Անցած ամիս ձերբալակված, ապա էլեկտրոնային թևնոցով տանը վարչական հսկողության տակ գտնվող Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Արսեն Կարոյանը երեկ բանտ է տեղափոխվել:
Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները հենց սկզբում պահանջել էին, որ Արսեն Կարոյանը կալանավորվի, բայց դատարանն այդ միջնորդությունը մերժել էր: Դրանից հետո գործը հսկող դատախազը վերաքննիչ էր դիմել ու պահանջել, որ պաշտոնյայի խափանման միջոցը փոխվի, այս միջնորդությունն արդեն երեկ երեկոյան բավարարվել է:
Պաշտոնեական դիրքի չարաշահման ու 23 միլիոն դրամի վնաս հասցնելու մեջ մեղադրվող պաշտոնյայի փաստաբան Պետրոս Պետրոսյանը պնդում է՝ հիմնավորումները, թե ազատության մեջ մնալով Կարոյանը կխոչընդոտի գործին, անհիմն են:
«Այն անձինք, որոնք իր մեղադրանքի մեջ նկարագրված են, այս պահին գտնվում են կալանքի տակ, այն անձինք, որոնց վերաբերյալ մտավախություն ունի վարույթն իրականացնող մարմինը, չի կոնկրետացնում: Մենք վերաքննիչ դատարանին ներկայացրել էինք՝ Կարոյանի նկատմամբ ընտրված է խափանման միջոց, վարչական հսկողություն, գրավ, բացակայելու արգելք: Քննիչը նաև իր նախաձեռնությամբ պաշտոնավարումը կասեցրել է, առհասարակ շփումները գործով անցնող անձանց հետ սահմանափակված են, այդ ինչպե՞ս պետք է անօրինական ազդեցություն դրսևորի», - հարցնում է նա:
Կարոյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, իսկ գործն առնչվում է կաշառք տալուն ու ստանալուն: Կոմունալ վարչության պետից բացի, կալանքի տակ են նաև քաղաքապետարանի ևս երկու գործող պաշտոնյա՝ հասարակական կարգի պահպանության ղեկավար Արամ Գյուլզադյանն ու հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Միքայել Ղիմոյանը: Նրանց փաստաբանների հետ կապ հաստատել չի հաջողվում:
Իսկ կոմունալ վարչության պետի փաստաբան Պետրոս Պետրոսյանը միայն իր պաշտպանյալին առնչվող դրվագն է մանրամասնում: Նրա խոսքով՝ Արաբկիրի նորակառույցներից մեկում հոսանք անցկացնելու համար ճանապարհի մոտավորապես 400-500 մետր հատված պետք էր քանդել: Կարոյանը մի քանի անգամ մերժել, հետո հաստատել է քանդման աշխատանքները սկսելու այս թույլտվությունը: Ասում է՝ սկզբում մերժել է, որ հնարավորություն տա օրինական այլ ճանապարհ գտնել, որ ավելի քիչ ասֆալտ քանդվի, իսկ հետո հաստատել է, քանի որ այլևս այլընտրանք չի եղել:
Փաստաբանը պնդում է՝ քննիչները դատարանում չեն կարողացել բացատրել՝ մերժելն է քրեորեն պատժելի, թե հաստատելը, ըստ նրա՝ պարզ չէ նաև, թե կոնկրետ ում է ենթադրյալ 23 միլիոն դրամի վնաս հասցրել Կարոյանը: Փաստաբանը տարակուսելի է համարում նաև քննիչների ու գործը հսկող դատախազի այն պնդումը, թե այս գործը դեռ սկզբնական փուլում է: Ասում է՝ վարույթը նախաձեռնվել է նախորդ տարվա սեպտեմբերին, 8 ամիս անց ինչպե՞ս է դեռ սկզբնական փուլում, որ ըստ դրա են պնդում՝ ազատության մեջ Կարոյանը կխոչընդոտեր գործին. «Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից հայտնի շատ որոշումներ կան, որ ժամանակի ընթացքում թեկուզ ամենածանր հանցանքների, խոսքը սրան չի վերաբերում, ժամանակի ընթացքում այդ հանգամանքներն այն աստիճանի են նվազում, որ կալանքը կիրառելի չէ, այդ թվում նաև սկզբնական փուլի վերաբերյալ կա վճռաբեկ դատարանի հայտնի որոշում: Այո, կարող է որոշակի մտավախություն լինի, բայց ժամանակի ընթացքում այդ մտավախությունները նվազում են, որն էլ հենց Հակակոռուպցիոն դատարանը իր որոշման մեջ փաստել էր»:
Այս գործի շրջանակներում 12 մեղադրյալ կա: Կալանքի տակ են հինգը, նրանցից երեքը քաղաքապետարանի գործող պաշտոնյաներ են, երկուսը՝ նախկին: Մյուսների շարքում ենթադրաբար կաշառք տվողներն ու օժանդակողներն են: