Մատչելիության հղումներ

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը


Խորհրդարանն այսօր ամբողջությամբ ընդունեց Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը:

Սա Հայաստանի պատմության մեջ թերևս ամենակարճ օրինագիծն է, այն բաղկացած է 25 բառից կազմված միայն մեկ նախադասությունից. օրենքը խորհրդարանում ծայրից ծայր կարդաց Եվրաինտերգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

«Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում է Հայաստանի Հանրապետության Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկը», - նշեց Եղոյանը:

Նախագիծն Ազգային ժողով էր բերել «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը, մինչ այդ նրանք ստորագրություններ էին հավաքել, որ կարողանան օրենքը խորհրդարանի քննարկմանը դնել: Նախաձեռնության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը նշեց, որ ստորագրությունները հավաքվել են շատ արագ՝ սահմանված ժամկետի կեսում արդեն անհրաժեշտ ստորագրություններից կրկնակի շատ էին հավաքվել: Նաև իրենց անցկացրած հարցումներից ելնելով՝ ասաց, որ կարող են պնդել՝ Հայաստանի քաղաքացիները ցանկանում են գնալ դեպի Եվրամիություն:

Այնուամենայնիվ, առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագծից հանվել է «արտահայտելով ժողովրդի կամքը» արտահայտությունը, կառավարությունը նկատել էր՝ չեն կարող այս բառերը թողնել նախագծում, քանի որ այդ հարցով հանրաքվե չի անցկացվել, պարզաբանեց Եվրաինտերգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Արման Եղոյան
Արման Եղոյան

«60 հազար քաղաքացի ներկայացրել է իր առաջարկը, մենք այն կարող էինք կա՛մ ընդունել, կա՛մ մերժել, սակայն ընդունելուց ճիշտ չէր լինի, որ մենք արձանագրեինք, որ մենք արտահայտում ենք ամբողջ ժողովրդի կամքը, որովհետև դրա համար կա մեկ այլ ինստիտուտ՝ հանրաքվեն: Քանի որ հարցը հանրաքվեով չի որոշվում, այս նկատառումով այդ նախադասությունը հանվել է», - ասաց Եղոյանը:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ քվեարկությանը չի մասնակցի ու քննադատեց նախագիծը, գործընթացը համարեց իշխող մեծամասնության արկածախնդրությունը, իսկ բուն օրինագիծը՝ բաժակաճառ:

Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան

«Սա օրենք չի, օրենքի ծաղր է, օրենքը, երբ որ Ազգային ժողովն ընդունում է նախագահ, վավերացնում է, օրենքը պարտադիր է կատարման: Բայց հիմա եթե այս օրենքն ընդունվի, որով հայտարարվում է Հայաստանի Հանրապետության Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին, ես առավոտից-գիշեր էս ամբիոնից խոսեմ, որ ես դեմ եմ Եվրամիության անդամակցությանը, Եվրամիության անդամակցությունը հանցագործություն է, մեկն ինձ չի կարող պատասխանատվության ենթարկել», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկվար Հայկ Կոնջորյանն էլ իր հերթին քննադատեց «Հայաստան» խմբակցությանը՝ քվեարկությանը չմասնակցելու համար:

Հայկ Կոնջորյան
Հայկ Կոնջորյան

«Բոլոր այն դեպքերում, որտեղ Հայաստանի Հանրապետությունը փորձ է անում դիվերսիֆիկացնել իր քաղաքականությունն ու ամրապնդել իր անվտանգությունը, դուք, բնականաբար, գնում եք հին, կոտրած տաշտակի առջև կանգնելու ճանապարհով», - նշեց Կոնջորյանը:

Ի՞նչ է նշանակում այս օրենքի ընդունումը: Այն չի ենթադրում, որ Եվրամիության անդամակցության հարցով առաջիկայում հանրաքվե կանցկացվի, Եվրամիության անդամության թեկնածու դառնալու գործընթաց Հայաստանը դեռ չի նախաձեռնել, դրա համար այլ ընթացակարգեր են նախատեսված: Փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն այսօր շեշտեց՝ թեև օրինագիծը համահունչ է Եվրամիության հետ հարաբերությունների խորացման ծրագրին և Հայաստանի որդեգրած՝ բալանսավորման արտաքին քաղաքականությանը, սակայն այն Եվրամիության անդամակցության հայտ չէ:

Պարույր Հովհաննիսյան
Պարույր Հովհաննիսյան

«Օրինագիծն ինքնին չի հանդիսանում Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հայտ, այնուամենայնիվ, այն հաղորդում է Եվրամիության հետ գործընկերության գոյացումը նոր մակարդակի հասցնելու ցանկության ունեցող Հայաստանի քաղաքացիների ձգտումն ու համահունչ է բալանսավորված ու բալանսավորման արտաքին քաղաքականությանը», - ընդգծեց Հովհաննիսյանը:

Ըստ Եվրամիության ներկայացուցիչների՝ Հայաստանի Եվրամիության անդամակցությունը երկար ժամանակ ու ջանքեր է պահանջելու, անդամակցության ճանապարհին Հայաստանն ահռելի բարեփոխումներ պետք է իրականացնի, երկրի օրենսդրությունը՝ արդարադատության ոլորտից մինչև սոցիալական, եվրոպական չափանիշներին համապատասխանեցնի: Նախաձեռնության հեղինակները կարծում են, որ օրինագիծը Հայաստանի ձգտումներն է ներկայացնում:

Իսկ իշխող ուժի ներկայացուցիչներն այն համարում են իրենց քաղաքական կամքի արտահայտությունը:

Օրինագիծն ընդունվեց 64 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ: Կողմ էին իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն ու խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանը, Աղազարյանի կուսակից Հակոբ Ասլանյանը դեմ էր, դեմ էին նաև անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանն ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները:



XS
SM
MD
LG