամբ է ուղարկել, որ դա չկարողանամ հրապարակել: Բայց թող Ալեն Սիմոնյանը տեսնի, որ հարյուրհիսունքանի զինծառայող, կամավոր, աշխարհազորային, կենաց-մահու, մի քանի օր հաց չկերած՝ էդ տղերքը կենաց-մահու, պատվով մարտ են մտել և նահատակվել Արցախում», - հայտարարեց Մանուկյանը:

Գեղամ Մանուկյանի եղբայրն էլ, որ Արցախում բարձրաստիճան զինվորական էր, այժմ Բաքվի բանտում է: Դավիթ Մանուկյանը գերեվարվեց Արցախի հայաթափումից հետո: Դավիթ Մանուկյանին Արցախի քաղաքական ղեկավարության հետ դատում են բազմաթիվ ծանր հոդվածներով:

Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովի միջանցքներում իր աղմկոտ խոսքերով չբավարարվեց, մեղադրանքն ավելի սրեց խորհրդարանի բարձր ամբիոնից:

«Նկատի չունեմ, որ որևիցէ մեկը Ղարաբաղից Ղարաբաղի համար կռիվ չի արել, ես նկատի ունեմ, որ զանգում էին մեզ ասում էին՝ «մենք դուրս ենք գալիս, մենք ստեղ էլ չենք մնալու, մենք դուրս ենք գալիս, բացեք սահմանը, մենք դուրս ենք գալիս»: Ասում ենք՝ «բա զինվորը ո՞նց կանգնի, եթե դուք բոլորով դուրս եք գալիս, կամ ո՞նց եք դուք դուրս գալիս»: «Չէ, չէ, չէ, բացեք, մենք բոլորով դուրս ենք գալիս»: Չէ, չէ, չէ, իհարկե, պիտի դուրս գան, հենց կրակում են՝ պիտի բոլորը դուրս գան, հեսա հենց կրակեն սահմանին՝ Սյունիքից բոլորով կհավաքվեք, դուրս կգաք: Ուրեմն, բոլորը պետք է մնան և պաշտպանեն իրենց հայրենիքը», - հայտարարեց խորհրդարանի խոսնակը:

Ադրբեջանը հարձակվեց Արցախը շուրջ ինն ամիս շրջափակելուց հետո, սովին, ցրտին ու հետո էլ ադրբեջանական հրթիռներին դիմադրած արցախցիները լքեցին իրենց տները, երբ ադրբեջանցիներն արդեն Ստեփանակերտի մատույցներում էին: Այդ անհավասար պայքարում մի քանի ժամում հարյուրավոր ադրբեջանցիներ են զոհվել, Ալեն Սիմոնյանին խորհրդարանի ամբիոնից պատասխանեց ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Մի օրում արցախցիները, մի քանի ժամում Ադրբեջանին պատճառում են 203 զոհ, 500-ից ավելի վիրավորում: Էդ թիվը զոհերի հինգ անգամ ավելի շատ է, քանի 44-օրյա պատերազմին միջինում զոհված ադրբեջանցիների թվից, այ տենց են կռվել: Ու հիմա էս մարդիկ գալիս են արցախցիներին, որ ամեն տունը ունի զոհ ու ամեն տունը ունի զինվոր, ասում են՝ «չեք կռվել, մնայիք բա կռվեիք»: Որ չեն կռվել էդ մարդիկ, ո՞ւմ էին հուղարկավորում էդ վերջին օրը, ո՞ւմ էին հուղարկավորում, որ հետո չգիտեին՝ ոնց վերցնեն տանեն: Արցախցիները կռվել են իմ փոխարեն էլ, ձեր փոխարեն էլ», - հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG