«Մենք դեռ Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու հայտ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք», - «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է դաշինքի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։
Չհստակեցնելով՝ դիմումը ստանալու դեպքում Բրյուսելը հավանություն կտա, թե ոչ, եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը միայն ընդգծել է՝ Երևանում հնչող այդ ցանկությունը ցույց է տալիս, թե որքան գրավիչ է այսօր եվրոպական ընտանիքը։
«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի խորհրդարանում, ցույց է տալիս, որ Եվրամիության գրավչությունը հիմա ավելի բարձր է, քան նախկինում։ Ցանկացած երկրի համար Եվրամիության անդամակցությանը դիմելու համար երկու պայման կա՝ այն պետք է լինի պետություն և լինի Եվրոպայում։ Մենք Հայաստանից դիմում դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք, բայց, ինչպես ասացի, սա ցույց է տալիս, որ մենք հետաքրքիր ենք բազմաթիվ երկրների համար», - նշել է Մարտա Կոսը։
Անցած ամիս Հայաստանի խորհրդարանն ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը: Միաժամանակ, պաշտոնական Երևանը հայտարարում է՝ թեև օրինագիծը համահունչ է Եվրամիության հետ հարաբերությունների խորացման ծրագրին և Հայաստանի որդեգրած՝ բալանսավորման արտաքին քաղաքականությանը, սակայն այն Եվրամիության անդամակցության հայտ չէ: «Այդ դիմումը ներկայացնելու համար Հայաստանը մի շարք ընթացակարգեր պետք է անցնի, երբ լինի, կդիտարկենք», - «Ազատությանն» ասել է Մարտա Կոսը։
«Մոլդովան իսկապես ամբողջ խմբի լավ ուսանողն է»
«Պետք է որոշ պայմաններ բավարարվեն, հետո կտեսնենք», -
նշել է Եվրամիության ընդարձակման գլխավոր պատասխանատուն, միաժամանակ չի բացառել, որ Մոլդովան կարող է դաշինքի անդամ դառնալ իր պաշտոնավարման օրոք՝ մինչև 2029 թվականը։ «Մեր կողմից ձախողում կլինի, եթե ներկայիս Եվրահանձնաժողովի օրոք մենք Եվրամիություն չընդունենք որևէ նոր անդամի», - ասել է նա, ընդգծելով, որ բալկանյան պետություններից՝ Ալբանիայից ու Չեռնոգորիայից բացի, նորեկների շարքում կարող է նաև Մոլդովան լինել։
«Մոլդովան իսկապես ամբողջ խմբի լավ ուսանողն է, նրանք իսկապես զգում են այս պատմական պահը։ Եվ սա մի բան է, որ մենք թերևս նախկինում չենք տեսել, քանի որ նրանք ուզում են պատկանել մի համայնքի, որտեղ կարևոր են արժեքներն ու ժողովրդավարությունը, և նրանք ուզում են հնարավոր ամեն բան անել՝ դրան հասնելու համար», - նշել է Մարտա Կոսը։
Ընդ որում, Կոսն ասել է, որ Մոլդովայի հնարավոր անդամակցության հարցում այսօր առնվազն Եվրամիության երկրների շարքում ընդդիմություն չկա՝ ի տարբերություն, օրինակ, Ուկրաինայի, որի անդամակցության շուրջ բանակցություններն այժմ արգելափակված են․ Հունգարիան վետո է կիրառել, պնդելով, թե Կիևը պատշաճ չափով չի պաշտպանում իր հունգարալեզու փոքրամասնության իրավունքները։ «Պետք է տեսնենք՝ ինչպես ենք համոզում Բուդապեշտին հետ կանգնել այդ որոշումից», - ասել է ընդարձակման հարցերով հանձնակատարը, պնդելով, որ Ուկրաինայի անդամակցությունը եվրոպական դաշինքին ոչ միայն քաղաքական որոշում է, այլև՝ անվտանգային:
«Եվրամիության ընդարձակումը միայն դաշինքի անդամ դառնալը չէ, իմ տեսլականով՝ լինել ԵՄ անդամ նշանակում է քաղաքական խարիսխ գցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար։ Մոտ ապագայում Ուկրաինան թերևս ի վիճակի չի լինի ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, բայց Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը կարող է ունենալ այդ քաղաքական էֆեկտը», - ասել է նա։
Ուսումնասիրում ենք՝ ինչպես կարող ենք իրականացնել երկխոսությունը, որ կարողանանք վերադարձնել Վրաստանը եվրոպական ուղի. Կոս
Մոլդովայից ու Ուկրաինայից բացի, երեք տարի առաջ նաև Վրաստանը Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստացավ։ Թբիլիսիի հետ բանակցությունները, սակայն, այժմ փաստացի փակուղի են մտել՝ Բրյուսելը քննադատում է Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ին՝ արևմտյան արժեքներից շեղվելու, մի շարք աղմկահարույց օրենքներ ընդունելու ու անցած տարվա զանգվածային բողոքի ցույցերը բռնությամբ ճնշելու համար։
«Մենք կարող ենք ավելի հեռուն գնալ ու Թբիլիսիի դեմ պատժամիջոցներ կիրառել, այդ թվում՝ սառեցնել անդամակցության շուրջ բանակցությունները կամ ազատ վիզային ռեժիմը», - «Ազատության»-ն ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը։
Միաժամանակ պնդել է՝ պատժելուց առավել խելամիտ է պահպանել երկխոսությունը Թբիլիսիի հետ:
«Կարծում եմ՝ ամենահեշտ բանը չխոսելն է, բայց խոսելով դու տեղեկանում ես՝ ինչ է ուզում դիմացինդ, և ինչ կարող ես դու առաջարկել։ Ուստի, մենք հիմա ուսումնասիրում ենք՝ ինչպես կարող ենք իրականացնել այս երկխոսությունը, որպեսզի կարողանանք վերադարձնել Վրաստանը դեպի եվրոպական ուղի», - ընդգծել է Մարտա Կոսը:
Թուրքիայի անդամակցության հնարավորության մասին
Վրաստանից բացի նաև Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններն են սառեցված՝ արդեն ավելի քան հինգ տարի, կրկին՝ ժողովրդավարության ուղղությամբ բացթողումների ու մարդու իրավունքների կոպտագույն խախտումների համար։ Եվրամիության ընդարձակման հարցերով բարձրագույն հանձնակատարը, սակայն, «Ազատության»-ը տված բացառիկ հարցազրույցում նշել է, որ Բրյուսելը հակված է վերանայել այդ դիրքորոշումը։
«Մենք հիմա բարձր մակարդակի երկխոսություն ենք սկսել՝ տնտեսության, հետո էլ կանցնենք միգրացիայի հարցերին։ Նաև գործարար շրջանակն է ուզում, որ մենք գնանք այդ ուղղությամբ», - ասել է Մարտա Կոսը, մանրամասնելով՝ այսօր Եվրամիության ու Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը հասնում է շուրջ 240 միլիարդ եվրոյի։