Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ևս 10 միլիոն եվրոյի ոչ հարձակողական օժանդակության տրամադրումը Եվրոպական խաղաղության հիմնադրամից, որի նպատակն է աջակցել դաշնակիցների պաշտպանությանը։ Ինչպես հաղորդում են «Ազատության» Բրյուսելի աղբյուրները, Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն այդ մասին առաջարկը ներկայացրել է ԵՄ խորհրդին, որն էլ պետք է այն քննարկի առաջիկա շաբաթներին։ Քննարկման կոնկրետ օրը, սակայն, դեռ հստակ չէ։
Առաջարկն ուժի մեջ կմտնի, եթե հավանություն տան Միության անդամ բոլոր 27 երկրերը։ Անցած տարի, օրինակ, Հունգարիան արգելափակել էր այս օգնության տրամադրումը՝ պահանջելով, որ ծրագրում նաև Ադրբեջանը ներառվի։ Շաբաթներ շարունակված դռնփակ բանակցություններից հետո եվրոպացի դիվանագետներին այն ժամանակ հաջողվել էր հաղթահարել Բուդապեշտի դիմակայությունը:
Թե ինչ դիրքորոշում ունեն այս հարցի վերաբերյալ Բուդապեշտն ու մյուս անդամ երկրները հիմա, հստակ չէ։
Հայաստանն անցած տարի առաջին անգամ 10 միլիոն եվրո ստացավ Եվրամիության Խաղաղության հիմնադրամից: «Նպատակն է նպաստել, որ Հայաստանի Զինված ուժերը բարձրացնեն դիմադրողականությունն ու կայունության հաստատմանն ուղղված կարողությունները և դրանով իսկ առավել լավ պաշտպանեն խաղաղ բնակչությանը ճգնաժամերի և արտակարգ պատահարների ժամանակ», - ասված էր դիվանագիտական փաստաթղթերում։
Եվրամիության Խաղաղության հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ աշխարհում հակամարտությունները կանխելու և կարիքավոր երկրներին ոչ մահաբեր զինատեսակներ մատակարարելու համար: