Մատչելիության հղումներ

Միրզոյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչը խոսել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ծրագրերից


Հայաստանի և Եվրոպական միության միջև ակտիվ քաղաքական երկխոսության և փոխգործակցության հարցերն այսօր հեռախոսազրույցում քննարկել են Հայաստանի արտգործնախարարն ու ԵՄ բարձր ներկայացուցիչը:

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված ընթացիկ և առաջիկա ծրագրերին: ԱԳՆ-ից փոխանցում են, որ նախարար Միրզոյանը կարևորել է առկա գործիքակազմի կիրառման միջոցով շարունակական գործնական ձեռքբերումների ապահովման ուղղությամբ համատեղ ջանքերը:

Հայաստան-Եվրամիություն նոր օրակարգի շուրջ բանակցությունները գրեթե ավարտին են հասել, երեկ հայտարարեց փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Ըստ բարձրաստիճան դիվանագետի՝ Երևանն ու Բրյուսելը գործընկերության նոր փաստաթղթի շուրջ են աշխատում։

Հովհաննիսյանը, սակայն, չբացահայտեց, թե նոր փաստաթղթում կոնկրետ ինչ առաջնահերթություններ են լինելու: Արտգործնախարարությունում կարծում են, որ այս նոր փաստաթուղթն էլ ավելի է խորացնելու Բրյուսելի ու Երևանի հարաբերությունները։

Հայաստանն ու Եվրամիությունն ուղիղ մեկ տարի առաջ էին հայտարարել, որ աշխատանքներ են սկսում ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ՝ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ՝ առանց այլ հստակ մանրամասների։ Բրյուսելից միայն ընդգծել էին, թե նոր օրակարգը Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացին չի առնչվում։

XS
SM
MD
LG