Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանի պաշտոնյայի փաստաբան. Քննիչները չեն կարողանում ապացուցել, թե Կարոյանի որ արարքն է դիրքի չարաշահում


Երևանի քաղաքապետարանի շենք, արխիվ
Երևանի քաղաքապետարանի շենք, արխիվ

Հակակոռուպցիոն կոմիտեն արդեն 23 օր կալանքի տակ է պահում Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա Արսեն Կարոյանին՝ մեղադրելով նրան պաշտոնեական դիրքի չարաշահման ու 23 միլիոն դրամի վնաս հասցնելու մեջ:

Արաբկիր շրջանի նորակառույցներից մեկում հոսանք անցկացնելու համար ճանապարհի 400-500 մետր հատված պետք էր քանդել: Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը մի քանի անգամ մերժել, հետո հաստատել է քանդման աշխատանքները սկսելու այս թույլտվությունը:

Կարոյանի փաստաբաններից Պետրոս Պետրոսյանն «Ազատությանն» ասաց՝ արդեն 23 օր է՝ քննիչները չեն կարողանում ապացուցել, թե իրենց պաշտպանյալի որ արարքն է համարվում պաշտոնեական դիրքի չարաշահում, և ու՞մ է 23 միլիոն դրամի վնաս հասցրել նա:

«Նախաքննական մարմինը պատասխաններ, բնականաբար, չունի: Նույնիսկ պատասխան հնչեց, թե այս պահին չգիտեն՝ անելն էր ճիշտ այդպիսի մերժումները, թե բավարարումը: Պատասխանը մեծ հաշվով ծիծաղ է առաջացնում: Նախաքննության մարմինը չգիտի, թե Կարոյանի կողմից ներկայացված դիմումները մերժելն էր ճիշտ, թե բավարարելը: Մենք էլ չենք հասկանում՝ որ գործողության համար է մեղադրվում», - ասաց Պետրոս Պետրոսյանը:

Փաստաբանի խոսքով՝ Երևանի կոմունալ վարչության պետը երկու անգամ մերժել է թույլտվությունը՝ հնարավորություն տալով կապալառու ընկերությանը հոսանքի ավելի մոտ աղբյուր գտնել, որ այդ 400-500 մետր ճանապարհը չքանդվի: Պետրոսյանն ասում է՝ այդպիսի հաջողված փորձեր եղել են:

«Հիմա մերժե՞լն է սխալ, թե՞ հաստատելը», ամիսը կավարտվի, բայց փաստաբանները դեռ չունեն այս հարցի պատասխանը: Պետրոս Պետրոսյանը վստահ է՝ այս գործը երկար չի կարող շարունակվել, մեղադրանքն անհիմն է ու անհեթեթ: Հակակոռուպցիոն կոմիտեն էլ ողջ օրն անպատասխան թողեց «Ազատության» զանգերը:

«Նախաքննության մարմինն ասում է՝ քանի որ դու քո քանդման թույլտվությունը որպես վարչության պետ չես համաձայնություն տվել, դրա արդյունքում այս պայմանագիրը մնացել է անկատար, բայց այդ պայմանագիրը կնքվել է դեռ 2021թ., այսինքն՝ չէր կարող պատճառահետևանքային կապի մեջ գտնվել Կարոյանի 2024թ. գործողությունների հետ, և երկրորդը՝ այդ պայմանագիրը մինչև այսօր իրավաբանորեն առկա է, և դրանից բխող գործողությունները կատարվում են», - ասաց փաստաբանը:


Քննիչները դատարանից պահանջել էին բանտ ուղարկել Կարոյանին, բայց դատավորը մերժել է այդ միջնորդությունն ու գրավի դիմաց ազատ արձակել դահլիճից: Նա դեռ գործող պաշտոնյա է, աշխատանքից ազատված չէ, բայց աշխատանքի չի կարող գնալ, իրավապահներն էլեկտրոնային թևնոցի միջոցով հսկում են Կարոյանի շարժը: Կոմունալ բաժնի վարչության պետից բացի, ամիսներ առաջ այս նույն գործի շրջանակներում քաղաքապետարանի ևս երկու պաշտոնյա է կալանավորվել՝ հասարակական կարգի պահպանության ղեկավար Արամ Գյուլզադյանն ու հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Միքայել Ղիմոյանը: «Ազատության» տեղեկություններով՝ նրանք նույնպես մեղադրվում են կաշառք ստանալու, տալու և օժանդակելու համար:

Որքանո՞վ է քաղաքապետ Ավինյանին մտահոգում այն հարցը, որ այս պահին քաղաքապետարանի 3 պաշտոնյա և վարչական շրջանի մեկ ղեկավար է կալանավորված, քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն իր վերջին ճեպազրույցում ընդհանրական պատասխան էր տվել՝ հիմնավոր կասկածների դեպքում իրենք համագործակցում են իրավապահների հետ:

Նախորդ տարի նոյեմբերին էլ իրավապահները Կենտրոնի թաղապետարանից էին 4 հոգու բերման ենթարկել՝ խմբով կաշառք ստանալու և քաղաքացու կողմից կաշառք տալու մեղադրանքով: Դրանից առաջ էլ քննիչները Արաբկիրի թաղապետարանից բերման էին ենթարկել վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանին, որը մինչև հիմա բանտում է: Նա նույնպես մեղադրվում է կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով, մեղադրանքը չի ընդունում:


XS
SM
MD
LG