Մատչելիության հղումներ

Ո՛չ լրտեսում ենք, ո՛չ էլ որևէ մեկին վնասում. ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար

Լրացված

Հայաստանում Եվրամիության (ԵՄ) դիտորդական առաքելությունը նշում է իր գործունեության 2-ամյակը, ինչպես նաև առաքելության երկարաձգումը ևս 2 տարով:

Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ասաց, որ այս 2 տարվա ընթացքում ավելի քան 4500 պարեկություն է իրականացվել, և որ նաև այդ բարեկամության շնորհիվ Հայաստանի սահմաններին ավելի քիչ թվով միջադեպեր են արձանագրվել, քան 2 տարի առաջ: Նրա խոսքով՝ սահմանին այժմ ևս իրավիճակը հանգիստ է, բայց նկատում են, որ թե Հայաստանում, թե Ադրբեջանում ամրաշինական աշխատանքներ են տեղի ունենում:

«Ես չեմ կարող ասել, թե կողմերն ինչի են պատրաստվում, բայց երկու կողմն էլ ամրաշինական աշխատանքներ է անում իր դիրքերում, իսկ նպատակի մասին հարցերը կարող եք Հայաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչություններին տալ», - շեշտեց նա:

ԵՄ 100 դիտորդներ Հայաստան էին ժամանել 2 տարի առաջ՝ 2023-ի փետրվարի 20-ին։ Եվրամիության երկրների դեսպանները հունվարի 29-ին Բրյուսելում հավանություն տվեցին Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի ՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանից հնչող մեղադրանքներին, թե ԵՄ դիտորդական առաքելությունը «լրտեսական» գործունեություն է իրականացնում, և այդ գործունեությունը «չի նպաստում» խաղաղության հաստատմանը, Մարկոսը Ռիտերն ընդգծեց՝ իրենց գործունեությունը թափանցիկ է, լրտեսություն չեն իրականացնում:

«Իհարկե, Բրյուսելում էլ գիտեն, որ Ադրբեջանն այնքան էլ երջանիկ չէ մեր ներկայությունից: Ես կարող եմ միայն ասել, որ մենք հետևում ենք սահմանի իրավիճակին: Մենք չենք լրտեսում, դիտարկում ենք, թե ինչ են անում երկու կողմերը, պատկեր ենք ստանում դրանից ու Բրյուսելին զեկուցում, ո՛չ լրտեսում ենք, ո՛չ էլ որևէ մեկին վնասում», - հայտարարեց նա:

Այստեղ ներկա են նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը, բազմաթիվ երկրների դեսպաններ, այդ թվում՝ ԵՄ դեսպանը: Վասիլիս Մարագոսը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ փուլում են գտնվում ԵՄ-ի հետ գործընկերության նոր փաստաթղթի բանակցությունները, և ե՞րբ է հնարավոր դրա ստորագրումը, նշեց, որ կարծես թե ամենաուշը աշնանը պետք է այդ փաստաթուղթը ստորագրված լինի:

«Գործընկերության նոր օրակարգը կբերի որոշ նոր տարրեր, որոնք չկային Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ժամանակ», - ասաց ԵՄ դեսպանը:

Դեսպանը նշեց, որ վիզաների ազատականացման հարցում ևս մոտ ապագայում սպասվում է առաջընթաց:

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG