Վերջին երկու ամսում Երևանի քաղաքապետարանի արդեն 3-րդ պաշտոնյան է մեղադրվում կաշառք ստանալու կամ պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածներով: Երեկ ձերբակալվել էր կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը: Հակակոռուպցիոն կոմիտեն առայժմ այս գործի վերաբերյալ մանրամասներ չի փոխանցում:
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է. «Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից երեկ ձերբակալված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել, վերջինիս նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն, գրավ և չբացակայելու արգելք»։
Արսեն Կարոյանը 2020-ի փետրվարին է նշանակվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ։ Նրա փաստաբան Վահագն Հակոբյանն «Ազատությանն» ասաց՝ դատարանը մերժել է Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը, այն է՝ կալանավորել իր վստահորդին: Պաշտոնյան, ըստ փաստաբանի՝ չի ընդունում իրեն առաջադրված պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքը: «Կոնկրետ ո՞ր գործողություններն են քննիչները համարել պաշտոնեական լիազորությունների չարաշահում, այդպես էլ չհասկացանք», - ասաց փաստաբանը:
«Խոսքը վերաբերում է նրան, որ ՀԷՑ-ն ինչ-որ հատ հասցեում պետք է հոսանք մատակարարեր ու այդ պրոցեսը դանդաղել է: Այսինքն՝ երեք անգամ մերժվել է, հիմնավորված է մերժվել, 4-րդ անգամ բավարարվել է: Հիմա նույնիսկ վարույթն իրականացնող մարմինը չի հասկանում, թե առաջին 3 մերժումներն են եղել հիմնավոր, թե վերջին բավարարումը, էնքան մեծ է անհստակությունը, որ անգամ Քննիչը էդ հարցին չի կարողանում պատասխանել», - նշեց Վահագն Հակոբյանը:
Անցած ամիս այս նույն գործի շրջանակներում չորս մարդ էր կալանավորվել, նրանցից 2-ը Երևանի քաղաքապետարանի գործող, մյուս երկուսը՝ նախկին պաշտոնյաներ են: «Ազատության» տեղեկություններով՝ նրանք նույնպես մեղադրվում են կաշառք ստանալու, տալու և օժանդակելու համար:
Հակակոռուպցիոն կոմիտեն նրանց դեպքում էլ մանրամասներ չի հայտնում՝ հղում անելով նախաքննության գաղտնիությանը: Բայց «Ազատությանը» հայտնի էր, որ կոռուպցիոն այս գործի շրջանակներում ընդհանուր առմամբ 11 մեղադրյալ կար, երեկ ձերբակալված, բայց այսօրվանից վարչական հսկողության տակ գտնվող Կարոյանն արդեն 12-րդն է: Մեղադրյալներից չորսը կալանքի տակ է:
Երևանի քաղաքապետարանում ու թաղապետարաններում վերջին շրջանում էլի՛ ձերբակալություններ են եղել: Մոտ 4 ամիս առաջ իրավապահները Կենտրոնի թաղապետարանում էին, չորս հոգու էին կալանավորել՝ պաշտոնատար անձանց կողմից խմբով կաշառք ստանալու և քաղաքացու կողմից կաշառք տալու մեղադրանքով: Դրանից առաջ էլ քննիչները Արաբկիրի թաղապետարանից բերման էին ենթարկել վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանին: Արդեն ինն ամիս բանտում գտնվող Ազատյանը մեղադրվում է կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով, մեղադրանքը չի ընդունում:
Այս գործով ևս 12 մեղադրյալ կա, բացի Արաբկիրի թաղապետից, մյուսներն ազատության մեջ են: Արաբկիրի թաղապետարանի պաշտոնյաների գործն արդեն դատարանում է: