Կալանավորվել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Արսեն Կարոյանը։ Լուրն «Ազատության»-ը փոխանցել է Կարոյանի փաստաբան Պետրոս Պետրոսյանը։
Պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով մեղադրվող Կարոյանը նախ ձերբակալվել էր, երբ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները մտել էին քաղաքապետարան: Քննիչները դատարանից պահանջել էին բանտ ուղարկել Կարոյանին, բայց դատավորը մերժել էր այդ միջնորդությունն ու գրավի դիմաց նրան ազատ արձակել դահլիճից:
Կարոյանը դեռ գործող պաշտոնյա է, աշխատանքից ազատված չէ, բայց աշխատանքի չէր կարող գնալ, իրավապահներն էլեկտրոնային թևնոցի միջոցով հսկում էին Կարոյանի շարժը, այսինքն՝ վարչական հսկողության տակ էր:
Կարոյանին կալանավորելու դատախազի միջնորդությունը դատարանը երեկ երեկոյան է բավարարել ու նա դատարանից տեղափոխվել է բանտ։
Պաշտոնյան, ըստ փաստաբանի՝ չի ընդունում իրեն առաջադրված պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքը:
Պետրոս Պետրոսյանն այն ժամանակ «Ազատության» ասել էր՝ արդեն 23 օր է՝ քննիչները չեն կարողանում ապացուցել, թե իրենց պաշտպանյալի որ արարքն է համարվում պաշտոնեական դիրքի չարաշահում, և ու՞մ է 23 միլիոն դրամի վնաս հասցրել նա: