Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ է քրգործ հարուցվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյայի նկատմամբ. փաստաբանը մանրամասներ է պատմում


Հակակոռուպցիոն կոմիտեն ո՞ւմ բողոքով է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանի նկատմամբ: Փաստաբան Վահագն Հակոբյանն ասում է՝ ըստ մեղադրանքի, Կարոյանի ենթադրյալ գործողությունների հետևանքով շուրջ 23 միլիոն դրամի վնաս է հասցվել:

Ո՞վ է տուժել, ո՞վ է բողոքել, փաստաբանն «Ազատության»-ն ասում է՝ արդեն 5 օր է չունեն այս հարցերի պատասխանները. - «Տուժող կողմ գոյություն չունի, բայց եթե իրականում որևէ մեկին վնաս չի պատճառվել, մենք ո՞նց կարանք խոսենք տուժող կողմի մասին»:

Հակակոռուպցիոն կոմիտեն դատարան էր դիմել, որ մարտի 4-ին ձերբակալված Կարոյանը կալանքը բանտում կրի, բայց դատարանը մերժել է այդ միջնորդությունն ու գրավի ու չբացակայելու ստորագրության դիմաց վարչական հսկողություն սահմանել: Սա նշանակում է, որ իրավապահները հետևում են նրա քայլերին:

Փաստաբան Վահագն Հակոբյանը մանրամասներ պատմեց այս գործից: Ասաց՝ 2024 թվականի ընթացքում ՀԷՑ-ը պետք է հոսանք մատակարարեր երևանյան նորակառույցներից մեկին, բայց Կարոյանը երկու անգամ մերժել է դրա թույլտվությունն ու միայն 3-րդ անգամ՝ հաստատել: Փաստաբանի խոսքով՝ այդ շենք հոսանք հասցնելու համար ՀԷՑ-ը պետք է մոտ 4-500 մետր ճանապարհ քանդեր, Կարոյանը մերժել է, որ ՀԷՑ-ը միացման ավելի մոտ կետից հոսանք անցկացնի ու ավելի քիչ ճանապարհ քանդի:

«Ի սկզբանե չի համաձայնել, որովհետև ՀԷՑ-ն, ամենայն հավանականությամբ, հնարավորություն է ունեցել ավելի մոտ տարածքից ապահովի հոսանքը, որի պարագայում 500 կմ ճանապարհը չէր քանդվի: Դա է եղել մերժումների պատճառը, ի վերջո, ՀԷՑ-ը չի կարողացել կազմակերպել ավելի մոտ տարածքից հոսանք մատակարարելը, թույլտվություն ստացել է: Վերջում հաստատվել է, եթե վերջում արդեն շենքը կառուցված է եղել, բնականաբար, որևէ տեղ բնակիչները չեն կարող մնալ առանց հոսանքի», - ներկայացրեց Վահագն Հակոբյանը:

«Սա Երևանում առաջին դեպքը չէ,- ասաց փաստաբանը՝ նշելով. - նախադեպեր եղել են, որ առաջին անգամը մերժել են ու ՀԷՑ-ը այլընտրանքային աղբյուր է գտել, ավելի մոտ տարածքից մատակարարել ու ճանապարհները չի քանդել, մերժումը ծառայել է իր նպատակին»:

Հակոբյանի պնդմամբ՝ քննիչներն այդպես էլ չեն բացատրել, թե Կարոյանի որ գործողությունն է հակաիրավական եղել՝ 2 անգամ մերժելը, թե՞ վերջում հաստատելը: Ըստ փաստաբանի՝ ՀԷՑ-ն էլ այդ ընթացքում ֆինանսական վնաս չի կրել. - «ՀԷՑ-ը էդ 4-500 մետր հոսանքն անցկացնելու համար պետական տուրք է վճարել, էդ վճարված գումարն իրենք համարում են որպես վնաս: Բայց այդ գումարը որևէ տեղ չի կորել, եթե ՀԷՑ-ը մի օր որոշի, որ այդ հոսանքը չի անցկացնում, իր վճարած գումարը կարա հաջորդ օրը գնա հետ ստանա»:

ՀԷՑ-ը տուժե՞լ է, թե՞ չի տուժել, այս հարցի պատասխանն այսօր չկարողացանք ՀԷՑ-ից ստանալ:

Վերջին երկու ամսում Երևանի քաղաքապետարանի արդեն 3-րդ պաշտոնյան է մեղադրվում կաշառք ստանալու կամ պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածներով: Այս նույն գործի շրջանակներում ավելի վաղ կալանավորվել էին Երևանի քաղաքապետարանի ներկայիս երկու պաշտոնյաներ՝ հասարակական կարգի պահպանության ղեկավար Արամ Գյուլզադյանն ու հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Միքայել Ղիմոյանը: Մյուս երկու կալանավորվածները քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներ են: Գործող պաշտոնյաներն աշխատանքից ազատված չեն:

Եթե դատարանը հաստատի մեղադրանքը, ապա Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը կարող է պատժվել տուգանքից մինչև 7 տարի պաշտոն զբաղեցնելու արգելքով, կամ գուցե ազատազրկվի 2 ամսից մինչև 4 տարի ժամկետով:

Կարոյանն, ի դեպ, ներկա էր յուրաքանչյուր երկուշաբթի ուղիղ եթերով հեռարձակվող քաղաքապետարանի գործակարգավարականի գրեթե բոլոր նիստերին: Այսօր այդ նիստը չկայացավ, քաղաքապետարանից փոխանցում են՝ օրն է տեղափոխվել, բայց թե ինչո՞ւ, արդյոք կալանավորված պաշտոնյաների բացակայությո՞ւնն է պատճառը, բացատրություն չկա:

XS
SM
MD
LG