Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա է այսօր ձերբակալվել, հայտնում է քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը: Նրա նախորդմամբ՝ պաշտոնյան ձերբակալվել է դեռևս նախորդ ամիս քաղաքապետարանի պաշտոնյաների ձերբակալության նույն գործի շրջանակում:
Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» հաստատեցին, որ քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա է ձերբակալվել նույն քրեական գործի շրջանակներում:
«Ազատության» տեղեկություններով՝ ձերբակալված պաշտոնյան Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանն է: Հակակոռուպցիոն կոմիետեից ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում են այս տեղեկությունը:
Արսեն Կարոյանը 2020թ. փետրվարին նշանակվել է աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ: Մինչ այդ աշխատել է «Յունիքիմ» ՍՊԸ-ում:
Ավելի վաղ կալանավորվել էին Երևանի քաղաքապետարանի ներկայիս երկու պաշտոնյաներ՝ հասարակական կարգի պահպանության ղեկավար Արամ Գյուլզադյանն ու հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Միքայել Ղիմոյանը: Մյուս երկու կալանավորվածները քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներ են՝ Ռոբերտ Դարբինյանը քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունն է ղեկավարել, իսկ Արամ Այվազյանը նրա տեղակալն էր:
«Ազատության» տեղեկություններով՝ նրանք մեղադրվում են կաշառք ստանալու, տալու և օժանդակելու մեջ:
Քաղաքապետարանում ու վարչական շրջաններում վերջին շրջանում էլի ձերբակալություններ են եղել: Մոտ 3 ամիս առաջ իրավապահները Կենտրոնի թաղապետարանում էին, չորս հոգու էին կալանավորել՝ պաշտոնատար անձանց կողմից խմբով կաշառք ստանալու և քաղաքացու կողմից կաշառք տալու մեղադրանքով: Դրանից առաջ էլ քննիչները Արաբկիրի թաղապետարանից բերման էին ենթարկել վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանին, ըստ նախաքննական մարմնի՝ նա մեղադրվում է կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով, մեղադրանքը չի ընդունում: Այս գործով ևս 12 մեղադրյալ կա, բայց նրանք բոլորն արդեն ազատության մեջ են, իսկ Արաբկիրի թաղապետն արդեն 8 ամիս է, ինչ բանտում է: Այս գործն արդեն դատարանում է: